- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ «ԳՐԱՆ ՊՐԻ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Մարտ 29, 2019 | 16:52
Մշակույթ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ «ԳՐԱՆ ՊՐԻ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում մարտի 28-ին տեղի է ունեցել ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական մրցույթ-փառատոնը։
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ փառատոնի կազմակերպումն ավանդույթ է դարձել 2009 թվականից։
Այս տարի ավանդական երգի փառատոնը տարբերվում էր նախորդներից. այն նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին, և բոլոր կատարումները հայազգի շանսոնեի երգապնակից էին:
Ժյուրիի կազմում էին հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, կոմպոզիտոր Կարեն Անանյանը, ՀՌՀ (Հայ-ռուսական համալսարան) մեդիա, գովազդ և կինո ինստիտուտի տնօրեն Նինա Կևորկովան, ՀՌՀ մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը:
Ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական մրցույթում հաղթանակի համար պայքարում էին ԵՊՀ-ն, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ֆրանսիական, Հայաստանի ամերիկյան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Շիրակի պետական համալսարանները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Նշենք, որ փառատոնի պատվավոր հյուրն էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, որը խոստացավ մյուս անգամ երգել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ։
ԵՊՀ մշակույթի կենտրոնի 15 հոգուց բաղկացած երգչախումբն ամենամյա մրցույթում կատարեց «Ave Maria» երգը:
Ժյուրիի միաձայն որոշմամբ, համալսարանականները դարձան «գրան պրի»-ի մրցանակակիր, իսկ «Լավագույն բեմական կեցվածք» տիտղոսը շնորհվեց Մերի Խաչատրյանին:
Վերջինս ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքով, միջբուհական մրցակցությունը թեժ էր, սակայն իրենց հաջողվեց հաղթահարել հաջողության հասնելու խոչընդոտները. «Մեզ համար անսպասելի էր, բայց մենք հավատում էինք հաղթանակին: Կարծում եմ՝ հաղթանակի գրավականներից մեկը Շառլ Ազնավուրի հանդեպ ունեցած սերն էր, որը մեր սաները փոխանցեցին երգի լավագույն կատարմամբ»:
Անգին Խաչատրյան