- Գլխավոր
- Նորություններ
- «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ, ՈՐՈՎ ԿԱՄ ԿՊԱՐԶԱԲԱՆԵՆ ԵՎ ԿՀԻՄՆԱՎՈՐԵՆ ԱՅԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՑԵՆ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԻՑ». ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դեկտեմբեր 25, 2019 | 15:29
Հասարակություն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ, ՈՐՈՎ ԿԱՄ ԿՊԱՐԶԱԲԱՆԵՆ ԵՎ ԿՀԻՄՆԱՎՈՐԵՆ ԱՅԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՑԵՆ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԻՑ». ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների գործի շրջանակում երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը` հարցաքննվելու, և ինչպես ինքն է փաստել՝ առանց ծանուցագրի և որոշման: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր պատասխանել է «1in.am»-ի լրագրողի հարցերին, որի ընթացքում իր վրդովմունքն է հայտնել ՀՀ ոստիկանության գործողության նկատմամբ:
Գեղամ Գևորգյանը լրագրողի հետ զրույցում ներկայացրել է դեպքերի հաջորդականությունը և մանրամասնել, թե ԵՊՀ-ի բակում հնչած կրակոցներից հետո ինչ գործողություններ է իրականացրել ՀՀ ոստիկանությունը:
Անդրադառնալով երեկ ՈՒԽ նախագահի հետ տեղի ունեցած միջադեպին՝ նա փաստել է որ այդ ժամանակ գտնվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում և մասնակցել միջոցառման:
«Ինձ զանգեց Դավիթ Ափոյանը և ասաց, որ քննիչները եկել և ցանկանում են իրեն բերման ենթարկել: Ասացի՝ հեռախոսը փոխանցիր քննիչներին, նա էլ տեղեկացրեց, որ վերջիններս հրաժարվում են վերցնել հեռախոսը: Զանգեցի անվտանգության ծառայության պետ Լևոն Առուստամյանին և ասացի, որ հեռախոսը փոխանցի քննիչներին: Նրանցից հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել: Ի պատասխան՝ նշեցին, որ ցանկանում են հարցաքննել ՈՒԽ նախագահին: Նրանց հիշեցրի, որ գտնվում են համալսարանում և գործ ունեն ուսանողի հետ: Հորդորեցի պահել պատշաճ և զգուշացրի, որ համալսարանում բռնի և անօրինական գործողություն չպետք է լինի: Նրանք էլ հավաստիացրին, որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»,- ասել է Գեղամ Գևորգյանը:
Նրա փոխանցմամբ, որոշ ժամանակ անց նրան զանգել է Լևոն Առուստամյանը և ասել, որ Դավիթին բերման են ենթարկել. «Ես շտապ դուրս եկա: Սկզբում գնացի Քննչական կոմիտե՝ կարծելով, որ այնտեղ կլինի, բայց ինձ ասացին, որ բաժանմունք են տարել Դավիթին: Գնացի այնտեղ, որի մուտքի առջև լրագրողներ կային: Նրանց հարցերին չպատասխանեցի՝ արագ ներս մտնելով, որովհետև իմ խնդիրն արագ Դավիթին օգնություն ցույց տալն էր: Մտա այն պահին, երբ Դավիթին արդեն դուրս էին տանում: Գնացի բաժանմունքի պետի մոտ՝ հարցնելով, թե ինչ է պատահել: Ինձ ասացին, որ Դավիթը դիմադրություն է ցույց տվել: Ես էլ հերքելու կամ հաստատելու փաստերի այդ պահին չէի տիրապետում:
Հետաքրքրվեցի, թե ինչ է լինելու: Ասացին, որ Դավիթին կհարցաքննեն և բաց կթողնեն: Էլի խնդրեցի, որ որևէ անօրինական գործողություն չլինի: Դուրս եկա բաժանմունքից: Մուտքի մոտ կանգնած լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է եղել, ես էլ ասացի այն, ինչ քննիչներն էին ինձ հաղորդել, և փաստեցի, որ Դավիթին շուտով բաց կթողնեն»:
Գեղամ Գևորգյանի փաստմամբ, ՀՀ ոստիկանության այս պահվածքն անընդունելի է. «Այս իրավիճակում Ոստիկանությունը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ, որով կամ կպարզաբանեն և կհիմնավորեն այդ գործողությունը, կամ ներողամտություն կհայցեն Դավիթ Ափոյանից: Լռել և սպասել, թե ում ուսերին կընկնի մեղքը, ՀՀ ոստիկանությանը հարիր պահվածք չէ»:
Պատրաստեց Քնար Միսակյանը
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.