- Գլխավոր
- Նորություններ
- ՏՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հունվար 10, 2019 | 14:47
ՏՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ տնօրհնեքի արարողություն:
Տնօրհնեքի արարողությունն անցկացրեց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը:
Արարողությանը ներկա էին նաև Տնտեսագիտության և կառավարման ու Պատմության ֆակուլտետների դասախոսները:
Հայ առաքելական եկեղեցին տնօրհնեքի արարողությունը տարվա մեջ երկու անգամ է կատարում՝ Սուրբ ծննդից և Զատիկից հետո:
«Այսօր մեր ֆակուլտետում տեղի ունեցած տնօրհնեքը մաղթում էր Սուրբ ծննդյան ավետիսը: Հատկանշական է, որ այն տեղի ունեցավ ուսանողների նախաձեռնությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Աստվածաբանության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Արմինե Ավթանդիլյանը:
Վերջինս նշեց, որ Աստվածաբանության ֆակուլտետը սերտորեն համագործակցում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հետ, որտեղ ֆակուլտետի շատ ուսանողներ կամավորական աշխատանք են կատարում:
«ՀԵՀԵՄ-ն այս տարի մեր ուսանողներին հրավիրել էր ճրագալույցի պատարագին, որի տրամաբանական շարունակությունը տնօրհնեքի արարողությունն է,- պատմեց Արմինե Ավթանդիլյանը,- մենք՝ ուսանողներս, որոշեցինք տնօրհնեքի արարողությունը մեր ֆակուլտետում անցկացնել: Մենք հույս ունենք, որ այն պարբերական բնույթ կկրի»:
Արարողությունն ավանդույթ դարձնելու մտադրություն հայտնեց նաև Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը:
Վերջինս ողջունեց ուսանողների նախաձեռնությունը և ասաց, որ հատկապես հիմա երիտասարդները պետք է ամեն ինչ անեն իրենց ազգային ինքնությունը պահելու համար:
«Այս հարցում, իհարկե, իրենց կարևոր դերն ունեն եկեղեցական արարողություններն ու ավանդույթները, որոնք նոր շունչ պետք է ստանան հենց մեր երիտասարդների շնորհիվ»,- իր խոսքում նշեց Անուշավան եպս. Ժամկոչյանը:
Անի Պողոսյան