- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Մարտ 20, 2019 | 17:27
Հասարակություն
«ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ «Երևակայական վերնատուն» խորագրով միջոցառում, որը նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի գիտաշխատող Անահիտ Մկրտչյանը , Մուշեղ Գալշոյանի կինը և աղջիկը՝ Սիրանույշ Գալշոյանը , Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Աղասյանը, Արցախյան պատերազմի մասնակից, «Կանանց հասարակական կազմակերպության» նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Աիդա Սերոբյանը:
Ներկաներին ողջունեց Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը: Վերջինս միջոցառման սկիզբն ազդարարեց թումանյանական քառյակով:
«Երևակայական վերնատուն» կոչվող միջոցառումը մեկնարկեց երևակայական պատկերով. բեմում հանդիպեցին ոչ թե «Վերնատան» մեզ հայտնի անդամները, այլ Հովհաննես Շիրազը, Վահան Տերյանը, Երվանդ Օտյանը, Կոմիտասը:
Այս հանդիպմամբ, աշակերտները նպատակ ունեին մի տեղ հավաքելու գրական մշակներին, հատկապես՝ 2019 թ. հոբելյարներին (Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Երվանդ Օտյան, Լևոն Շանթ), որոնք նորից խորհելու են ազգի անցյալն ու ապագան կամրջող հոգևոր արժեքների մասին:
Խորհրդանշական առարկաներով էր զարդարված նաև բեմը՝ ցորենահասկի փնջեր, գինու տակառ, գյուղական կոլորիտը վրձնող պատկերներ. հենց այսպես Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակը:
Միջոցառումն ավարտվեց «Թմկաբերդի առումը» պոեմի բեմականացմամբ:
Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, այս և նմանօրինակ միջոցառումները ևս մեկ անգամ փաստում են, որ Թումանյանը և բոլոր գրական մեծությունները կերտում են ժողովրդի դիմագիծը. «Մեծերն են ստեղծում ժողովրդին՝ խտացնելով իրենց ափի մեջ ժողովրդի դարավոր դիմագիծը, իմաստությունը, խոհափիլիսփայությունը»,- նշեց գրականագետը:
Վերջինիս բնութագրմամբ, Թումանյանը ոչ միայն ապրում է ժողովրդի հիշողության մեջ, այլև ապրեցնում է նրան. «Պետք է խրախուսել այն դպրոցներին, որոնք կազմակերպում են Թումանյանին նվիրված միջոցառումներ և պետք է գնահատել աշակերտների տքնաջան ու անդուլ աշխատանքը»:
Անդրադառնալով այս տարվա քառակի հոբելյանական տոներին ՝ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ երբեք ստվերի տակ պետք չէ թողնել այս տոները.«Կոմիտասը ՝երգի, Թումանյանը՝ բանաստեղծության, Լևոն Շանթը՝ հայոց դրամատուրգիայի, իսկ Երվանդ Օտյանը երգիծական ժանրի հեղափոխականները դարձան»:
Միջոցառման ավարտին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի գիտաշխատող Անահիտ Մկրտչյանը դպրոցին նվիրեց «Թումանյանի զավակները» գիրքը:
Իսկ Մուշեղ Գալշոյանի աղջիկը՝ Սիրանույշ Գալշոյանը, դպրոցականներին հրավիրեց Կաթնաղբյուր՝ մանրակրկիտ ծանոթանալու Գալշոյանի թողած ժառանգությանը:
Անգին Խաչատրյան