- Գլխավոր
- Նորություններ
- ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՐՉՈՒՄ, ԱՅԼ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՍ ՈՒ ԴԱՍԱԳԻՐՔ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 20, 2019 | 18:20
ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՐՉՈՒՄ, ԱՅԼ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՍ ՈՒ ԴԱՍԱԳԻՐՔ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան լսարանում այսօր տեղի է ունեցավ գրող, հրապարակախոս, ռադիոլրագրող, Ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» բազմահատոր պատմավավերագրական, գեղարվեստական մատենաշարի 12-րդ հատորի շնորհանդեսը:
Շնորհանդեսը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Այս հատորում Գոհար Մարտիկյանը անդրադարձել է Արարատի մարզին և մարզի 94 հերոսներին, որոնք մարտնչել են հանուն հայրենիքի և հանուն տեսակի պահպանման:
Միջոցառումը սկսվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների կողմից պատրաստած տեսանյութով, որի միջոցով ներկայացվեց Գոհար Մարտիկյանի կենսագրությունն ու ստեղծագործական գործունեությունը:
Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան , դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը, որը բարձր գնահատեց Գոհար Մարտիկյանի ծավալած գործունեությունը:
«Գոհար Մարտիկյանը գտել է ապրելու բանաձևը սերունդներին փոխանցելու ճիշտ կերպը, ինչի համար հարգանքի է արժանի»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը,- «ամեն անգամ Արցախյան հերոսամարտի մասին խոսելիս ինձ մեղավոր եմ զգում, որովհետև այդ պատերազմում զոհվեցին ինձ հասակակից, ինձ համար շատ թանկ մարդիկ, և պարտավորության զգացում է ՝ շարունակելու այն վեհ գործը, որն իրենք էին սկսել»:
Նաղաշ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հենց այդ գործը շարունակելու հարցում է, որ Գոհար Մարտիկյանի տեսակն անգնահատելի է:
«Ես հաճախ եմ խոսում իմ ուսանողների հետ «Ապրելու բանաձև» հաղորդաշարի մասին և փորձելով սահմանել Գոհար Մարտիկյանի անձը՝ ես այն եզրահանգմանն եմ, որ Գոհար Մարտիկյանն ասացող է, վարքագիր և նաև «մարդ-խարիսխ», որն իր տեսակով թույլ չի տալիս նավին խորտակվել»,-ասաց դեկանը:
Ելույթի վերջում Նաղաշ Մարտիրոսյանը խոսեց նաև օրվա խորհրդի՝ Երջանկության միջազգային օրվա մասին՝ նշելով, որ մեր սերունդն արդեն իսկ երջանիկ է՝ լինելով տիկին Մարտիկյանի ժամանակիցը:
Գոհար Մարտիկյանի կատարած աշխատանքի մասին խոսեց նաև Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը:
«Գոհար Մարտիկյանը Հանրային ռադիոյի ամենաերկարակյաց հաղորդումներից մեկի հեղինակն է»,- նշեց Մուշեղ Հովսեփյանը,- «այս տարի լրանում է տիկին Մարտիկյանի՝ Հանրային ռադիոյում աշխատելու 50-ամյակը: Կես դար է, ինչ նա ներկայացանում է մեր հերոսների կերպարները՝ արդեն 1200 հերոսի կերպարակերտում, և նա մեզ խոսք է տվել, որ այս շարքը կշարունակի »:
Մուշեղ Հովսեփյանի խոսքերով, Գոհար Մարտիկյանին հաջողվեց մեր հերոսների վրայից մաքրել մոռացության փոշին և նրանց նորովի ներկայացնել:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասիստենտ Դավիթ Սարգսյանն էլ պատմեց, որ Գոհար Մարտիկյանին վաղուց է ճանաչում, նա իր առաջին խմբագիրն է եղել:
«Ես Գոհար Մարտիկյանից շատ բան եմ սովորել, այդ թվում նաև ակնարկներ գրել և կցանկանամ առանձնահատուկ նշել, որ նա այն սակավաթիվ հեղինակներից է, որը մեր հերոսների կյանքն ու ուղին կարողանում է ներկայացանել առանց ավելորդ պաթոսի և դեպրեսիայի»,- նշեց Դավիթ Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հանրապետական խորհրդի համակարգող Երանուհի Կարապետյանը, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:
Հեղինակի գրքից հատվածներ ընթերցեց Անահիտ Նավասարդյանը:
Անի Պողոսյան