- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ԱԿՏԻՎ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 26, 2019 | 10:34
Գիտություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ԱԿՏԻՎ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ Հայկ Պետրոսյանի առաջարկած «Բժշկական յուղերի արտադրության երկրորդային արգասիքներից կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատում» թեման Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2019»-ի շրջանակում երաշխավորվել է ֆինանսավորման:
Մեզ հետ զրույցում Հայկ Պետրոսյանը նշեց, որ նախագիծն ուղղված է ժողովրդական և ավանդական բժշկության մեջ կիրառվող բուսական յուղերի ստացման արտադրական երկրորդային արգասիքներից կենսաբանորեն ակտիվ միացությունների (բարձր դեղաբանական հատկություններով օժտված) անջատման անվտանգ տեխնոլոգիայի ներդրմանը, ինչպես նաև դրա հիման վրա կենսաբանական ակտիվ միացությունների փոքրածավալ արտադրության կազմակերպմանը:
«Կենսաբանորեն ակտիվ միացությունների արտադրության կազմակերպման գաղափարը պայմանավորված է Հայաստանում և Արցախում աճող դեղաբույսերի կենսաբազմազանությամբ, ինչպես նաև հանրապետության դեղագործական շուկայում էկոլոգիապես մաքուր արտադրանքի պահանջարկով: Այս եղանակով ստացված արտադրանքի տեսականին կունենա համեմատաբար ավելի ցածր գին»,- ասաց Հայկ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ, հետազոտության ընթացքում որպես ելանյութ կիրառվելու են ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում արտադրվող բուսական յուղերի (կաթնափուշի սերմեր, չիչխան, սև սալորի, դեղձի և վայրի ծիրանի կորիզներ) ստացման արտադրական երկրորդային արգասիքները:
«Բուսական յուղերի արտադրության երկրորդային արգասիքներն էկոլոգիապես մաքուր են և հաճախ օգտագործվում են որպես անասնակեր: Բայց մեր նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ արգասիքներից կարելի է անջատել մեզ անհրաժեշտ կենսաբանորեն ակտիվ միացությունները՝ միևնույն ժամանակ պահպանելով դրանց սննդային արժեքը որպես անասնակեր»,- փաստեց ԵՊՀ ասպիրանտը:
Նրա տեղեկացմամբ, թեմայի վերաբերյալ հետազոտություններն իրականացվելու են ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնում, ինչպես նաև «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի «Հալենային և նորհալենային դեղապատրաստուկների» լաբորատորիայում:
Հիշեցնենք, որ ասպիրանտների աջակցության ծրագիրն (PhD Support Program) իրականացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այն նպատակ ունի խթանելու երիտասարդ հետազոտողների գործունեությունը: Ֆինանսավորվում են ընտրված 10 ասպիրանտներ:
Քնար Միսակյան