- Գլխավոր
- Նորություններ
- ԲԻԹԼԵՐԸ՝ ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՁԱՅՆ. ԱՅՍՕՐ «THE BEATLES» ԽՄԲԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Հունվար 16, 2019 | 15:32
ԲԻԹԼԵՐԸ՝ ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՁԱՅՆ. ԱՅՍՕՐ «THE BEATLES» ԽՄԲԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001 թվականից հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles» խմբի միջազգային օր:
«The Beatles» խումբը, բազմիցս թվարկված նվաճումներից բացի, բրիտանացի երիտասարդների մեջ ընդվզման ոգի արթնացրեց։ Բիթլերը դարձան հասարակությանը հուզող խնդիրների և առանձին սոցիալական խմբերի ձայնը։
Հեռավոր Արևելյան դաշնային համալսարանի հոգեբանության և կրթության բաժնի պատմական գիտությունների թեկնածու Պավել Խորոշիխը «Սոցիալական մոտիվները բրիտանական «The Beatles»-ի ստեղծագործություններում» հոդվածում անդրադառնում է մի շարք հետաքրքիր խնդիրների:
20-րդ դարասկզբին, բախվելով տնտեսական խնդիրների, բրիտանական լեյբորիստները դրանցից ազատվելու շատ վիճելի տարբերակ ընտրեցին՝ աշխատավարձերի կրճատում, աշխատանքային օրվա ժամերի ավելացում՝ խիստ ցածրացնելով բրիտանացիների կյանքի որակի մակարդակը։
Քաղաքացիների բողոքը տարածվում էր ամբողջ երկրով մեկ։ Բողոքի գլխավոր կենտրոններից մեկը Լիվերպուլն էր։ Այն յուրահատուկ էր երիտասարդների ներգրավվածությամբ։
Վառ, առաջադեմ գաղափարներ կրող երիտասարդներն ապշեցնում էին ավագ սերնդին և դարձնում Լիվերպուլը սոցիալական պայթյունի էպիկենտրոն։
Այսպես ձևավորվեց «մոտոցիկլետով սերնդի»՝ ռոքերների շարժումը, որը գլխավորապես դեմ էր մոդզ՝ ստեղծագործ մասնագիտությունները բնորոշող ոճին։ Կաշվե բաճկոնները փոխարինեցին դասական կոստյումներին, հասարակական կանոններն ու նորմերը կասկածի տակ առնվեցին։
Բիթնիկ պոետ Դևիդ Փիլը «մենք փախանք» արտահայտությամբ մատնանշեց հանրային գիտակցության մեջ մշակութային փոփոխությունները։
Ռոքը դարձավ բողոքի ու պայքարի, մերժման ու վերարժեքավորման մարմնացումը։
Լիվերպուլյան ընդվզումները, ռոքը և փոփոխվող իրականությունը ծնեցին «The Beatles» խումբը։
Փոլ Մաքքարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարրը դարձան այդ ընդվզումների երկրորդ ալիքը՝ վերափոխելով ռոքն ու ստեղծելով նոր երաժշտական ոճ:
Խաղաղության և փոփոխությունների ոգով լեցուն արվեստը ցույց տվեց աշխարհին, թե որքան մռայլ է երիտասարդների կյանքն Անգլիայի աշխատանքային թաղամասերում:
Ստեղծագործական ուղու սկզբում տեքստերի մեծ մասի հեղինակը Ջոն Լենոնն էր, և հենց ինքն էլ դարձավ բողոքի ձայնը՝ միաձուլելով սոցիալական ընդվզումն ու անգլիական ավանդական պոետիկան: Նա նկարագրում է միջին խավի առօրյան և կոչ անում փոխել իրականությունը:
Վերոնշյալի վառ օրինակ է «A Hard Day’s Night» («Դժվար օրվա գիշերը») երգը, որտեղ նկարագրվում է սովորական աշխատող երիտասարդը: Ծանր ու քիչ վարձատրվող աշխատանքից հետո նա մեկ բան է երազում՝ քնել. «I've been working like a dog, It's been a hard day's night, I should be sleeping like a log» («Ամբողջ օրը «շան պես» աշխատել եմ, դժվար օր էր, ուզում եմ «շան պես» քնել»): Վերադառնալով տուն՝ տեսնում է մաքրություն, կոկիկություն, ընկերուհին ուրախանում է փոքրիկ նվերով: Եվ գործազրկության կտրուկ աճի, տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենամեծ սատարողն այդ սերն է:
«Can't Buy Me Love» («Չես կարող ինձ համար սեր գնել») երգի հերոսը ամուսնության առաջարկ անող տղան է, որը կարող է գնել ադամանդե մատանի, ունի ֆինանսական կայունություն: Բայց նրա համար ամենակարևորը սերն է, զգացմունքը, և ցանկանում է, որ իր ընկերուհու համար էլ այդպես լինի: Երգի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ անգամ տնտեսական ճգնաժամի վիճակում ամեն հարց չէ, որ հնարավոր է դրամով լուծել:
I'll buy you a diamond ring my friend if it makes you feel alright,
I'll get you anything my friend if it makes you feel alright,
Cos I don't care too much for money, and money can't buy me love.
Ընկերս, եթե կուզես, ադամանդե մատանի կգնեմ,
Ինչ որ ուզես, քեզ համար ես կգտնեմ,
Բայց, միևնույն է, շատ փողով էլ, սերը գնել ես չեմ կարող:
«Ticket to ride» («Տոմս») երգի՝ առաջին հայացքից պարզունակ տեքստն անդրադառնում է երիտասարդ ընտանիքի խնդիրներին: Ի՞նչն է պատճառը, որ հարաբերությունները դառնում են ծանր բեռ: Դժվար առօրյան, ֆինանսական սուղ միջոցներն անգլիական միջին խավի ամուսնալուծությունների հիմնական պատճառներն են: Զույգերն այլևս միմյանց ուշադրություն դարձնելու ժամանակ ու ցանկություն չունեն:
She said that living with me was bringing her down, yeah!
For she would never be free when I was around.
Նա ասում է, որ ինձ հետ ապրելը տխրեցնում է իրեն,
Որ նա երբեք ազատ չէ, երբ ես իր կողքին եմ:
«She's leaving home» («Նա լքում է տունը») երգով Ջոն Լենոնը հարցեր է տալիս ունկնդրին՝ պատմելով վաղ առավոտյան տունը լքած աղջկա և նրա ծնողների արձագանքի մասին:
50-ականներին սոցիալական ընդվզումն արտահայտվեց նաև երիտասարդների՝ հայրական տունը լքելով. ոմանք ավելի լավ կյանքի համար էին լքում, ոմանք՝ ինքնուրույնության:
Երգում Լենոնը մտորում է այդ թեմայի շուրջ. «She's leaving home after living alone for so many years» («Երկար տարիներ միայնության մեջ ապրելուց հետո նա լքում է տունը»):
Ի՞նչն է միայնակ զգալու պատճառը: Չէ՞ որ ծնողներն ամեն ինչ արել են աղջկա համար:
She (What did we do that was wrong)
Is having (We didn't know it was wrong)
Fun (Fun is the one thing that money can't buy)
Something inside that was always denied
For so many years (Bye bye).
Նա (Ի՞նչն ենք սխալ արել)
Հիմա (Մենք չգիտեինք, որ սխալ ենք)
Երջանիկ է (Երջանկությունը փողով չես գնի),
Երջանկությունն է նրան պակասել
Երկար տարիներ (հաջողություն):
Ջորջ Հարիսոնի հեղինակային «Taxman» («Հարկահավաք») երգում արտահայտված է բնակչության տրամադրությունը հարկահավաքների հանդեպ: Հեղինակը ծաղրում է՝ հարկն այնքան մեծ է, որ մարդկանց ողջ եկամտի չափ է: «Be thankful I don't take it all» («Շնորհակալ եղիր, որ ամբողջը չեմ վերցնում») տողով արտահայտվում է պետության դիրքորոշումն այս հարցում:
Կանանց իրավունքներին և ազատություններին հանրային ուշադրությունը հրավիրած «Woman Is the Nigger of the World» («Կինն աշխարհի նեգրն է») երգը կապված է Անգլիայում ֆեմինիստական երկրորդ ալիքի հետ: Սևամորթի հետ համեմատությունը մատնանշում է կնոջ «սպասարկու» դիրքը: Լենոնն ամբողջ կյանքում պայքարել է սեռերի հավասարության համար: Խոսելով դիմահարդարվելու, երեխա ունենալու մասին՝ Լենոնը նշում է, որ կնոջ ուսերին է բարդված տղամարդուն անպայման դուր գալու, երեխա ունենալու և նրան դաստիարակելու բեռը, իսկ տղամարդը կարող է հանգիստ լքել տունը և միայնակ թողնել կնոջն այդ ամենի հետ:
50-ականներին Անգլիայում շատ տարածված էին կնոջ դերի ստորացումը, հասարակական և ընտանեկան ճնշումները:
We insult her every day on TV
And wonder why she has no guts or confidence
When she's young we kill her will to be free.
Նրան ամեն օր վիրավորում են հեռուստատեսությամբ
Եվ զարմանում, թե ինչու նա չունի կամքի ուժ,
Այնինչ սպանել ենք նրա կամքը դեռ օրորոցում:
ԱՄՆ-ից ծնունդ առած ձախ ծայրահեղականներին ի պատասխան՝ «The Beatles» խումբը 1968 թվականին թողարկում է «Revolution 1» երգը՝ հստակ սահմանելով իրենց պատկերացումները և դիրքորոշումը հեղափոխությունների նկատմամբ:
We all want to change the world,
But when you talk about destruction
Don't you know that you can count me out.
Մենք բոլորս ուզում ենք փոխել աշխարհը,
Բայց երբ խոսում եք ոչնչացման մասին,
Ինձ վրա հույս կարող եք չդնել:
Խմբի ամենավիճելի, ոչ միանշանակ երգը 1972 թվականին լույս տեսած «Give Ireland Back to the Irish» («Իռլանդիան վերադարձրեք իռլանդացիներին») երգն է, որով խումբն արձագանքեց Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցող քաղաքական և սոցիալական իրադարձություններին: Երգի հեղինակը Փոլ Մաքքարթնին է:
Խմբի դիրքորոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, ԶԼՄ-ները նշեցին, որ երգը խախտում է հասարակական կարգը: Անգլիայի բոլոր պաշտոնական հեռարձակողներն արգելեցին երգը: Չնայած պետության արգելքներին՝ խումբը շարունակեց տարածել իր գաղափարները երաժշտության միջոցով:
Վերլուծելով բիթլերի տեքստերը՝ հոդվածի հեղինակը հանգում է այն եզրակացությանը, որ նրանց ստեղծագործությունները միշտ կապված են եղել Անգլիայի բնակիչներին մտահոգող իրադարձությունների հետ: «The Beatles» խումբը միշտ արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ փորձելով արվեստի միջոցով խնդիրների լուծման տարբերակներ գտնել: Հիփփիների շարժումը՝ մարդասիրական և խաղաղասիրական, առաջացել է հենց այս խմբից:
Մարի Ռաֆյան