- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
Հոկտեմբեր 03, 2022 | 18:51
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է գիտական հետազոտությունների կատարումն առավել դյուրին դարձնելու, ակադեմիական շարժունությունը բարձրացնելու և դոկտորական կրթության որակը բարելավելու նպատակով՝ նպաստելով ուսումնական ծրագրերի արդիականացմանը:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Լատվիայի համալսարանի «Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի համակարգող Ինգա Սկենդերեն:
Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ այս տարվա աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններով պայմանավորված՝ դպրոցն անցկացվելու է միայն Հայաստանում:
«Այս ծրագիրն սկսվել է դեռևս տարիներ առաջ և մոտենում է իր հաջող ավարտին: ԵՊՀ-ն առաջինն է Հայաստանում հայ և օտարերկրյա ասպիրանտների համար նմանօրինակ դասընթացների կազմակերպման գործում»,- ընդգծեց Ա. Մարգարովը:
Խոսելով ծրագրի կարևորությունից՝ Ա. Մարգարովը նշեց. «ԵՊՀ-ում այժմ շատ դասախոսներ, գիտնականներ և ուսանողներ կան, որոնք գալիս են այլ երկրներից: Այս փաստը կրկնակի արժևորում է միջմշակութային հաղորդակցության դերը դասապրոցեսի պլանավորման գործում»:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետը հավելեց՝ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև տեխնիկական մոտեցումներին, քանի որ մարդկությունն ապրում է համաճարակային և հետհամաճարակային ժամանակներում:
«Այժմ կարևոր են թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական տարրերը»,- իր խոսքը եզրափակեց Ա. Մարգարովը:
Ողջունելով դոկտորական դպրոցի մասնակիցներին՝ «MODEST» նախագծի համակարգող Ինգա Սկենդերեն ասաց. «Հագեցած չորս օրերի ընթացքում փորձելու ենք միասին ուսումնասիրել բոլոր այն մեթոդներն ու տեսությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ասպիրանտի և հետազոտողի արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով: Մեզ համար առանձնապես կարևոր է նաև հեռավար ուսուցման հնարավորությունների ճիշտ կիրառումը»:
Ելույթներին հաջորդեցին դասախոսություններ: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց «Դասընթացի մշակման արվեստ» խորագրով դասախոսություն, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել դասընթացի պլանավորման և գնահատման մեթոդներին, տեսություններին։ Ս․ Խաչատրյանի խոսքով՝ դասընթացի արդյունավետ կազմակերպման համար դպրոցի շրջանակում ուսումնասիրելու են, թե ինչպես պետք է հստակ սահմանել նպատակներն ու խնդիրները, որպեսզի հետագա քայլերը լինեն առավել արդյունավետ։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Անուշ Այունցը, որը ներկայացավ «Միջմշակութային հայեցակետերը հետազոտության և ամենօրյա ակադեմիական պրակտիկայում» խորագրով դասախոսությամբ, մեզ հետ զրույցում կարևորեց ակադեմիական միջավայրում միջմշակութային հմտությունների իմացության դերը՝ հիմք ընդունելով այն, որ բուհերը ձգտում են միջազգայնացման և պետք է հետևեն գլոբալացման թելադրած կանոններին:
«Միջմշակութային հաղորդակցության հմտությունները հիմնականում կարևոր են տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև ճիշտ հաղորդակցություն ապահովելու համար»,- ասաց Ա․ Այունցը։
Դոցենտը հավելեց, որ մինչ դոկտորական դպրոցի սկսվելն ինքը մասնակիցներին հարցաթերթիկներ է տվել՝ պարզելու, թե նրանք որքանո՞վ են տիրապետում այդ հմտություններին։
«Պետք է ասեմ՝ տպավորված եմ․ պատասխանները գոհացնող էին»,- ընդգծեց Ա. Այունցը:
Լոնդոնի Բրունել համալսարանի կորպորատիվ և ֆինանսական իրավունքի ավագ դասախոս, հետբուհական ծրագրերի տնօրեն Ստելիոս Անդրեադակիսը և էլեկտրոնային ինժեներիայի ավագ դասախոս Նազմուլ Հուդան դոկտորական դպրոցի ընթացքում ներկայացրին մի քանի դասախոսություն: Նրանք համեմատությունների միջոցով ներկայացրին տարբեր երկրների աշխատելաոճի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները՝ հիմնական շեշտը դնելով Մեծ Բրիտանիայի օրինակի վրա։ Բանախոսները շեշտեցին, որ շատ հարցեր սերտորեն կապված են փորձի փոխանակման հետ։
Դասախոսության ընթացքում Բրունել համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձան ասպիրանտական կրթության ամբողջ գործընթացին և ասպիրանտներին ու հետազոտողներին աջակցելու հնարավոր տարբերակներին»։
Ս. Անդրեադակիսը հետազոտական աշխատանքի կատարման և համալսարանականների հաղորդակցության գործում կարևորեց հետազոտության մշակութային գործոնը։
Մեզ հետ զրույցում Ս. Անդրեադակիսը պատմեց․ «Թիմային աշխատանքից խոսելիս ներկայացրինք, թե ինչպես է հետազոտության մշակութային գործոնն ազդում ընդհանուր միջավայրի ձևավորման վրա, ինչպես պետք է հաղորդակցվեն և համագործակցեն ասպիրանտները, նրանց գիտական ղեկավարներն ու առհասարակ գիտական հանրույթը:
Նշենք, որ միջազգային դոկտորական դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 3-6-ը, դասընթացները վարելու են պրոֆեսորներ՝ Հայաստանից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լեհաստանից և Մեծ Բրիտանիայից:
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան ծրագրի ներկայացուցիչ համալսարանների ներկայացուցիչների ստորագրությամբ հավաստագրեր: