- Գլխավոր
- Նորություններ
- ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԳՈՀԱՐ ՄԱԴՈՅԱՆԸ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Ապրիլ 03, 2019 | 17:06
Կրթություն
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԳՈՀԱՐ ՄԱԴՈՅԱՆԸ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ Գոհար Մադոյանը նոյեմբերի 9-18-ը մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած նոր գիտելիքները փոխանցել գործընկերներին:
Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Գոհար Մադոյանը, «Ակտիվ ուսուցում» վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ակտիվ ուսուցման մեթոդաբանությանը, ինչպես նաև տարբեր համացանցային, թվային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը լսարանում։ Դասընթացը վարել է Ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վիմ Վան Պետեգեմը։
«Այն կազմված էր հենց ակտիվ ուսուցման մեթոդների կիրառմամբ: Դասընթացի մեծ մասն անցկացնում էր ոչ թե դասախոսը, այլ մենք՝ մասնակիցներս: Մեզ տրվում էին անհատական ու խմբային հանձնարարություններ ու գործնականում սովորեցնում, թե ինչպես պետք է ներգրավենք ուսանողներին»,- ասաց Գոհար Մադոյանը:
Նրա փոխանցմամբ, դասընթացի պահանջներից մեկը ենթադրում էր, որ վերապատրաստված դասախոսը պետք է վերադառնա իր բուհ և ստացած նոր գիտելիքները փոխանցի գործընկերներին. «Այստեղ կազմակերպեցինք «Ակտիվ ուսուցումը բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով 5-օրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեց 16 դասախոս»:
Գոհար Մադոյանի հավաստմամբ, օտար լեզուների դասավանդման դեպքում միշտ էլ կիրառվել են ակտիվ ուսուցման մեթոդներ, քանի որ առանց ուսանողների ակտիվ մասնակցության ուղղակի հնարավոր չէ. «Իհարկե, կան մեթոդներ, կան եղանակներ, որոնք նորամուծություն էին և հաջողությամբ ներդրվեցին, սակայն արդյունավետության համար մեզ պակասում է տեխնիկական այն հագեցվածությունը, որն առկա էր Լյուվենի կաթոլիկ համալսարանում»:
«Ճիշտ է, ունենք լսարաններ, որոնցում առկա են համապատասխան տեխնոլոգիաներ, բայց գաղափարը ներդնելու, ամբողջ մեթոդաբանությունը կիրառելու համար անհրաժեշտ է հավասարաչափ բաշխվածություն»,- ասում է Գոհար Մադոյանը:
Նրա կարծիքով, բավականին արդյունավետ է այն մեթոդի կիրառումը, երբ ուսանողները նախապես են ծանոթանում նյութին, իսկ լսարանում արդեն դասախոսի հետ քննարկում այն. «Այդ եղանակով տեղեկատվությունն արդեն ավելի դյուրին է ընկալվում, ուսանողներն ակտիվ մասնակցությունն են ունենում»:
Գոհար Մադոյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ վերապատրաստմանը մասնակցած գործընկերները բավականին ոգևորված են եղել և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել. «Հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին: Ես դասընթացը կազմակերպել էի տեղայնացված, այսինքն՝ հարմարեցված մեր ֆակուլտետում իրականացվող ուսումնական գործընթացին, նշել էի, թե որ առարկայի դեպքում ինչ մեթոդ կարելի է կիրառել: Բացի դրանից՝ մեր դասախոսները նույնպես գործնական աշխատանքներ իրականցրին»:
Գոհար Մադոյանն ասաց նաև, որ գործընկերների հետ քննարկում են, թե ինչ եղանակներով կարող են ներդնել մեթոդներն ուսումնական գործընթացում, որ դրանք շարունակական բնույթ ունենան և ավելի մեծ ընդգրկում ունենան:
Քնար Միսակյան