- Գլխավոր
- Նորություններ
- «ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ
Մայիս 16, 2019 | 16:33
Կրթություն
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում իրականացվող «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, որը նվիրված է ԵՊՀ 100-ամյակին:
Միջազգային գիտաժողով-աշխատաժողովին մասնակցում է շուրջ 100 ներկայացուցիչ նախագծի գործընկեր Եվրոպական և Արևելյան գործընկերության 15 բուհերից և այլ կրթական հաստատություններից:
«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան):
«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանի պրոռեկտորները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
«ERASMUS+»-ի «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագիծն իրականացնում է ԵՊՀ-ն:
«PRINTeL» նախագիծը նպատակաուղղված է դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդների և ձևերի զարգացմանը ծրագրի արևելյան գործընկեր 9 բուհերում և այս ասպարեզում նորարարությունների ներմուծմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում ՏՀՏ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստրիայի մի շարք առաջատար համալսարաններ:
Նախագծի նպատակն է բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավագույն փորձի տարածմանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց ԵՊՀ 100-ամյակի առթիվ:
«Ինչպես գիտեք, այսօր պատմական օր է յուրաքանչյուր հայի, առավել ևս յուրաքանչյուր համալսարանականի համար։ Այսօր Մայր բուհը դառնում է 100 տարեկան։ 100 տարի առաջ՝ այս օրը՝ 1919 թ. մայիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել: 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանյան տարբեր երկրներից:
Հիմնադրման առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` Պատմալեզվաբանական ֆակուլտետ, ընդամենը 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող բազմաթիվ անվանի մասնագետներ, որոնք մեծ ներդրում ունեցան համալսարանի հետագա կայացման և հեղինակության բարձրացման գործում։
Այսօր՝ համալսարանի հիմնադրումից 100 տարի անց, հպարտ եմ նշելու, որ ԵՊՀ-ն ունի 19 ֆակուլտետ, 2 ինստիտուտ, 3 գիտաուսումնական կենտրոն և 100-ից ավելի ամբիոն։ ԵՊՀ երեք կրթական աստիճաններում սովորում է շուրջ 17000 ուսանող և դասավանդում 1500-ից ավելի դասախոս։ ԵՊՀ-ում է կենտրոնացած հանրապետության գիտական ներուժի զգալի մասը։ Լինելով Հայաստանի ամենամեծ բուհը՝ իր գոյության 100 տարիների ընթացքում ԵՊՀ-ն ունեցել է շուրջ 145 հազար շրջանավարտ, որոնք ընդգրկվել են մեր տնտեսության, հասարակական-քաղաքական դաշտի տարբեր ոլորտների աշխատանքներում ու իրենց նպաստը բերել հայրենի երկրի հզորացմանը»,- ասաց նա:
ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ մեկդարյա գործունեության ընթացքում ԵՊՀ-ն մշտապես կարևորել է կրթության, հատկապես դասավանդման և ուսումնառության որակը, որի բարելավման ուղղությամբ մշտապես ձեռնարկվել և այժմ էլ ձեռնարկվում են հետևողական քայլեր։
«ԵՊՀ-ում դասավանդման և ուսումնառության որակի բարելավմանն ուղղված և, կարծում եմ, հաջողված միջոցառումներից մեկը կարելի է համարել համալսարանի համակարգմամբ և «ERASMUS+» ծրագրի շրջանակում իրականացվող «PRINTeL» նախագիծը, որը, ինչպես գիտեք, նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդների ու ձևերի զարգացմանը ծրագրի գործընկեր բուհերում և այս ասպարեզում նորարարությունների ներմուծմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում ՏՀՏ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Նախագծի նպատակներն են բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝դրանք համապատասխանեցնելով կրթության և վերապատրաստման ոլորտում եվրոպական համագործակցության ռազմավարական շրջանակի չափորոշիչներին՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավագույն փորձի տարածմանը»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ համալսարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարական ծրագրում ամրագրված դրույթներին, այս նախագծի միջոցով նպատակ ունի նաև կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցություն հաստատելու ԵՄ-ի և գործընկեր մյուս երկրների բուհերի հետ՝ խթանելով դասախոսների փոխադարձ վերապատրաստումները և շարժունությունը, ընդլայնելով առցանց վերապատրաստման ռեսուրսների և միջոցների զարգացումը:
Նրա ներկայացմամբ, այս նախագծում 4 հիմնական խնդիր է դրված. դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացում, դասախոսների՝ նորարարական մեթոդներով դասավանդման կարողությունների զարգացում, դասավանդման և ուսումնառության վիրտուալ հարթակի ստեղծում ու նորարարական դասավանդման փորձի խթանում և տարածում. «Կարող եմ փաստել, որ նախագծի մեկնարկից շուրջ 1,5 տարի անց և՛ մեր համալսարանը, և՛ նախագծի մասնակից մյուս 8 բուհերն ունեն լուրջ ձեռքբերումներ արդեն իրականացված ուղղություններում։
Այս ընթացքում Արևելյան գործընկերության 9 բուհերում, այդ թվում՝ նաև մեր համալսարանում, եվրոպական 5 գործընկեր բուհերի աջակցությամբ իրականացված վերապատրաստումների արդյունքում, ինչպես նաև նրանց անմիջական խորհրդատվությամբ, վերանայվել և ներդրվել են դասախոսների վերապատրաստման կենտրոնների վերակառուցման ծրագրերը, ինչը լուրջ քայլ է նշված կենտրոնների հզորացման և վերազինման գործում»։
Ռեկտորը հաջողություն մաղթեց այս գիտաժողովին և ընդհանրապես «PRINTeL» նախագծի հետագա բոլոր աշխատանքներին։ «Իսկ բոլոր համալսարանականներիս մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս նշանակալի հոբելյանի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում»,- հավելեց նա:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց ԵՊՀ 100-ամյակը: Նա նշեց, որ ուրախ է տեսնելու տարբեր համալսարաններից ժամանած հյուրերին և պատրաստակամություն հայտնեց նրանց հետ համագործակցելու համար:
«PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը նշեց, որ նախագծում ընդգրկված բուհերի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են՝ ի մի բերելու իրենց կատարած աշխատանքները և մշակելու կոնկրետ միջոցառումներ՝ նորարարական մեթոդներով դասավանդումն առաջիկայում բուհերում ներդնելու համար: Կազմվելու են նաև 5 աշխատանքային խմբեր, որոնք մշակելու են նորարարական դասավանդման մեթոդների վերաբերյալ երաշխավորություններ:
Արմեն Բուդաղյանի խոսքով, քանի որ «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագիծն իրականացնում է ԵՊՀ-ն, համալսարանում ընթանում են շատ ակտիվ աշխատանքներ, մասնավորապես եվրոպական 5 համալսարաններում 16 դասախոս վերապատրաստվել է որպես վերապատրաստող, որից հետո նրանք վերապատրաստել են իրենց գործընկեր դասախոսներին: «Այսօր մենք ունենք շուրջ 260 դասախոս, որոնք վերապատրաստվել են այս նախագծի շրջանակում: Իսկ «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում վերապատրաստվել են շուրջ 100 վերապատրաստող և 1700 դասախոս, և հույս ունենք, որ այս ամենի արդյունքում Հայաստանի բուհական համակարգում կգրանցվեն որակական փոփոխություններ»,- հավելեց նա:
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ, «PRINTeL» նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը, կարևորելով այս միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, նշեց, որ 100-ամյա ԵՊՀ-ն ևս մեկ քայլ է անում՝ ներդնելու նորարարական տեխնոլոգիաները համալսարանում և ավելի երիտասարդացնելու իր ծրագրերը:
«ERASMUS+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան նշեց, որ այս ծրագիրը մեծ ձեռքբերումներ կունենա շնորհիվ իրենց ջանասիրաբար աշխատանքի: «Մենք բազմաթիվ նպատակներ ունենք, որոնք պետք է իրականացնենք բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև դասավանդման գործընթացում: Այս ծրագրի շրջանակում անցկացված գիտաժողովներում ուսուցիչները և դասախոսները մեծ հետաքրքրություններ են ցուցաբերում դասավանդման գործընթացում փոփոխություններ իրականացնելու համար»,- ասաց նաև և հույս հայտնեց, որ «ERASMUS+»-ի «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագիծը կլինի հաջողված: Նա հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին՝ ուսանողներին, դասախոսներին, արտերկրից ժամանած հյուրերին՝ սովորելու և սովորեցնելու այս ծրագիրն ի մի բերելու գործում:
Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Վիմ Վան Պետեգեմը նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել նորարարական մեթոդով ուսուցում: «Այս ծրագրի կարևոր սկզբունքներից է ճիշտ օգտագործել նոր տեխնոլոգիաները սովորելու և դասավանդելու համար: Ուսանողներին քաջալերելու համար պետք է ստեղծել նոր տեխնոլոգիաներով հագեցած հարմարավետ լսարաններ, որպեսզի նրանք կարողանան սովորել ոչ միայն համալսարանում, այլև տանը՝ հեռահար ուսուցմամբ»,- ասաց նա:
Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր Ջոան Թոմաս Պուջոլան ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում նորարարական դասավանդմանը և ուսումնառությանն օժանդակելու համար ճիշտ է, որ դասընթացների ժամանակ ուսանողները կարողանան օգտագործել իրենց հեռախոսները և պլանշետները. «Նոյեմբերին տեղի ունեցած դասընթացների ժամանակ մասնակիցներն ունեցել են որոշակի մարտահրավերներ, սակայն նրանք ջանասիրաբար աշխատելու շնորհիվ կարողացել են ստեղծել կայքէջեր և տեսահոլովակներ հեռահար ուսուցման համար»:
Պորտոյի համալսարանի պրոֆեսոր Մարիա Լոպես Պինտոն, Լինշոփինգի համալսարանի դիդակտումի փոխտնօրեն Պիտեր Դալենիուսը, Գրացի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Դորիս Քիենդլը ներկայացրին իրենց կողմից իրականացված վերապատրաստումների արդյունքները:
Զեկուցումներով հանդես եկան նաև նախագծի գործընկերներ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի համալսարանների ներկայացուցիչները՝ ներկայացնելով, թե ինչպես են նրանք իրենց բուհերում նորարարական մեթոդներով իրականացրել դասախոսների վերապատրաստումները:
Նշենք, որ «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը շարունակվելու է նաև վաղը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան