- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԲԵՄՆ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՎԵՍՏ ԵՄ ՓՆՏՐԵԼ ԱՄԵՆՈՒՐ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ
Ապրիլ 08, 2019 | 14:58
Ուսանողական
«ԵՐԲԵՄՆ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՎԵՍՏ ԵՄ ՓՆՏՐԵԼ ԱՄԵՆՈՒՐ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս Գեղամ Ասատրյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով զբաղեցրել է առաջին տեղը:
ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
Գեղամը մեզ հետ զրույցում պատմում է իր ձեռքբերումների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ՀՀ լավագույն ուսանող» մրցանակին վերաբերում եմ իբրև հերթական հաջողություն, որով պետք է ուրախանալ առավելագույնը մեկ շաբաթ: Մի առիթով Գաբրիել Գարսիա Մարկեսին հարցնում են՝ ինչու իր լավագույն ստեղծագործությունների մասին խոսելիս երբևէ չի առանձնացնում «Հարյուր տարվա մենությունը», որը շատ քննադատների կարծիքով, Մարկեսի ստեղծագործական գագաթնակետն է: Մարկեսը պատասխանում է, որ մի պահ անգամ պատրաստ է եղել ոչնչացնել վեպը, որովհետև այն իրեն տվել է մեծ փառք, իսկ փառքը միշտ աղավաղում է իրականության զգացումը: Գրողի այս տողերը միշտ դաս և ուղեցույց են ինձ համար: Ուստի հավերժ հիշելով Մարկեսի այդ խոսքերը՝ կարծում եմ՝ եթե պիտի որևէ մրցանակ տվյալ անձին ստիպի կանգ առնել, այլևս չպայքարել, չմրցակցել, մոտիվացիա չունենալ, ուրեմն նա այնքան էլ արժանի չէ դրան:
Իմ մասնագիտությունն ինձ շատ բան է տվել, երբեմն այնքան շատ, որ նույնիսկ խանգարել է: Ամեն մարդու վիճակված չէ դառնալ այնպիսի ոլորտի մասնագետ, որը, ըստ էության, մշտապես գեղեցիկի հետ հարաբերվելու մեջ է: Տեսնելով հայ և համաշխարհային արվեստի բազմաթիվ սքանչելի նմուշներ, իմանալով դրանց ստեղծման պատմությունը կամ դրանց նշանակությունը քաղաքակրթության զարգացման վրա՝ սկսում ես կյանքում էլ ամեն ինչի մեջ գեղեցիկը կամ արվեստը փնտրել: Սրա համար եմ ասում, որ իմ մասնագիտությունն ինձ երբեմն այնքան շատ բան է տվել, որ նույնիսկ խանգարել է. երբեմն չափից դուրս արվեստ եմ փնտրել ամենուր, որը վատ հետևանք է թողել ինձ վրա կամ գցել է կախվածության մեջ: Այդպիսի օրինակներից են իմ գրադարակում դրված մի քանի գրքեր, որոնց կողքով ամեն անգամ անցնելիս վախենում եմ, որ նորից կընկնեմ կախվածության մեջ, ինչպես թմրամոլը՝ թմրանյութից, իմ սենյակի պատին կախված մի նկար և այլն: Դրանցից են Ա. Դյումայի ‹‹Կամելիազարդ տիկինը›› և Ե. Չարենցի «Հին Նավզիկե» ստեղծագործությունները, Էդգար Դեգայի մի քանի կտավ, Արթուր Մեսչյանի ‹‹Օրերը›› և այլն …
ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին ընդունվել եմ 2013 թ., իսկ 2017 թվականին ստացել եմ արվեստաբանի բակալավրի որակավորում:
Իմ ընդունվելու ժամանակահատվածում բուհ ընդունվելն այդքան էլ հեշտ չէր, հատկապես՝ անվճար: Նպատակ էի դրել ընդունվել անվճար և տատանվում էի երկու մասնագիտության ընտրության հարցում. առաջինը ԵՊՀ պատմության ֆակուլտետն էր (համապատասխան բաժիններով՝ Պատմություն կամ Արվեստաբանություն), մյուսը՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը: Ի վերջո, ընտրեցի Պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը, փառք Աստծո, որ այդպես եղավ, որովհետև այժմ արդեն չէի ցանկանա քաղաքականությամբ զբաղվելու փաստը՝ համատեղվեր քաղաքագետի մասնագիտության հետ:
Չեմ սիրում, որ քաղաքական գործընթացներին տրվում են ամպագոռգոռ գնահատականներ, որովհետև քաղաքականությունն էլ արվեստի պես մի բան է, թեև մի փոքր տգեղ, և շատ բաներ, որ արվում են, կարող են արվել պահի թելադրանքով կամ ներքին ինքնահաղթահարման ցանկությունից դրդված, իսկ դրա մեկնաբանությունը, որքան էլ դրական լինի, չի կարող ամբողջությամբ արտահայտել այն, ինչ զգացել կամ ցանկացել է տվյալ պահին այդպես անողը:
Մագիստրատուրայում ցանկանում էի ստանալ երկրորդ մասնագիտություն, սակայն այնքան կապված եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետին, որ չցանկացա հեռու գնալ, ընդունվեցի Սփյուռքագիտության բաժինը: Այժմ էլ պատրաստվում եմ ուսումս շարունակել Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրայում:
Ուսանողը պետք է լինի պահանջատեր: Կարծում եմ՝ ակտիվ համալսարանական լինելն ինքնանպատակ կամ տեղային դրսևորում չէ: Եվ եթե մարդն ակտիվ է ցանկացած տեղ, պահանջատեր քաղաքացի է, իր հանդեպ պահանջկոտ, ապա համալսարանում չի կարող չլինել այդպիսին: Հենց այդ մտածելակերպը, ինչպես նաև ներսից փոփոխություններ անելու կամ գործընթացներին ներգրավված լինելու միտումն էլ ինձ տարան դեպի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերություն: Կարճ ժամանակ անց դարձա ֆակուլտետի գիտական ընկերության ղեկավարը և մի քանի տարի ղեկավարեցի կառույցը: Կարծում եմ՝ թե՛ դասախոսները, որոնց հետ այդ ընթացքում համագործակցել ենք, թե՛ ուսանողները, որոնց համալսարանական կյանքն ամեն կերպ փորձել եմ իմ թիմի հետ բարելավել, իմ մասին դրականը կհիշեն: Ամեն դեպքում ես շատ կապվեցի իմ գործին, քանի որ այլ կերպ լինել չի էլ կարող, երբ երեք սերունդ առաջին կուրսեցիների ես դիմավորում բուհում, նրանց հետ աշխատում, դարձնում քեզ թիմակից համալսարանական կյանքն ակտիվացնելու գործում:
Կյանքի յուրաքանչյուր փուլ պայքար է, և մարդը կդադարի գոյություն ունենալ, երբ դադարի պայքարել: Այդպես էլ ես յուրաքանչյուր փուլում փորձում եմ իմ առջև մեկ նշաձող դնել և հասնել դրան: Եթե մանկապարտեզում երեխայի հաջողությունը, օրինակ, հանդեսի ժամանակ լավ արտասանելն է, ապա հետագա փուլերում դրվում է ավելի բարձր նշաձող: Դպրոցում սովորելիս նշաձողը գերազանց սովորելն էր, թեև ավագ դպրոց կոչված համակարգն աշակերտների մեծ մասին ստիպեց կենտրոնանալ միայն իր ապագա մասնագիտության համար ընտրած առարկաների վրա:
Ինչպես արդեն նշեցի, բուհ ընդունվելիս նպատակս անվճար ընդունվելն էր, և համալսարանին երբևէ մեկ դրամ չվճարելը: Ուսանողական տարիներն անընդհատ պայքար էին. մի կողմից՝ լավագույն ուսանողներից մեկը լինելու և լավ մասնագետ դառնալու, մյուս կողմից՝ տարբեր տարիների այս կամ այն քաղաքական ու քաղաքացիական պայքարները հաջողելու առումներով: Կարծում եմ՝ դեռևս ամեն ինչ բարեհաջող է ընթանում: 2016 թ. դարձա ԵՊՀ լավագույն ուսանող, 2019-ին՝ ՀՀ լավագույն ուսանող: Այդ ընթացքում ոչ մի վայրկյան գիտությամբ զբաղվելու ցանկություններս չնվազեցին. արդեն ութ գիտական հոդվածի հեղինակ եմ: Այս պահին իմ առջև դրված նշաձողը նախ ասպիրանտուրա ընդունվելն է, ապա՝ թեկնածուական ատենախոսությունս բարեհաջող պաշտպանելը:
Աշխատում եմ ոչ թե ունենալ երազանքներ, այլ երազանքները դարձնել նպատակ և դրանք իրագործել: Թեև մեկ երազանք ունեմ, որն ինձնից չէ կախված: Ցանկանում եմ մի օր Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տեսնել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությանը մասնակցելիս:
Տխուր ժամանակ հաճախ եմ ասում՝ չկա գիշեր, որ չլուսանա, իսկ ուրախ կամ ինքնավստահ ժամանակ կարգախոսների կարիք չեմ ունենում, որովհետև արդեն իսկ մոտիվացված եմ լինում:
Իմ հաջողության գրավականներից մեկը ես միշտ համարում եմ իմ իմացածը լավ ներկայացնելու կամ առհասարակ հռետորական արվեստին բավականին լավ տիրապետելու հատկությունը: Կան մարդիկ, որոնք հիանալի տիրապետում են այս կամ այն խնդրին, բայց իմացածը շարադրել կամ բացատրել չեն կարողանում: Կարծում եմ, որ այն այդ մարդկանց ամենամեծ խոչընդոտներից մեկն է, իսկ ես, բարեբախտաբար, այդ խնդիրը երբևէ չեմ ունեցել:
Այսօրվա ուսանողը դեռ ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք, լիահույս եմ, շուտով լուծվելու են: Իսկ ուսանողներին մինչև վերջերս պակասում էր պահանջատեր լինելու հատկությունը, բայց վերջին ամիսների իրադարձություններում ամեն ինչ գլխիվայր շրջվեց, և ուսանողն ապացուցեց, որ ինքը ևս կա:
Մարդկային արժեքների մասին կնշեմ, որ փողի, փառքի և իշխանության գայթակղությանը դիմանալն ամենամեծ արժեքն է:
Ցանկանում եմ, որ մի օր Արցախի մասին հանկարծ չխոսեն այնպես, ինչպես շուրջ հարյուր տարի՝ Արևմտյան Հայաստանի: Այս մասին ասել եմ նաև առաջին անգամ Արևմտյան Հայաստան ոտք դնելիս, որ գոնե Արցախը կարողանանք պահել և միացնել Հայաստանին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան