- Գլխավոր
- Նորություններ
- ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ՀԱՅՑՈՐԴԸ ՀԱՂԹԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Հունվար 14, 2020 | 14:34
Գիտություն
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ՀԱՅՑՈՐԴԸ ՀԱՂԹԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հայցորդ, Օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանի առաջարկած թեման Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2019»-ի շրջանակում երաշխավորվել է ֆինանսավորման: Բացի դրանից՝ ֆինանսավորվելու է նրա և Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Նարինե Դուրգարյանի կողմից «Faculty research funding project 2019» ծրագրին ներկայացված թեման:
Մեզ հետ զրույցում Նաղաշ Միրաքյանը պատմեց, որ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի «Բարձրամոլեկուլային միացություններ» լաբորատորիայում իրենց խմբի կողմից մշակված նոր եղանակով սինթեզվում և ուսումնասիրվում են ազոտ պարունակող օրգանական կիսահաղորդիչ պոլիմերներ:
«Սրանց անալոգ կառուցվածք ունեցող պոլիմերներն արդեն իսկ օգտագործվում են «LCD» մոնիտորներում, արևային մարտկոցներում, մարտկոցներում, որոշ գազերի հայտնաբերման սենսորներում և մի շարք այլ սարքավորումներում»,- պարզաբանեց Նաղաշ Միրաքյանը:
Նրա խոսքով, հետազոտությունները շարունակելու և նոր ուսումնասիրություններ իրականացնելու համար իրենք դիմել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2019» և «Faculty research funding project 2019» դրամաշնորհային մրցույթներին, որոնց նպատակն էր խթանել Հայաստանի գիտական կենտրոններում և համալսարաններում գիտական խմբերի գործունեությունը:
«Պետք է նշել, որ դրամաշնորհային երկու ծրագրերին ընդհանուր ներկայացվել է մոտավորապես 150 թեմա, սակայն միայն մեր խմբի կողմից ներկայացված 2 հայտերն են, որ հայտարարված երկու ծրագրերով միաժամանակ դարձել են հաղթող՝ արժանանալով բարձր գնահատանքի և երաշխավորվելով ֆինանսավորման»,- ասաց Օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ:
«Ասպիրանտների աջակցության ծրագիր 2019»-ին Նաղաշ Միրաքյանը ներկայացրել է «Synthesis and studying of new conducting polymers-nano composite materials» թեման, որը վերաբերում է նանո չափսերի որոշ միացություններ պարունակող կիսահաղորդիչ պոլիմերների ստացմանը և ուսումնասիրությանը:
«Faculty research funding project 2019» ծրագրին էլ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նարինե Դուրգարյանի հետ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հայցորդը ներկայացրել է «A new method for synthesizing conjugated conducting polymers and study of conductivities» թեման, որը վերաբերվում է նոր եղանակով արոմատիկ ամինների քիմիական օքսիդացմամբ պոլիմերմանն օրգանական միջավայրում և ստացված պոլիմերների էլեկտրահաղորդականությունների ուսումնասիրությանը:
Նաղաշ Միրաքյանի փոխանցմամբ, դրամաշնորհները հնարավորություն կտան ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ տվյալ ոլորտներում հետազոտությունները շարունակելու ու հետագայում նորից նմանօրինակ ծրագրերին մասնակցելու համար:
«Այսպիսի ծրագրերը ցույց են տալիս, որ Հայաստանում դեռևս գոյություն ունի գիտական ահռելի ներուժ, որը համապատասխան ֆինանսավորման և ուշադրության դեպքում կարող է վերադարձնել մեր երկրի երբեմնի արդյունաբերական և գիտական համբավն աշխարհում»,- ասաց Նաղաշ Միրաքյանը:
Քնար Միսակյան