- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 18, 2021 | 16:28
Հասարակություն
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները հանդիպել են «ՌեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ և քննարկել ստարտափերի ձևավորման ու զարգացման հեռանկարները և համաշխարհային շուկայում ներկայանալու հնարավորությունները:
«ՌեԱրմենիա»-ն համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են տարբեր խնդիրներին լուծում տվող տարատեսակ ծրագրեր և ստանում համագործակցության առաջարկներ ու հանգանակություններ ամբողջ աշխարհից:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ ամբիոնը, ավանդույթի համաձայն, հիմնականում ավարտական կուրսի ուսանողների համար դասընթացների շրջանակում նախաձեռնում և կազմակերպում է վարպետության դասեր գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով, նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն, տեսական գիտելիքներից զատ, գործնական հմտություններ և փորձ տրամադրելու ուսանողներին:
«Մենք հրավիրում ենք այնպիսի բանախոսների, որոնք իրագործել են իրենց գաղափարները, հասել են հաջողությունների և, մեր կարծիքով, ասելիք ունեն: Բանախոսների հետ նախապես համաձայնեցնում ենք նաև թեմաները, որ դրանք առավել արդյունավետ և օգտակար լինեն: Այսօր հյուրընկալել ենք «ՌեԱրմենիա» հարթակի հիմնադիր Գևորգ Պողոսյանին, որը կյանքի է կոչել տարբեր բիզնես նախագծեր, որոնցից մեկը, օրինակ, «Իդրամ» վճարային համակարգի հավելվածն է»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:
Հանդիպում-քննարկման ընթացքում Գևորգ Պողոսյանն ուսանողներին ներկայացրեց իր անցած ուղին, խոսեց իր իրականացրած տարբեր նախագծերի մասին՝ ներկայացնելով դրանց առանձնահատկություններն ու յուրահատկությունները:
Նա ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ստարտափերի ձևավորման և զարգացման հեռանկարների մասին, անդրադարձավ հայկական արտադրանքների արտահանման և համաշխարհային շուկայում ներկայանալու հնարավորություններին, ապա պատասխանեց մասնակիցների հարցերին:
Քնար Միսակյան