- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ». ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ՝ԲԻԶՆԵՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փետրվար 13, 2019 | 17:47
Հասարակություն
«ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ». ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ՝ԲԻԶՆԵՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՈՒԳԸ-ի և «Միացյալ հայ կամավորների լիգա» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Գաղափարներից բիզնես» խորագրով տեսագործնական երկօրյա սեմինարը։
Գաղափարը բիզնես դարձնելու գործողությունների մասին պատմող երկօրյա սեմինարի առաջին օրը մասնակիցները ծանոթացան, թե որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց հանգում են բիզնես ստեղծելու ճանապարհին, ինչպես պետք է մշակել ճանապարհային ճիշտ քարտեզ, և թե ինչ է անհրաժեշտ ծրագիրը սկսելու և ավարտին հասցնելու համար:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցն ասաց, որ սեմինարի երկրորդ օրը նախատեսվում է անցկացնել աշխատաժողով, որի ընթացքում քննարկվելու են մասնակիցների գաղափարները և նրանց ներկայացրած նախագծերը: Ի դեպ, ՈՒԳԸ նախագահը փաստեց, որ մասնակիցների շարքերում ոչ միայն ուսանողներ են, այլև ավագ դպրոցների աշակերտներ:
«Միացյալ հայ կամավորների լիգա» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Միքայելյանը սեմինարի ընթացքում պարզաբանեց, որ գաղափարը բիզնես դարձնելու ճանապարհին հանդիպող հիմնական դժվարություններից է ֆինանսական միջոցների բացակայությունը, որը լուծելու համար բանախոսը խորհուրդ տվեց մասնակցել ոլորտին առնչվող միջոցառումներին, ընդլայնել ծանոթությունների շրջանակը և ներդրողներ գտնել:
Գաղափարը բիզնես դարձնելու համար, Էլեն Մարգարյանի հավաստմամբ, պետք է լավ թիմ ունենալ. «Գտեք մարդկանց, որոնք խանդավառությամբ կմոտենան գործին, և խնդիրները լուծելիս ձեզ նման կմտածեն»:
Բանախոսը նշեց, որ բիզնես ստեղծելիս պետք է ամբողջությամբ նվիրվել դրան, այսինքն՝ միայն ազատ ժամանակը չհատկացնել գաղափարի իրագործմանը. «Ձեզ մոտ հարց կառաջանա, թե արժե՞ արդյոք թողնել հիմնական գործը և զբաղվել բիզնեսով: Վստահեցնում եմ՝ այդ հարցի պատասխանը ձեզ ոչ մի սեմինարի ժամանակ չի տրվելու, այն ինքներդ պետք է գտնեք»:
Էլեն Մարգարյանը սեմինարի մասնակիցներին խորհուրդ տվեց նախքան գաղափարը բիզնեսի վերածելը՝ ուսումնասիրել, թե աշխարհում ինչ նախագծեր կան տվյալ ոլորտում, եթե դրանք հաջողված են, ապա հասկանալ, թե ինչ ճանապարհ են անցել. «Եթե նույնիսկ աշխարհում արդեն կա հաջողված նախագիծ, որի գաղափարը ծնվել է նաև ձեզ մոտ, ոչ մի դեպքում մի վախեցեք մրցակիցներից և հավատացեք ինքներդ ձեզ: Հիշեք, որ բոլորը սկսել են նույն հարթակից: Եթե հաջողել են նրանք, կհաջողեք նաև դուք, եթե ոչ, ապա դուք կլինեք առաջինը»:
Որպեսզի բիզնեսը հաջողություն ունենա, բանախոսի հավաստմամբ, այն պետք է որևէ խնդիր լուծի. «Սա բիզնեսի կարևոր նախապայմաններից մեկն է: Բիզնեսի հաջողության գրավականներից է նաև շուկայի ուսումնասիրությունը, ռիսկերի գնահատումը, այսինքն՝ ճիշտ բիզնես նախագիծը. «Շատ ստարտափներ ձախողվել են, որովհետև ճիշտ չեն հաշվարկել իրենց քայլերը և սխալ բիզնես նախագիծ են կազմել»:
Էլեն Մարգարյանը սեմինարի մասնակիցներին խորհուրդ տվեց բիզնեսի ստեղծման ճանապարհին կենտրոնանալ գաղափարի որակի վրա, այլ ոչ թե ֆինանսական եկամուտ ստանալու. «Եթե դուք որակյալ ապրանք կամ ծառայություն մատուցեք, գումարներն անպայման կգան ձեզ մոտ»:
Քնար Միսակյան