- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Մայիս 20, 2019 | 14:51
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։
Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, ֆակուլտետի ասիստենտ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, դասախոսներ և ուսանողներ։
Մինչև բանախոսությունը ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված մի շարք հանդիպումների նպատակն է անդամ երկրների քաղաքացիներին տեղյակ պահել ԵԱՏՄ խնդիրներին և առաջիկա անելիքներին։
«Նախատեսված միջոցառումների շրջանակում մեզ համար շատ կարևոր էր հանդիպել Մայր բուհի ուսանողության հետ, քանի որ ցանկանում էինք նրանց իրազեկել ԵԱՏՄ օրակարգային հարցերի մասին»,- նշեց բանախոսը։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը և տեղեկացրեց, որ 2019 թվականի ընթացքում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության տարում, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը ՀԿ-ն, Եվրասիական փորձագիտական ակումբն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համատեղ անցկացնում են ԵԱՏՄ հնգամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։
«Այս միջոցառումը մեր համատեղ ներդրումն է լինելու Հայաստանի ակադեմիական միջավայրի և երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրման գործընթացի նկատմամբ հետաքրքրության բավարարման, այդ թեմայով առարկայական, կառուցողական տեղեկատվության տարածման կարևոր գործում։ Քննարկվող հարցը նախապատրաստված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության պատասխանատուների հետ համագործակցության արդյունքում»,-ասաց դեկանը և խոսքը փոխանցեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանին։
Վերջինս ողջունեց բոլորին ու ներկայացրեց բանախոսին։ Նա նշեց, որ այս հանդիպման նպատակն է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության տարում մտածող հասարակությանը տոգորել վերոնշյալ երևույթի կարևորությամբ, ներգրավել եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մեջ ավելի ակտիվ, կառուցողական և ջանասեր մասնակցության տեսլականով։
«Մեր խորին համոզմամբ, վերոնշյալ գործընթացում Հայաստանն ունի շատ կարևոր սպասելիքներ, շահ, հնարավոր ձեռքբերումներ։ Այդ ձեռքբերումներին հասնելու համար պետք է աշխատել, աշխատել ու աշխատել»,- ասաց Արամ Սաֆարյանը։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ միջոցառումը կազմակերպելու և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին՝ մշտապես ցուցաբերող աջակցության համար։
Բանախոսությունը սկսելուց առաջ ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ այսօր իր ներկայիս կարգավիճակով ներկայանում է հենց ֆակուլտետում ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ։
Բանախոսն ասաց, որ հանդիպումը կարող է օգտակար լինել, քանի որ մեզ համար կարևոր է եվրասիական վերնախավի ձևավորումը, որտեղ պետք է ներգրավված լինեն առաջին հերթին որակյալ երիտասարդ մասնագետները, քանի որ նրանք են մեր ապագան, և հենց նրանք են հետագայում զարգացնելու այս գործընթացները։
«ԵԱՏՄ-ն առաջին հերթին կայունություն է անդամ հինգ երկրների և նրանց բնակչության համար»,- շեշտեց նա։
Գոհար Բարսեղյանն իր բանախոսության ընթացքում խոսեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պատմության, Հայաստանի՝ դրա մեջ մտնելու և այս տարի որպես նախագահող երկիր հանդես գալու մասին։ Նա տեղեկացրեց միջազգային համագործակցության, վերջինիս հաստատման ու խորացման, ինչպես նաև պատմեց առաջիկա 10 տարում իրենց անելիքների տեսլականի մասին։
Բանախոսության վերջում ուսանողները հղեցին իրենց հարցերը ու դրանց պատասխանները ստանալուց հետո շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին նման միջոցառման համար։
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ նաև Արամ Սաֆարյանը, որն ասաց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր ակտիվությունը կարևորում է միայն ու միայն մեր ցանկություններն ու հետաքրքրությունները։
Հանդիպումը եզրափակեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, որը շնորհակալություն հայտնեց Գոհար Բարսեղյանին՝ բովանդակալից դասախոսության և Արամ Սաֆարյանին՝ հանուն մեր երկրի կատարած աշխատանքի համար. «Ես կարծում եմ, որ նման հանդիպումները պետք է հաճախակի լինեն, որովհետև դրանց կարիքը խիստ զգացվում է»։
Մարինա Առաքելյան