- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Փետրվար 19, 2019 | 18:26
Գիտություն
Հասարակություն
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։
Ինչպես հայտնի է, 1917 թվականին Հովհաննես Թումանյանի ջանքերով ստեղծվում է «Հայկազյան» ընկերությունը, որը կոչված էր միավորելու հայ մշակույթն ու մտավորականությանը:
Իր հրապարակախոսություններից մեկում Թումանյանն անդրադառնում է «Հայկազյան ֆոնդի» ստեղծմանն ու առաքելությանը.
«Ազգ ենք և մինչև հիմա չունենք մեր ազգային պատմությունը։ Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում, փակված ձեռագրերից ու մեր շուրջը փռված հիշատակություններից՝ սկսած մինչև հեռավոր երկրների արխիվներն ու թարգմանությունները...
…Էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքերով, ուսումնասիրություններ կատարել, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա), և հետզհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությունը …
Գրականություն ունենք, բայց դեռ մի ընդհանուր գրական լեզու չունենք։ Եղածն էլ աղքատ ու աղճատ և անկազմակերպ։ Պետք է հավաքել հայոց բառարանների, բովանդակ հայության լեզվական գանձերը, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, ստեղծել հայոց ազգային գրական լեզու։
Գիտություն չկա մեր մեջ։ Ե՛վ դպրոց, և՛ գրականություն, և՛ հրապարակախոսություն, և՛ հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա ․․․» (Հ. Թումանյան, հ․ 4, Ե․, 1969 թ., էջ 397):
Այս հոդվածում Թումանյանն անդրադառնում է նաև հայ գեղարվեստին՝ ասելով, որ այն ընկած է երեսի վրա ու թողնված է մասնավոր մարդկանց խնամքին։ «Մինչդեռ բարձր քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու և կոչվելու համար առանց գեղարվեստի՝ ճար ու ճանապարհ չկա»,- գրում է նա։
Ահա այս խնդիրներին լուծում տալու համար Հովհաննես Թումանյանը ստեղծում է «Հայկազյան» ընկերությունը, որը սնվում էր հայ մեծահարուստների միջոցներով ու ապահովում էր ժամանակի գիտական միջավայրի կենսունակությունը։
Սակայն պատմության էջերը վերանայելը, գրական ընդհանուր լեզու ստեղծելն ու մշակութաբանությամբ զբաղվելը, այն սովորելն ու սովորեցնելը հնարավոր էր միայն գիտական հաստատության պատերի ներսում։ Հասկանալի է, որ «Հայկազյան» ֆոնդի հիմնական նպատակը, ի վերջո, Հայկական համալսարան հիմնելն է։
«Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերեն լեզվով և հայ գիտնականների կաճառ, գիտության օջախ, Հայկական Ակադեմիա։
Եվ պետք է ստեղծել Հայոց Համալսարան, ուր կարելի լինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորել հայերեն լեզվով։ Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ,- Հայկական Համալսարան»,- գրել է Հովհաննես Թումանյանը։
Օրինակ բերելով իտալացիներին, որոնք պատերազմի դաշտում՝ խրամատում, համալսարան են բացում ու զբաղվում գիտությամբ, Թումանյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը խրամատներից այսքան հեռու չի կարող զբաղվել գիտությամբ։
«Եվ սրա մեջ է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման»,- գրված է հոդվածի վերջում։
Ysu.am-ին տված հարցազրույցում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանն ասաց, որ հայոց մեծ բանաստեղծը շատ մեծ ոգևորությամբ էր զբաղվում «Հայկազյան» ընկերության ստեղծմամբ ու մեծ ցանկություն ուներ Հայկական Ակադեմիա հիմնելու։ Նա պատմեց, որ Թումանյանը բազմաթիվ հայ մտավորականների է կանչել՝ իր ծրագիրն իրագործելու համար։
«Նա ցանկանում էր, որ հայ մտավորականությունն ազատվի մանկավարժական գործից ու զբաղվի գիտությամբ։ Մտավորականությանը կանչելուց հետո՝ Պյատիգորսկում մի քանի ժողովներ է գումարում պրոֆեսոր Մառի ներկայությամբ, որտեղ քննարկվում ու ճշգրտվում են համալսարանին վերաբերող հարցեր»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ Հովհաննես Թումանյանը, համալսարան հիմնելու գործին լծված լինելով մեկտեղ, ստեղծում էր կամավորներին զենք ուղարկելու ֆոնդ։
Ցավոք, այդ ժամանակ Թումանյանի՝ համալսարան հիմնելու ցանկությունը չիրականացավ։ Սակայն նա չի հանձնվում և Հրաչյա Աճառյանին գրված նամակներից մեկում ասում է, որ համալսարան չունենալը չի նշանակում չունենալ Հայկական Ակադեմիա։ Թեև Աճառյանը չէր կարող դասավանդել համալսարանում, սակայն Թումանյանն այս նամակում գրում է, որ նա ընդգրկված է հայ գիտությունը զարգացնողների և տարածողների խմբի մեջ։
«Վերջապես Ձեզ ի նկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս»։
Թեև Հովհաննես Թումանյանի՝ ազգային համալսարան հիմնելու ջանքերը ձախողվեցին, այսուհանդերձ 1919 թվականի մայիսին նա տեսավ Պետական համալսարանի հիմնադրումը։
Մարինա Առաքելյան