- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Հոկտեմբեր 01, 2022 | 10:43
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ավիաընկերությունում առկա թափուր հաստիքները՝ ԵՊՀ ուսանողների համար ստեղծելով աշխատանքի նոր հնարավորություններ։
Ավիաընկերության ներկայացուցիչները խոսեցին ուսանողների կարիերայի աճի հնարավորություններից, ապա անցկացրին հարցազրույց այն ուսանողների հետ, որոնք ցանկանում են աշխատել «Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերությունում որպես ուղեկցորդ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, խոսելով ավիաընկերության հետ համագործակցության կարևորությունից, վստահեցրեց, որ կենտրոնն ուսանողներին հնարավորություն է տալիս փորձելու իրենց ուժերը տարբեր ոլորտներում: Այդպիսով նրանք ավելի հեշտ կկողմնորոշվեն աշխատանքի ընտրության հարցում, կկարողանան ճիշտ գնահատել իրենց կարողություններն ու կարիերա ստեղծելու հնարավորությունները:
«Ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մեր ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնելու և աշխատելու: Խորհուրդ եմ տալիս հետևելու ավիաընկերությունում առկա թափուր աշխատատեղերի հետ կապված մեր բոլոր հայտարարություններին, քանզի մեր համագործակցությունը շարունակական է լինելու։ Մենք միշտ փորձում ենք մեր ուսանողների համար ստեղծել նոր հնարավորություններ»,- ասաց Կ. Նազարյանը:
«Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Ագնեսա Ստեփանյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ երիտասարդ ու ակտիվ զարգացող ընկերությունում միշտ կա որակյալ կադրերի կարիք:
Ա. Ստեփանյանը, անդրադառնալով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցություն սկսելու որոշմանը, նշեց․ «Համալսարանն ուսանողներին տալիս է տեսական և գործնական այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ավիաընկերությունում աշխատելու համար»:
Ա. Ստեփանյանի խոսքով՝ համագործակցության շրջանակում կկազմակերպվեն այցեր ավիաընկերություն, կանցկացվեն գործնական պարապմունքներ, որպեսզի ապագա աշխատակիցները ծանոթանան աշխատանքի բնույթին:
«Ուղեկցորդի աշխատանքի համար բոլորովին պարտադիր չէ ունենալ աշխատանքնային փորձ, քանի որ մենք կատարում ենք անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կազմակերպելով դասընթացներ, գործուղումներ՝ դեպի տարբեր երկրներ ու քաղաքներ, որտեղ նրանք հանձնում են քննություններ, կատարում փորձնական թռիչքներ փորձառու ուղեկցորդների հետ և անցնում աշխատանքի»,- ասաց Ա. Ստեփանյանը:
ԵՊՀ ուսանող Էմմա Հարությունյանի խոսքով՝ իրեն մշտապես հետաքրքրել է ուղեկցորդի աշխատանքը և ցանկացել է աշխատել այդ մասնագիտությամբ:
«Նոր ծանոթություններ, ճամփորդություն ու աշխարհաճանաչողություն․ սա այն ամենն է, ինչն ինձ համար երանելի ու հետաքրքիր է: Տիրապետելով օտար լեզուների և լինելով արկածախնդիր անձնավորություն՝ հույս ունեմ՝ իմ երազանքը կիրականանա: ԵՊՀ-ն մշտապես վճռորոշ դեր է ունեցել իմ երազանքների իրականացման ճանապարհին»,- ընդգծեց ԵՊՀ ուսանողը։
Համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հետաքրքրված լինելով «Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերության աշխատանքի առաջարկով, հանդիպման վերջում ուղղեցին իրենց հարցերը ընկերության ներկայացուցիչներին, որից հետո մասնակցեցին հարցազրույցի և ավիաընկերությանը փոխանցեցին իրենց տվյալները:
Նշենք, որ ԵՊՀ բոլոր այն ուսանողները, որոնց հետաքրքրում է ավիաընկերության առաջարկած աշխատանքը, կարող են դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն: