- Գլխավոր
- Նորություններ
- ԱԿՆՀԱՅՏ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՈԳԵՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԽԹԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ. ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼԻՑ
Հունվար 30, 2019 | 13:55
Հասարակություն
ԱԿՆՀԱՅՏ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՈԳԵՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԽԹԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ. ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼԻՑ
Ամբողջ աշխարհում կարմիր խաչը խորհրդանշում է մարդասիրություն և միմյանց օգնելու պատրաստակամություն: Երբ կարմիր խաչը դրվում է գրքի վրա, այն արգելվում է: Սա նշանակում է, որ տվյալ ժամանակը դեռ պատրաստ չէ առերեսվել գրքի, նրա բովանդակության և հեղինակի հետ:
Ջորջ Օրուելի «1984» վերնագրով գիրքն այդպիսի «խաչակիրներից» է: Յուրաքանչյուր ընթերցող կփաստի, որ գիրքն ընթերցելուց հետո բոլոր քաղաքական համակարգերում «մեծ եղբայր» է փնտրել, ակամայից իրեն գլխավոր հերոսի հետ համեմատելու փորձեր է արել ու վախեցել հենց միայն այն մտքից, որ կարող են նմանություններ ի հայտ գալ:
Այս բոլոր երևույթները, անխոս, հաջողված գիրք ունենալու նախանշաններ են, ու այն մարդկանց համար, ովքեր առավել հետաքրքրասեր են և ուզում են լավ գիրք գրելու բանաձևը հենց հեղինակից իմանալ, Ջորջ Օրուելը «Ինչու եմ ես գրում» վերնագրով էսսե է գրել:
Էսսեն գրվել է 1946 թվականին: Առաջին մասում հեղինակը պատմում է իր մանկությունից ու նշում, որ արդեն վաղ մանկությունից գիտեր, որ գրող է դառնալու. «17 տարեկանից փորձեցի ինքս ինձ համոզել այլ բանով զբաղվել, բայց միշտ էլ ունեցել եմ այն գիտակցումը, որ վաղ թե ուշ նստելու եմ գրասեղանի մոտ և սկսելու եմ գրքեր գրել»:
Ընտանիքում Ջորջ Օրուելը երեխաներից միջնեկն է եղել ու մինչև ութ տարեկան դառնալը գրեթե չի տեսել իր հորը:
«Այս և ևս մի քանի հանգամանքներ ինձ ինքնամփոփ դարձրին: Ձևավորված ոչ բարյացակամ մոտեցման պատճառով հաճախ դպրոցական ընկերներս ինձնից երես էին թեքում: Այդ մեկուսացումն ու միայնությունը ժամանակի ընթացքում ինձ սովորեցրին պատմություններ հորինել և զրուցել երևակայական ընկերներիս հետ: Կարծում եմ՝ իմ ամբողջ գրական ճաշակն է ձևավորվել մեկուսացված և թերագնահատված լինելու զգացման վրա»,- էսսեում գրում է Ջորջ Օրուելը:
Առաջին բանաստեղծությունը Ջորջ Օրուելը գրել է 4 կամ 5 տարեկանում. «Ես այդ բանաստեղծությունը լավ չեմ հիշում, մայրս է այն գրի առել իմ թելադրմամբ,- պատմում է հեղինակը,- միայն հիշում եմ, որ այդ բանաստեղծությունը վագրի մասին էր, որի ատամները սեղանի էին նման (վատ համեմատություն չէ, այնպես չէ՞), բայց ինձ թվում է՝ ես պարզապես կրկնօրինակել էի Ուիլյամ Բլեյկի «Առյուծ, օ՜ առյուծ» բանաստեղծությունը»:
1914-ին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ջորջ Օրուելը 11 տարեկան էր: Այդ ժամանակ նա գրեց իր առաջին հայրենասիրական բանաստեղծությունը, որը տպագրվեց տեղական թերթում: Այնտեղ տպագրվեցին նաև նրա մյուս բանաստեղծությունները:
Հետագայում կիսատ և իր իսկ բնորոշմամբ, անհաջող բանաստեղծություններ էր գրում բնության մասին, մի քանի անգամ էլ փորձել է պատմվածքներ գրել, ինչն ամբողջությամբ ձախողվել է:
«Երևի թե այսքանն այդ տարիների մասին, թեպետ կարելի է ասել, որ ես այս ընթացքում «գրական գործունեությամբ» եմ զբաղվել: Շատ արագ, հեշտ և առանց հաճույք ստանալու գրել եմ հիմարություններ, ընդ որում, այն արագությունը, որով ստեղծագործում էի, հիմա ինձ արդեն անհասանելի և անհավանական է թվում»,- խոստովանում է գրողը:
Այս էսսեում Ջորջ Օրուելը մեկ անգամ չէ, որ շեշտում է բառերի փնտրտուքի կարևորության և ճիշտ բառերի հետ «ընկերություն անելու» անհրաժեշտության մասին. «Ես անընդհատ բառերի փնտրտուքի մեջ էի, ուզում էի գտնել ինձ համար կարևոր և անհրաժեշտ բառեր: Բառեր փնտրում էի նույնիսկ այն ժամանակ, երբ չէի գրում, ինձ թվում էր, որ բառային այդ փնտրտուքը նույնիսկ դեմ է իմ կամքին ու ցանկությանը, բայց ես անզոր էի այդ գործընթացը ընդհատել, ոչինչ չէի կարողանում անել»:
Ապագա գրողի համար հստակ էին նաև իր վեպերի կառուցվածքն ու բովանդակությունը:
«Ես արդեն գիտեի, թե ապագայում ինչի մասին և ինչպես պետք է գրեմ: Պատրաստվում էի գրել մեծ վեպեր տխուր վերջաբանով, վեպեր, որոնք լի էին լինելու մանրամասն նկարագրություններով և հիշվող համեմատություններով: Դրա վառ օրինակն իմ առաջին ավարտուն վեպն է՝ «Բիրմյան օրեր»-ը, որը գրել եմ 30 տարեկանում, թեև այն գրելու մտահղացումն ունեցել եմ շատ վաղուց»,- գրում է Օրուելը:
Այսքան մանրամասն իր անցյալին անդրադառնալով՝ Օրուելը նշում է, որ ընթերցողը չի կարող հեղինակի գրելու շարժառիթը հասկանալ, եթե մուտք չունենա գրողի կյանքի վաղ շրջան. «Գրողի գործերի բովանդակությունը որոշվում է այն ժամանակաշրջանով, որում ապրում է (կարծում եմ՝ այդպես ճիշտ է, եթե հաշվի առնենք մեր աղմկոտ և հեղափոխական դարը): Բայց նախքան ստեղծագործելը գրողը ձեռք է բերում զգացմունքայնություն, որից լիովին ազատվել թերևս չի կարողանա: Անշուշտ, հենց սա է գրողի աշխատանքը՝ հղկել խառնվածքը և խուսափել տեղում մնալուց»:
Միևնույն ժամանակ Օրուելը նշում է, որ եթե հեղինակը վերջնականապես չձերբազատվի իր վաղ շրջանի ազդեցություններից, ապա կոչնչացնի իր ներսում գոյություն ունեցող ստեղծագործելու մղումը:
«Մի կողմ թողնելով ապրելու համար գումար վաստակելու անհրաժեշտությունը՝ կարծում եմ, որ արձակ գրելու համար գոյություն ունի չորս մեծագույն խթան: Ամեն գրողի մոտ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում դրանք գոյություն ունեն և ժամանակ առ ժամանակ փոփոխվում են՝ կախված այն միջավայրից, որում ապրում է գրողը»,- նշում է Օրուելը:
Ակնհայտ եսասիրություն
Ըստ Օրուելի՝ ակնհայտ եսասիրության մղումը խելացի երևալու, անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու, մահվանից հետո հիշվելու և մանկության տարիներին իրեն նախատած մեծահասակներին գերազանցելու ցանկությունն է: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել:
«Հիմարություն կլինի ձևացնել, որ սա ամենաուժեղ շարժառիթը չէ: Մարդկության մեծագույն մասը եսասեր չէ,- գրում է Օրուելը,- մոտավորապես երեսուն տարեկանից հետո նրանք գրեթե լիովին հրաժարվում են անհատականություն լինելու մտքից և ապրում գլխավորապես մյուսների համար կամ պարզապես շնչահեղձ են լինում ձանձրալի աշխատանքից: Բայց կա նաև մարդկանց օժտված և համառ փոքրամասնություն: Նրանք վճռական են և ուզում են մինչև վերջ ապրել իրե՛նց կյանքը, և գրողները հենց այս դասին են պատկանում»:
Գեղագիտական ոգևորվածություն
Ըստ Օրուելի՝ գեղագիտորեն ոգևորված լինել նշանակում է արտաքին աշխարհն ու բառերի գեղեցկությունը ճիշտ ընկալել: Այն ենթադրում է հաճույք ստանալ մի հնչյունի՝ մյուսի վրա ունեցած ազդեցությունից, լավ գրված արձակից կամ ռիթմիկ պատմվածքից:
«Գեղագիտական շարժառիթը շատ գրողների մոտ թույլ է, բայց նույնիսկ պամֆլետիստը կամ դասագրքեր գրողն ունի սիրելի բառեր և արտահայտություններ, որոնք հրապուրում են նրան առանց որևէ հատուկ պատճառի»,- նշում է Օրուելն էսսեում:
Պատմական խթան
Պատմական խթանի մասին խոսելիս Օրուելն առավել շատ արտահայտվում է լրագրողի, քան գրողի տեսանկյունից՝ առանձնացնելով իրական փաստերի բացահայտման և դրանք մյուս սերունդներին փոխանցելու կարևորության հանգամանքը:
Քաղաքական նպատակ
«Քաղաքական» բառը, ըստ հեղինակի, այստեղ պետք է գործածել բառի ամենալայն իմաստով:
«Ոչ մի գիրք իրապես զերծ չէ քաղաքական ազդեցությունից: Այն, որ արվեստը ոչ մի կապ չունի և չպետք է ունենա քաղաքականության հետ, արդեն իսկ քաղաքական դիրքորոշում է»,- գրում է Օրուելը:
Ջորջ Օրուելի 1936 թ.-ից հետո գրված ստեղծագործություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն դեմ էին տոտալիտարիզմին և կողմ՝ դեմոկրատական սոցիալիզմին:
«Վերջին տասը տարիների ընթացքում միակ ցանկությունս քաղաքական գրականությունը արվեստի վերածելն էր,- պարզաբանում է Օրուելը,- իմ ելակետը միշտ համագործակցության զգացումը, անարդարության զգացողությունն է: Երբ նստում եմ գիրք գրելու, չեմ մտածում արվեստի գործ ստեղծելու մասին: Գրում եմ, որովհետև կան բաներ, որոնք ուզում եմ ջրի երես հանել և մարդկանց ուշադրությունը դրանց վրա սևեռել: Իմ գլխավոր մտահոգությունը խոսքս լսելի դարձնելն է: Բայց ես չէի կարող գիրք և անգամ ամսագրի ծավալուն հոդված գրել, եթե դրանք միաժամանակ գեղագիտական վերապրումներ չլինեին»:
Անվանի հեղինակի կարծիքով, բոլոր նրանք, ովքեր կփորձեն վերլուծել իր ստեղծագործությունները, կնկատեն, որ ակնհայտ քաղաքական քարոզչությունն այնքան շատ է, որ նույնիսկ քաղաքագետն այն անտեղի կհամարի: Ուսումնասիրողները կնկատեն նաև, որ հեղինակը չի կարող և չի էլ ուզում լիովին ազատվել այն աշխարհայացքից, որը ձեռք է բերել մանկությունից:
«Քանի դեռ ողջ ու առողջ եմ, չեմ դադարի լրջորեն մտածել արձակի մասին, սիրել երկիրը, ուրախանալ նյութական իրերով և անպետք տեղեկություններով: Իմաստ չունի, որ փորձեմ այդ ամենն իմ մեջ ճնշել: Իմ գործն իմ մեջ արմատացած համակրանքներն ու հակակրանքները հասարակական, ոչ անհատական գործունեության հետ հաշտեցնելն է, որ մեր դարաշրջանը պարտադրում է մեզ բոլորիս»,- գրում է Օրուելը:
Լեզվի խնդիր
Ջորջ Օրուելը նշում է, որ լեզվի խնդիրը շատ նուրբ և երկար քննարկումների տեղիք տվող խնդիր է: Հեղինակը խոստովանում է, որ վերջին տարիներին փորձում է ավելի քիչ պատկերավոր և ավելի շատ ճշգրիտ գրել. ««Անասնաֆերմա»-ն առաջին գիրքս էր, որտեղ անելիքներիս լիարժեք գիտակցությամբ փորձեցի մեկտեղել քաղաքական և գեղարվեստական նպատակը»:
Ոգեշնչման մասին
«Գրականության մեջ ոգեշնչվում եմ հասարակությունից: Չէի ցանկանա, որ այն մնար որպես վերջնական տպավորություն: Բոլոր գրողներն էլ սնափառ, եսասեր ու ծույլ են: Նրանց մղումների հիմքում ինչ-որ առեղծված կա: Գիրք գրելը ծանր հիվանդության նոպայի նման սարսափելի ուժասպառ անող աշխատանք է: Ոչ ոք նման բան իր ուսերին չէր վերցնի, եթե ինչ-որ դև չարթնացներ, դև, որին հնարավոր չէ դիմադրել ու հասկանալ: Բոլորը գիտեն, որ դևն այն բնազդն է, որ երեխային ստիպում է ճչալ մեծերի ուշադրությունը գրավելու համար: Միևնույն ժամանակ ճիշտ եմ համարում նաև, որ հնարավոր չէ գրել որևէ հետաքրքիր բան, եթե չփորձես անընդհատ ինքդ քեզնից ձերբազատվել: Հայացք գցելով իմ ստեղծագործություններին՝ նկատում եմ, որ բոլոր այն գործերում, որոնցում բացակայել է քաղաքական նպատակը, ծնվել են անկյանք գրքեր՝ լի ուռճացված հատվածներով, անիմաստ նախադասություններով, գեղեցիկ մակդիրներով և հիմնականում բարբաջանքով»,- էսսեն եզրափակում է Օրուելը:
Անի Պողոսյան