- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Հոկտեմբեր 02, 2018 | 16:52
Ուսանողական
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Արդեն չորրորդ տարին է՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (նախկինում՝ Մանկավարժության ամբիոնը) նշում է Սոցիալական մանկավարժի միջազգային օրը:
Ավանդական դարձած այս միջոցառմանը ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, փոխդեկաններ Արտաշես Սարգսյանը, Վարդան Եղիազարյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Միջոցառման սկզբում հնչեցին Շառլ Ազնավուրի երգերը՝ ի հիշատակ մեծ հայի:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը:
Վերջինս, կարևորելով սոցիալական մանկավարժի մասնագիտությունը, տեղեկացրեց, որ տոնին ընդառաջ տեղի է ունենալու առաջինկուրսեցիների երդման արարողությունը. «Դուք ձեր երդմամբ հաստատելու եք, որ հավատարիմ եք մնալու ձեր ընտրած մասնագիտությանը. այն ամենահումանիստական մասնագիտություններից մեկն է»:
Հարությունյանի խոսքով, հանրակրթական դպրոցներում, ընտանիքներում երեխաների առջև ծառացած են տարաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է սոցիալական մանկավարժի օգնությունը:
Այնուհետև կայացավ առաջինկուրսեցիների երդման արարողությունը: Ապագա մասնագետները երդվեցին լինել երեխայասեր, օգնող, համբերատար, երեխաների շահերի պաշտպան և այլն:
Երդման արարողությունից հետո չորրորդ կուրսի ուսանողները շնորհավորեցին առաջինկուրսեցիներին և նվիրեցին խորհրդանշական վզկապներ:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին սոցիալական մանկավարժի մասնագիտության առանձնահատկությունները, անդրադարձան ոլորտի խնդիրներին:
Իսկ կենտրոնի գործունեությանը և մասնագիտական առանձնահատկություններին նվիրված տեսաֆիլմն ավելի առարկայական և պատկերավոր դարձրեց սոցիալական մանկավարժի առաքելությունը:
Անգին Խաչատրյան