- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 03, 2019 | 17:54
Հասարակություն
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն այսօր կազմակերպել էր «Կառավարության կառուցվածքի նախագիծն ու ժողովրդավարությունը» խորագրով քննարկում:
Քննարկման ժամանակ իրենց տեսակետներով հանդես եկան խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արտակ Մանուկյանը և Վահագն Հովակիմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
Քննարկումը վարում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Միջոցառման սկզբում Դանիել Իոաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ԵՊՀ-ին՝ քննարկմանն աջակցելու համար, նշեց, որ հանդիպման նպատակն է ևս մեկ անգամ հանրային քննարկման դնել կառավարության կառուցվածքին վերաբերող հարցերը նախքան խորհրդարանական քննարկումների սկիզբը:
Կառավարության նոր կառուցվածքին վերաբերող ծրագիրն առաջինը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը, որն առանձնահատուկ շեշտեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հիմնական նպատակը կառավարության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելն է:
«Մենք առաջարկում ենք կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ թողնելով երկու փոխվարչապետեր՝ հավասարազոր իրավասություններով»,-նշեց բանախոսը,- «ինչ վերաբերում է նախարարությունների թվին, ապա մենք առաջարկում ենք 17 նախարարությունների թիվը հասցնել 12-ի»:
Ըստ բանախոսի՝ պետք է միավորել Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի ու Մշակույթի նախարարությունները՝ ստեղծելով Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Մենք արդեն իսկ հասցրել ենք լսել քննադատություններ առաջարկությունների վերաբերյալ, բայց ես հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ մենք գործ ունենք անվանական, այլ ոչ թե բովանդակային կամ ոլորտային փոփոխության հետ»,- փաստեց Վահագն Հովակիմյանը:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարությանը՝ բանախոսը նշեց, որ թյուր կարծիք է ձևավորվել, թե թերագնահատվում է հայրենիք-սփյուռք կապի կարևորությունը , մինչդեռ, ըստ բանախոսի, կառավարության կառուցվածքի նոր նախագծով Սփյուռքին վերաբերող հարցերով կզբաղվի հենց վարչապետի աշխատակազմը՝ ստեղծելով Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան է նշեց, որ կառավարության կառույցում արված յուրաքանչյուր փոփոխություն պետք է լինի հստակ հիմնավորված և տրամաբանված:
«Դեռևս մեկ տարի առաջ, երբ մեզ ներկայացվեց կառավարության կառուցվածքը, որը մենք թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա «սուպերվարչապետական» ենք համարում, մեզ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք ավելի փակ և ավելի ոչ ժողովրդավարական կառուցվածքի հետ, որտեղ նույնիսկ ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին»:
Էդմոն Մարուքյան փաստեց, որ կառավարության կառույցում փոփոխություններ կատարելը երկու հիմնական նպատակ է հետապնդում:
«Մեր առաջին խնդիրն առավել ժողովրդական երկիրն ունենալն է, բացի դրանից՝ մենք երկրում տնտեսական զարգացում ապահովելու խնդիր ունենք, և հենց կառավարության կառուցվածքից պետք է երևան տվյալ կառավարության առաջնահերթությունները»:
Էդմոն Մարուքյանի ներկայացրած կառավարության նոր կառուցվածքում նախարարությունների թիվը 14-ն է: Ըստ մեկ այլ առաջարկի էլ ԱԱԾ-ն պետք է վերադառնա կառավարության կառուցվածք՝ առանց քննչական մարմնի:
Խորհրդարանը պետք է կատարի վերահսկողական գործառույթ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ գործընկերների ներկայացրած կառուցվածքներն առկա խնդիրները չեն լուծելու, քանի որ այստեղ խնդիրը ոչ թե նախարարությունների թվի, այլ նրանց արդյունավետ աշխատանքի մեջ է:
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ պետք է ոչ թե եղածը քանդել, այլ բարեփոխել և ճիշտ ուղու վրա դնել:
Փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ նշեց, որ ինչ անուն էլ կրի նախարարությունը, այն պետք է ունենա ֆունկցիոնալ, այլ ոչ թե կարգավորիչ-ուղղորդող գործառույթ:
Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ հարցպատասխանի ձևաչափով: