- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՈՒՆԻ․ ԿԱՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հունիս 13, 2022 | 17:20
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՈՒՆԻ․ ԿԱՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Դոհայում այսօր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի նախագահ Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագիր՝ հաստատելու և զարգացնելու փոխգործակցություն կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում, որտեղ հանդիպումներ է ունենում կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ծրագրեր։
Հ․ Հովհաննիսյանն այսօր Կատարի համալսարանի իր պաշտոնակից Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամի հետ ստորագրել է երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագիր՝ իրականացնելու համատեղ ծրագրեր սոցիալական, հումանիտար և բնական գիտությունների ոլորտներում։
Ըստ համաձայնագրի՝ բուհերը կիրականացնեն ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, կծավալեն հետազոտական համատեղ գործունեություն, կկազմակերպեն հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ և մագիստրատուրայի կրկնակի ծրագրերի իրականացման նպատակով կկատարեն համապատասխան աշխատանքներ։
Բացի դրանից՝ համաձայնագրով նախատեսվում է Կատարի համալսարանում հիմնել հայագիտական կենտրոն, իսկ ԵՊՀ-ում նոր թափ հաղորդել արաբագիտության բնագավառի զարգացմանը։
ԵՊՀ-ն և Կատարի համալսարանն այսուհետ կփոխանակեն նաև կրթական, գիտական ու մեթոդական գրականություն և կիրականացնեն տարաբնույթ այլ ծրագրեր։