- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԵԹԵ ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԿԱՆ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ». ԱՄԱԼԻԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Նոյեմբեր 19, 2021 | 17:22
Հասարակություն
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԵԹԵ ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԿԱՆ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ». ԱՄԱԼԻԱ ԳԱԼՍՏՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանն արդեն ավելի քան 30 տարի աշխատում է Մայր բուհում: Համալսարանին, գործին ու գործընկերներին նվիրված տիկին Գալստյանը երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար 2019 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Նրա կարծիքով, յուրաքանչյուր գործի հիմքում պետք է սերը լինի, իսկ Մայր բուհի ջերմությունն էլ զգալու համար պետք է նվիրվել ու զգալ համալսարանական ոգին: Ա. Գալստյանի հետ զրուցել ենք համալսարանական գործունեության, ի հայտ եկած դժվարությունների, ընտանիքի և այլ թեմաների մասին:
- Տիկի՛ն Գալստյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:
- Համալսարանական գործունեությունս սկսվել է 1990 թվականի փետրվարից: Ես սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ավարտելուց որոշ ժամանակ անց, երբ երեխաներս մանկապարտեզի ավագ խմբում էին, ընդունվեցի այստեղ աշխատանքի՝ որպես ավագ տեսուչ: Մի քանի տարի աշխատելուց հետո արդեն տեղափոխվեցի ու սկսեցի աշխատել որպես իրավաբան: Անկեղծ ասած՝ այդ շրջանում իրավական խնդիրներ գրեթե ի հայտ չէին գալիս, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները դրսևորելու ու զարգացնելու հնարավորություններ չկային: Այն ժամանակ էլ, երբ իրավախորհրդատուն էի, պրոռեկտորից առաջարկ ստացա՝ ղեկավարելու ԵՊՀ ընդհանուր բաժինը: Համաձայնեցի: 2002 թվականից մինչ այսօր ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչն եմ:
- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում: Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:
- Ընդհանուր բաժնի ղեկավարի գործը ստանձնելուց հետո, իհարկե, դժվարություններ ի հայտ եկան: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ անցում էինք կատարում համակարգչային աշխատանքի: Հաղթահարեցինք նաև այդ մարտահրավերը, հարմարվեցինք ու էլ ավելի արդյունավետ դարձրինք մեր աշխատանքը: Այսինքն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են եղել, ես էլ երբեք չեմ խուսափել աշխատանքից:
- Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:
- Գիտեք, պատմություններ շատ կան, բայց հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած տարբեր ժամանակահատվածներում ի հայտ եկած խնդիրներին՝ մեր բաժնում ոչ ոք չի բացակայել: Նույնիսկ համաճարակային այս պայմաններում մեր բաժինը միշտ աշխատել է թե՛ առկա, թե՛ հեռավար:
- Տիկի՛ն Գալստյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:
- Ես շատ եմ սիրում երաժշտություն: Ցանկացած ոճի և ժանրի կատարում լսում եմ, եթե այն հաճելի է ականջին: Գործընկերներս էլ գիտեն, որ ես երաժշտության նկատմամբ առանձնահատուկ սեր եմ տածում: Բացի դրանից՝ շատ եմ սիրում պատրաստել: Խոհանոցն աննկարագրելի գեղեցկություն ու յուրահատկություն ունի ինձ համար: Ի դեպ, պատրաստում եմ ամեն ինչ:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Ամուսինս աշխատել է Ոստիկանությունում, եղել է մարզային քննչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ, այժմ անցել է վաստակած հանգստի: Դուստրս ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ ստանում է երկրորդ մասնագիտությունը՝ ուսանելով Իրավագիտության ֆակուլտետում: Նա նաև աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում: Տղաս նույնպես ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ աշխատում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: Ի դեպ, մենք ընտանիքով առանձնահատուկ ջերմությամբ ենք սիրում ԵՊՀ-ն:
- Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:
- Կարծում եմ՝ յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի է, եթե կա ցանկություն, եթե կան սեր ու նվիրում:
- Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ոգեշնչման իմ աղբյուրը սերն է, որը պիտի լինի ամեն ինչի հիմքում:
- Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:
- Որպես այդպիսին՝ հատուկ կարգախոս չունեմ, որով առաջնորդվում եմ կյանքում: Միշտ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել: Պարզապես կարծում եմ, որ եթե հանձն ես առնում որևէ գործ անել, ապա պետք է այն լավագույնս կատարես, բարի աչքերով նայես բոլորին ու ամեն ինչին:
- Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ-ում:
- Պարզապես կասեմ, որ պետք է սիրել ԵՊՀ-ն, զգալ համալսարանական ոգին ու նվիրվել, այդ ժամանակ հաստատ կզգաք այն մեծ ջերմությունը, որն անմնացորդ տալիս է Մայր բուհը:
Քնար Միսակյան