- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ»․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 04, 2019 | 15:01
Կրթություն
Հասարակություն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ»․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Գիտաժողովը կազմակերպել էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ/պ պարոն Գեղամ Գևորգյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյթենը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, 7 պրոֆեսոր տարբեր երկրների կրթական և գիտական հաստատություններից, քաղաքական գործիչներ, սոցիոլոգներ, դասախոսներ, ուսանողներ, հրավիրյալ հյուրեր:
«Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» գիտաժողովը նվիրված էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100, Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության կազմակերպման 25, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ու Հայաստանում սոցիալական աշխատողների ասոցիացիայի ստեղծման 15-ամյա հոբելյաններին:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը, որը շնորհավորեց ներկաներին սոցաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ․«Կարևորն այն է, որ կարողանաք ձեր աշխատանքով օգտակար լինել մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, իսկ այդպիսի մարդիկ միշտ կլինեն: Ձեր և հասարակության մնացած անդամների աշխատանքից է կախված նման մարդկանց կյանքը թեթևացնելը և, որ էլ ավելի կարևոր է, նրանց հանրային կյանքին ներգրավելը։ Բոլոր մարդիկ ճիշտ աջակցության դեպքում կարող են ոչ միայն իրենց լիարժեք զգալ, այլև կատարած աշխատանքով օգտակար լինել հանրությանը»։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը համառոտ ներկայացրեց այն քայլերը, որոնք համալսարանը ձեռնարկում է սոցիալական աջակցության կարիք ունեցողներին օգնելու համար։ Նա նշեց, որ ԵՊՀ-ում արդեն կան մասնաշենքեր, որոնք հասանելի են բոլորին, կան անձնակազմի աշխատողներ կամ ուսանողներ, որոնք վարձատրվում են, որպեսզի օգնեն աջակցության կարիք ունեցող ուսանողներին դասերին լիարժեք մասնակցել: Բացի դրանից՝ պարոն Գ. Գևորգյանը նշեց, որ առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է ԵՊՀ բոլոր մասնաշենքերում թեքահարթակներ կառուցել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը միացավ շնորհավորանքներին և նշեց, որ այս մասնագիտությունը և աշխատանքը, թերևս, ամենակարևորն է համարում ժողովրդավարական, սոցիալական պետության համար։
«Չեմ վախենա նշել, որ Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտն ավելի շատ կայացել է ակադեմիական մակարդակում։ Մեր երկրում առկա մասնագիտական կրթության ոլորտում ներուժը, ցավոք, պետական ծրագրերում կամ պետական քաղաքականության մեջ գործնական կիրառություն չի գտել այնքան, որքան որ պետք է տեղի ունենար՝ հիմնվելով նշված միջոցների վրա»,- ասաց Զ․ Բաթոյանը։
Նա նշեց, որ կարիքի գնահատման վրա հիմնված քաղաքականությունն է օգնում մեզ մեր ծրագրերը դարձնել մարդակենտրոն։
«Ես ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունը հենց այսպիսի աշխատանքի վրա պետք է հիմնված լինի՝ կարիքի գնահատման և այդ կարիքին համապատասխան ծառայությունների ու քաղաքականության մշակման։ Այդ իմաստով շատ կարևորում ենք ոլորտի մասնագետների, փորձագետների փորձը, աշխատանքը, նրանց գիտելիքներն ու համագործակցությունը, որովհետև սոցիալական աշխատանքի կարևորությունը ոչ միայն խնդիրների լուծման իմաստով է արդիական, այլև այդ խնդիրները կանխարգելելու»,- ասաց նախարարը։
Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում համագործակցության ավելի լայն հնարավորություններ են լինելու, ինչին մանրամասն անդրադարձավ իր հետագա ելույթում։ Զարուհի Բաթոյանը խոսեց ակտիվ համագործակցության մասին և ասաց, որ ակնկալում է բոլորի աջակցությունը։
«Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյթենը, որը շնորհավորեց ներկաներին այս հատուկ օրվա կապակցությամբ։
Նա նշեց, որ սոցիալական աշխատողի դերը շատ կարևոր էր Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունման հարցում։
«Սոցիալական աշխատողները բարեփոխում են կյանքը։ Նրանք փոխում են կյանքի պայմանները, որոնք պայմանավորում են երեխայի կյանքը։ Սոցաշխատողն աշխարհում ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է»,- ասաց Լիվ Էլին Ինդրեյթենը։
Նա շնորհակալություն հայտնեց սոցիալական աշխատողին իր կատարած աշխատանքի և հատկապես խոցելի խմբի երեխաներին ցույց տված աջակցության համար։
«Մենք արդեն կարողացել ենք հասնել նրան, որ երկխոսության հնարավորություն և ասելիք ունենք միջազգային հանրության համար։ Մենք այսօր հյուրընկալում ենք 7 պրոֆեսորների և հետազոտողների աշխարհի տարբեր համալսարաններից ու կազմակերպություններից, որը դարձել է բարի ավանդույթ։ Հայաստանը հյուրընկալում և երկխոսության մեջ է մտնում սոցիալական աշխատանքի առաջավոր պրակտիկա ունեցող երկրների հետ, որովհետև արդեն իսկ ձևավորել է սեփական ասելիքը և կարող է փոխանցել իր փորձը»,- իր խոսքի սկզբում ասաց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
Նա անդրադարձավ այն մարդկանց, կազմակերպություններին, որոնք աջակցում են նմանօրինակ միջոցառումների կայացմանը, ինչպես նաև մասնագիտության զարգացմանը՝ նշելով, որ սա իսկապես գործընկերային գործընթաց է, որտեղ շատ են դերակատարները։
«Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս։ Հիմա Հայաստանում ամենալավ հնարավորություններն են ստեղծված. նախ կա քաղաքական կամք, երկրորդն էլ՝ կուտակված փորձ։ Սա ամենահարմար ժամանակն է, երբ մենք կարող ենք ձեռնամուխ լինել հաջորդ փուլի զարգացմանը և 25 տարի ջանքեր գործադրելուց հետո գնալ դեպի ոլորտի մասնագիտացում, կիրառել ծառայությունների արդյունավետ մատուցման տեխնոլոգիաներ»,- նշեց Մ․ Անտոնյանը։
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը նույնպես միացավ շնորհավորանքներին և ասաց, որ այսօր սոցիալական աշխատողի օրը նշելը մեծ իրադարձություն է, ինչը վկայում է առաջընթացի մասին։
«Ամեն ինչ սկսվեց հեռավոր 80-ականների երկրորդ կեսին. Հայաստանում ստեղծվեց իրավիճակ, երբ անհրաժեշտ էր մարդկանց օգնել։ Այդ իրավիճակն արդյունք էր հասարակության սոցիալական փոխակերպման, հետևանք էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի և Արցախի ազատագրման համար սկսված շարժման, որը հանգեցրեց պատերազմին։ Հայաստանը նման էր մի կաթսայի, որի մեջ մարդիկ եփվում էին իրենց սոցիալական հոգսերով։ Եվ հիշեցնեմ, որ նախորդ սոցիալական պաշտպանության համակարգը դատապարտված էր անգործության, ու առաջին քայլերը միայն 90-ականներին եղան»,- նշեց Ա․ Խաչատրյանը և պատմեց դրանից հետո սոցիալական աշխատանքի զարգացման ու Հայաստանում սոցիալական աշխատանքը կրթության մեջ ներդնելու, ոլորտին վերաբերող բաժին ունենալու մասին։
«Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» միջազգային գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան Մանչեստրի Մետրոպոլիտան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Քինգսթոնի համալսարանի պրոֆեսոր, Բուխարեստի համալսարանի պատվավոր դոկտոր Մալքոլմ Փեյնը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Յուլիանա Մելքումյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Արմենուհի Հովակիմյանը։
Ելույթներից հետո տեղի ունեցան պանելային քննարկումներ։
Նշենք, որ գիտաժողովը տևելու է երկու օր։ Երկրորդ օրը ելույթներ են ունենալու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, «Առաքելություն Հայաստան», «Վորլդ Վիժն Հայաստան», «Հայ օգնության ֆոնդ» և «Սոցիալական ձեռներեցների դպրոց» կազմակերպությունների և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Մարինա Առաքելյան