- Գլխավոր
- Նորություններ
- ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ
Հուլիս 12, 2018 | 16:46
Կրթություն
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա մասնագիտությունների առաջին կուրսի, ինչպես նաև կենսաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի շուրջ 110 ուսանող Ծաղկաձորում մասնակցել է ուսումնական դաշտային պրակտիկայի:
Նշենք, որ ուսումնական դաշտային պրակտիկան անցկացվել է հունիսի 26-ից հուլիսի 10-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական հանգրվանում:
Մեզ հետ զրույցում Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, ուսումնական դաշտային պրակտիկայի ղեկավար Կարեն Ղազարյանը նշեց, որ ուսումնական դաշտային պրակտիկայի նպատակն է ուսումնառության ընթացքում ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական դասընթացներով: «Պրակտիկայի ընթացքում ստացած գիտելիքներն ուսանողները կիրառում են հետագա ուսումնառության ընթացքում: Շատ ուսանողներ այս պրակտիկայի ընթացքում ավելի լավ են կողմնորոշվում իրենց նեղ մասնագիտացման ընտրության հարցում»,- հավելեց նա:
Կարեն Ղազարյանի խոսքով, առաջին անգամ է, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների ուսումնական դաշտային պրակտիկան անցկացվում է Ծաղկաձորում, իսկ անցած տարիներին այն անցկացվել է Հանքավանի ուսումնաարտադրական բազայում:
«Քանի որ Հանքավանի ուսումնաարտադրական բազայի կենցաղային պայամնները գտնվում էին անմխիթար վիճակում, ուսումնական դաշտային պրակտիկան բարձր մակարդակով անցկացնելու համար, այս տարի ԵՊՀ ղեկավարությունը որոշում ընդունեց այն անցկացնել Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական հանգրվանում, որի կենցաղային պայմանները շատ լավն են: ԵՊՀ ղեկավարությունն այս տարի հոգացել է բոլոր հարցերը և ապահովել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ուսանողները լիարժեք կարողանան անցկացնել իրենց ուսումնական պրակտիկան»,- ասաց Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալը:
Նա հայտնեց, որ 14-օրյա ուսումնական դաշտային պրակտիկայի ընթացքում ուսանողները՝ ըստ մասնագիտացումների, բաժանվել են խմբերի, որոնք ղեկավարել են Կենսաբանության ֆակուլտետի 12 դասախոսներ: Նրա խոսքով, ուսանողները մեկ շաբաթ ուսումնական դաշտային պրակտիկա են անցել կենդանաբանություն, իսկ մեկ շաբաթ էլ՝ բուսաբանություն առարկաներից: Պրակտիկայի ընթացքում կենսաբանություն առարկայից ուսանողներն ուսումնասիրում են բույսեր և սնկեր, իսկ կենդանաբանությունից՝ անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ:
«Պրակտիկայի ընթացքում ուսանողները հավաքում են տարբեր տեսակի միջատներ, որոշում են դրանց տեսակները, իսկ ողնաշարավոր կենդանիներին ուսումնասիրելու համար տեղադրում են թակարդներ ու ցանցեր, որոնց միջոցով բռնում են տարբեր կրծողներ և թռչուններ, որոշում են տեսակները, հետո նորից բաց են թողնում դեպի բնություն»,- հավելեց նա:
Կարեն Ղազարյանը նաև հայտնեց, որ պրակտիկայի ընթացքում շուրջ 30 ուսանող 5 օր հնարավորություն են ունեցել ԵՊՀ-ի կողմից տրամադրված տրանսպորտով ուղևորվել Հանքավան և ուսումնասիրել տարածքի կենսաբազմազանությունը:
«Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ ղեկավարությանը, որ այս տարի ուսանողները հնարավորություն ունեցան լավ պայմաններում անցկացնել իրենց պրակտիկան»,- ասաց Կարեն Ղազարյանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ստելլա Հունանյանն ուսումնական դաշտային պրակտիկայի մասին իր տպավորությունները պատմելիս նշեց, որ ուսումնական դաշտային պրակտիկայի ընթացքում իր ստացած տեսական գիտելիքներն ամրապնդվել են գործնական գիտելիքներով: «Շատ ուրախ եմ, որ այս տարի մեր պրակտիկան անցկացրել ենք Ծաղկաձորում, քանի որ այնտեղ կենցաղային պայմանները շատ լավ էին, ինչ չենք կարող ասել Հանքավանի ուսումնաարտադրական բազայի մասին: Պրակտիկայի ընթացքում մեր ստացած գիտելիքները մենք կարող ենք օգտագործել կուրսային աշխատանքներում, ինչպես նաև ավարտական աշխատանք գրելիս»,- պատմեց ուսանողուհին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան