- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԹԻՄԵՐԸ «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ
Հոկտեմբեր 28, 2019 | 16:59
Հասարակություն
ԵՊՀ ԹԻՄԵՐԸ «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթը, որտեղ ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են ԵՊՀ թիմերը:
ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհում հայտնի ամենամյա օլիմպիադային ԵՊՀ-ն մասնակցում է 2000 թ.: Մեզ հետ զրույցում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան և օլիմպիադայի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ մրցույթն առանձին փուլով անցկացվել է հայաստանյան բուհերի միջև:
Օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթին մասնակցել է հինգ բուհերի (ԵՊՀ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԱրՊՀ և Հայ-ռուսական համալսարան) 17 թիմ: Բացի դրանից՝ մրցույթին իրենց ուժերն են փորձել «Քվանտ» վարժարանի և «Ֆիզմաթ» դպրոցի աշակերտները:
Մրցույթին ԵՊՀ թիմերը լավ արդյունքներ են գրանցել և զբաղեցրել ամենաբարձր հորիզոնականները: Մեզ հետ զրույցում Վահրամ Դումանյանն ասաց, որ առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած ԵՊՀ թիմերը համալսարանի աջակցությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում մասնակցելու են օլիմպիադայի տարածաշրջանային փուլին. «Հովանավոր գտնելու դեպքում մյուս թիմերը ևս կարող են մասնակցել օլիմպիադայի տարածաշրջանային փուլին»:
Վահրամ Դումանյանը փաստեց, որ հայաստանյան տարածաշրջանային մրցույթին Արցախի պետական համալսարանն այս տարի առաջին անգամ է մասնակցել և գոհացուցիչ արդյունքներ գրանցել. «Գոհացուցիչ են նաև դպրոցականների ցուցաբերած արդյունքները, որոնք, մրցույթից դուրս չափելով իրենց ուժերը, շատ ավելի լավ են հանդես եկել, քան համալսարանական թիմեր»:
Օլիմպիադայի հայաստանյան տնօրենի հավաստմամբ, դպրոցականների մասնակցությունը մրցույթին վաղուց է իրականցվում, որի նպատակն է խթանել նրանց հետաքրքրությունն առարկայի և օլիմպիադայի նկատմամբ:
Վահրամ Դումանյանը, ընդհանուր առմամբ, մրցույթի արդյունքներից գոհ է: Նա փաստեց, որ մասնակիցներին առաջադրված խնդիրները նույն բարդությամբ են եղել, ինչ Սանկտ Պետերբուրգում, որի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի թիմը 7 տարի օլիմպիադային անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Տեղեկացնենք, որ Թբիլիսիում ԵՊՀ թիմերի հետ մրցելու են նախկին խորհրդային երկրների բուհերի թիմերը: Ի դեպ, մրցույթը զուգահեռ ընթանալու է 4 քաղաքներում`Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի, Բառնաուլ:
Վահրամ Դումանյանը մեզ փոխանցեց, որ մինչ այդ համալսարանի աջակցությամբ ԵՊՀ 2 թիմեր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում կմասնակցեն մրցույթից առաջ կազմակերպվող հանդիպում-քննարկմանը:
Քնար Միսակյան