- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՆՀԱՏԻՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՄՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԳՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՕՐ ԶԱՐԳԱՆԱԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ
Ապրիլ 02, 2019 | 12:51
Ուսանողական
«ԱՆՀԱՏԻՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՄՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԳՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՕՐ ԶԱՐԳԱՆԱԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը։ ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
Հովհաննեսը մեզ հետ զրույցում պատմում է իր հաջողությունների ու առաջիկա ծրագրերի մասին:
Ես «Քիմիա» առարկային սիրահարվել եմ դեռևս 7-րդ դասարանից: Ուսուցչուհին այնքան յուրահատուկ էր ներկայացնում քիմիան, որ սկսեցի ապրել այդ առարկայով: 7-րդ դասարանում որոշեցի ուսումս շարունակել Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, և այդ որոշումը եղավ կյանքի առումով բեկումնային ու շատ կարևոր: 8-րդ դասարանում Ա. Շիրակացու անվան ճեմարանում հաճախում էի քիմիայի արտաուսումնական պարապմունքների: Ամենակարևորն այն էր, որ ինձնով սկսեցին լրջորեն և հետևողական զբաղվել այնտեղ: Հատկանշական է «Քիմիա»-ի օլիմպիական խմբակի վարիչ, իմ ուսուցիչ, իսկ հետագայում նաև ավագ ընկեր և գործընկեր Ժան Գուլբենկյանի նվիրված աշխատանքը, որի շնորհիվ դրվեց քիմիայից ունեցած իմ գիտելիքների ամուր հիմքը:
Դպրոցական տարիքում «Քիմիա» առարկայից մասնակցել եմ տեղական և միջազգային դպրոցական մի շարք օլիմպիադաների և բազմիցս հաղթող ճանաչվել: Այնքան շատ էի քիմիա կարդում, որ շատ արագ դուրս եկա դպրոցական մակարդակից և համալսարանում ուսանելու տարիներին՝ մինչև 4-րդ կուրս, այդ առարկայից նոր վերնագրի չեմ հանդիպել:
Հայկական դպրոցում ուսուցիչների դերը դեռևս շատ մեծ է: Ուսուցիչը կարող է աշակերտի մոտ և՛ կամք ձևավորել, և՛ գիտելիք տալ, իսկ դրանց միաժամանակյա առկայությունը մարդուն տանում է ճիշտ ու առողջ առաջընթացի ճանապարհով: Շատ կարևոր է, որ այսօր մեր մանկավարժներն ուղղորդեն աշակերտներին, երեխաների ձեռքը բռնած տանեն դեպի գիտություն, հետևողական լինեն աշակերտների նկատմամբ և մտահոգ նրանց ապագայով, ինչը, ցավոք, այդպես չէ: Սակայն աշակերտն էլ իր հերթին պետք է նախաձեռնող լինի, ցանկանա սովորել: Այդ առումով իմ բախտը բերել է. ես ունեցել եմ մանկավարժներ, որոնք ինձ նկատել և հոգատարությամբ զբաղվել են ինձնով:
Իմ կյանքի բեկումնային որոշումներից է եղել հատկապես այն, որ ես որոշել եմ խորապես ուսումնասիրել քիմիան: Մարդը պետք է կամք և աշխատասիրություն ունենա, որ հանուն իր ընտրած մասնագիտության հաղթահարի ճանապարհին հանդիպած խոչընդոտները, լրացնի բացերը: Ես ընտրել եմ այն մասնագիտությունը, որի համար պայքարել եմ և պատրաստ եմ պայքարելու:
Մարդուն կյանքում առաջնորդում է երկու գործոն՝ կամքը և գիտելիքը: Այս երկուսի միաժամանակյա առկայության դեպքում միայն հնարավոր է հասնել հաջողությունների: Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ այս երկու գործոնն էլ ունեմ, սակայն այդ ամենի համար շատ աշխատել ու աշխատում եմ ինձ վրա: Եթե կամքը կա, սակայն գիտելիք չկա, այն բերում է մարտնչող տգիտության: Միայն գիտելիքը ևս բավարար չէ հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է, որ մարդն ունենա ինքնավստահություն, կարողանա ճիշտ գնահատել և մատուցել իր կարողություններն ու հնարավորությունները:
Գիտելիքի վրա հիմնված ինքնավստահությունը գովելի է և հզոր շարժիչ ուժ:
Իմ սկզբունքը հետևյալն է. եթե նվիրվել, ապա միայն՝ գործին: Ըստ իս՝ անկայուն արժեքներին պետք չէ նվիրվել, գործը մնայուն արժեք է: Բացի դրանից՝ գործն արժեք է ստեղծում մարդկության համար:
Անհատին պետք է առաջ մղի զարգացման ձգտումը, պետք է ամեն օր զարգանալ. սա իմ կյանքի առաջաբանն է: Եթե ինչ-որ մի տեղ սպառվում է իմ զարգացման ռեսուրսը, ես լքում եմ այդ վայրը, քանի որ երբեք կախվածության մեջ չեմ ընկնում մարդկանցից և առավել ևս վարչական հաստատություններից: Եթե ես ամեն օր զարգանում եմ, ուրեմն երջանիկ եմ:
Երիտասարդներին խորհուրդ կտամ կյանքում չվախենալ մի քայլ հետ անելուց, եթե հետո հնարավոր է երեք քայլ առաջ անել: Նաև խորհուրդ եմ տալիս մասնագիտության ընտրության հարցում չլսել ոչ ոքի, նույնիսկ ծնողներին, քանի որ այդ կյանքով հետագայում ապրելու եք դուք, և միայն ու միայն դուք: Մասնագիտության կամ ԲՈՒՀ-ի ընտրության հարցում ծնողներս ինձ երբեք չեն ուղղորդել:
Իմ կյանքում անընդհատ բացահայտելու անհագ ցանկությունը նպաստել է, որ ես սիրեմ գիտությունը:
Առաջին կուրսից օրգանական քիմիայի ուսումնագիտական լաբորատորիաներում մասնակցում էի տարբեր գիտական աշխատանքների, իսկ արդեն 3-րդ կուրսում «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից անցկացվող նորարարության ամենամյա մրցույթում արժանացել եմ երկրորդ մրցանակին: Այս մրցույթը կազմակերպվում է մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների (ներառյալ ուսանողների) համար: Մրցույթում սահմանված են եղել չորս մրցանակային տեղեր, որոնցից մեկին արժանացել եմ ես: Հաղթողները որոշվել են արտասահմանյան մասնագետների գնահատականների հիման վրա: Մրցանակը ստացել եմ «Օպտիկապես մաքուր 1, 2, 3-տրիազոլային օղակ պարունակող ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման տեխնոլոգիա» աշխատանքի համար:
Երկրորդ մրցանակին արժանանալու համար ԿԳՆ-ի կողմից պարգևատրվել եմ դրամական պարգևով և պատվոգրով:
Ուսանելու տարիներին մասնակցել եմ նաև միջազգային կոնֆերանսների:
Հետազոտություն իրականացնելու համար աշխատել եմ Մոսկվայի Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում՝ ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի գիտական ղեկավարությամբ: Գործուղվել եմ նաև Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքի համալսարան, որտեղ զբաղվել եմ գիտական աշխատանքներով:
Եղել եմ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ՈԻԽ անդամ, նախագահության անդամ, մեր ֆակուլտետի և ԵՊՀ գիտական խորհուրդների անդամ: Ներկայումս հասարակական գործունեությամբ չեմ զբաղվում:
Այժմ աշխատում եմ երկու կառույցում՝ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ենթակայությամբ գործող Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնում որպես լաբորանտ և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի վարիչ:
Իմ կյանքում գյուտն ինձ համար ավելի մեծ ձեռքբերում է, քան հանրապետության լավագույն ուսանող լինելը: Սակայն հանրության արձագանքն ավելի բուռն էր այդ մրցանակաբաշխության հետ կապված, մինչդեռ գյուտն ավելի մեծ արժեք պիտի ներկայացներ հանրության համար: Սա էլ է որոշակի ազդակ: Ինչևէ:
Այսօր ուսանողները պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, իսկ դրա համար կարևոր է երեք գործոն. պետք է սովորել անգլերեն, համակարգչային հմտություններին տիրապետել և ձեռք բերել տեղեկատվության հետ աշխատելու կարողություններ:
Ուսանողներն ինչ-որ բան սովորելու համար պետք է մարդամոտ լինեն ու մարդկանց հետ ազատ շփվեն:
Դալայ Լամայի խորհուրդը երիտասարդներին հետևյալն է. «Միշտ ժամանակ անցկացրեք 70-ից բարձր մարդկանց հետ, նրանք կյանքի փորձի և իմաստության մեծ աղբյուր են»: Ես առաջնորդվում եմ այս խորհրդով:
Մարդու նպատակը պետք է հստակ ձևակերպված լինի, իսկ ռեսուրսներն ուղղված լինեն այդ նպատակին հասնելու համար: Ամենակարևորն այն է, որ նպատակին հասնելու ճանապարհին մարդը կանգուն և անկոտրում լինի ու չհուսահատվի:
Իմ նպատակն է Հայաստանում վերածնել քիմիական արդյունաբերությունը:
Այժմ ես ինձ պատրաստում եմ նրա համար, որ կարողանամ Հայաստանում քիմիայի ոլորտում փոփոխություն իրականացնել: Ցանկանում եմ ուսումնառությունս շարունակել և գիտելիքներս խորացնել տեխնոլոգիական ուղղությամբ, ինչպես նաև նախատեսում եմ սովորել պարսկերեն, քանի որ Պարսկաստանը կարող է լինել մեր արդյունաբերական լավագույն գործընկերը:
Մարդու մեջ ամենաշատն արժևորում եմ անհատ մնալու ցանկությունը: Մարդը պետք է ունենա իր դիմագիծը, կարողանա միշտ պահպանել անհատականությունը, երբեք չպետք է տարալուծվել միջավայրին:
Իմ կյանքում ամենահեշտ ապրելու ձևն ինքս ինձ հետ անկեղծ լինելն է, չստելը: Եթե ինքդ քեզ հետ անկեղծ ես, դու քեզ ճանաչում ես, իսկ եթե ճանաչում ու ընդունում ես թերություններդ, կարող ես շտկել և կյանքի քարտեզին կոորդինատներդ ճիշտ դնել: Այդ դեպքում բոլոր խոչընդոտները կհաղթահարես և կշարժվես առաջ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան