- Գլխավոր
- Նորություններ
- ՔԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է «GLOBAL TEACHER PRIZE» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Մարտ 27, 2019 | 15:19
Հասարակություն
ՔԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է «GLOBAL TEACHER PRIZE» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Քենիայի գյուղերից մեկի ուսուցիչը, որն իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում է աշակերտներին օգնելու համար, դարձել է տարվա լավագույն ուսուցիչն աշխարհում՝ ստանալով մեկ միլիոն դոլար պարգևավճար։
Բնական գիտությունների ուսուցիչ Փիթեր Տաբիչին դարձել է «Global Teacher Prize» ամենամյա մրցանակաբաշխության հաղթող։ Այս մասին գրում է bbc.com կայքը։
Տաբիչին ամեն ամիս իր աշխատավարձի 80 տոկոսը ծախսում է ամենաաղքատ աշակերտների համար դպրոցական համազգեստ և դասագրքեր գնելու վրա։
Պվանի գյուղի նրա դպրոցը միշտ էլ ֆինանսական աջակցության կարիք է ունեցել։ Տաբիչիի խոսքով, դպրոցն ունի ուսուցիչների ու դպրոցական պարագաների կարիք։ Այստեղ մեկ դասարանում սովորում է 70-80 աշակերտ, որոնց մեծ մասը դպրոց է հասնում ոտքով՝ անցնելով ավելի քան 6 կիլոմետր։
«Փողն ամեն ինչ չէ»,- ասում է Փիթերը։ Նա հույս ունի հարաբերակից դարձնել երեխաներին գիտության հետ։
Տաբիչին այցելում է այն ընտանիքներին, որոնց երեխաները քիչ են հաճախում դասերին, և համոզում ծնողներին չամուսնացնել իրենց անչափահաս երեխաներին՝ թույլ տալով նրանց վերջացնել ուսումը։
Նրա աշակերտները շատ անգամ մրցանակներով են վերադարձել ազգային ու միջազգային մրցույթներից։ Դրանց թվում է նաև քիմիայի ոլորտում Բրիտանիայի թագավորական հանձնաժողովի կողմից ստացած մրցանակը։
«Global Teacher Prize» մրցանակը ֆինանսավորվում է «Varkey» հիմնադրամի կողմից։ Նրա ժյուրիի կազմում ընդգրկված է 150 մարդ։
Մրցանակաբաշխության համակարգող, հնդիկ գործարար Սաննի Վարկիի խոսքով, մրցանակաբաշխության նպատակն ուսուցչի վարկանիշը բարձրացնելն է։
Այս տարի հաղթողին ընտրել են 179 երկրի ավելի քան տասը հազար ներկայացուցիչներից։
«Փիթերի պատմությունը պետք է ոգեշնչի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ուսուցիչ դառնալ»,- ասում է Սաննի Վարկին։