- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՄ ԳՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԸ». ԷՄԻԼԻ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Ապրիլ 05, 2019 | 15:16
Հասարակություն
«ԻՄ ԳՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԸ». ԷՄԻԼԻ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Էմիլի Մարությանը Միացյալ Նահանգներում ապրող գրող, պոետ և փիլիսոփա է, 5 բեսթսելերի հեղինակ: Հիմնադրել է «Maroutian Entertainment» մուլտիմեդիա ընկերությունը: Մեզ հետ զրույցում Էմիլին պատմել է իր հիմնադրած ընկերության, հույզերի փիլիսոփայության և տեխնոլոգիական դարի մասին:
- Էմիլի՛, պատմեք մի քիչ Ձեր մասին:
- Ես 1984 թվականին ծնվել եմ Երևանում, բայց Միացյալ Նահանգներում ապրում եմ հինգ տարեկանից: Ես գրող, պոետ և փիլիսոփա եմ, ինձ է պատկանում «Maroutian Entertainment» մուլտիմեդիա ընկերությունը։ Ես իմ գործերը հրատարակում եմ իմ ընկերության միջոցով:
11-12 տարեկան հասակում ես սկսեցի պատմություններ և սցենարներ գրել, բայց մինչև 16 տարեկան դառնալս՝ չէի ցանկանում փիլիսոփա դառնալ: Փիլիսոփայական գրքեր սկսել եմ գրել, երբ 20 տարեկան էի: Ես հասկացա, որ եթե ուզում եմ ունենալ ստեղծագործական ազատություն, ապա պետք է ինքս հրատարակեմ իմ գրքերը:
- Ինչպե՞ս Դուք կբնորոշեք Ձեր գրքերը:
- Իմ գրքերը հիմնականում փիլիսոփայության և հոգեբանության միաձուլում են: Ես կարծում եմ, որ այս երկու առարկաները միասին արտահայտում են մարդկային մտքի կարևորագույն ըմբռնումները: Ո՞վ ենք մենք, ինչո՞ւ ենք մտածում ու գործում հենց այսպես:
Այս հարցադրումներն ինչպես փիլիսոփայական, այնպես էլ հոգեբանական են: Իմ գրքերում ես փորձում եմ հենց այսպիսի հարցեր քննել՝ նշված երկու դաշտերի օգնությամբ:
Իմ կյանքի վերջին 15-18 տարիները ծախսել եմ՝ այս մասին կարդալով և ուսումնասիրելով:
Ինձ դուր է գալիս իմ աշխատանքում համատեղել այս երկու ոլորտները, օգնել իմ սովորածով ուրիշներին:
Իմ գրքերի հիմնական նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ հասկանալ սեփական անձը: Շատ մարդիկ չեն հասկանում, որ իրենց խնդիրների մեծ մասը ծագում է իրենց մտածելակերպից, այլ ոչ թե հանգամանքներից:
Գրքերիս միջոցով ես օգնում եմ մարդկանց զարգացնել ինքնաճանաչումը, ինչի շնորհիվ նրանք կարողանում են իրենց կյանքում առավել ճիշտ ընտրություն կատարել, ինչպես նաև օգտագործել իրենց հույզերը և բաց թողնել այն ամենը, ինչն այլևս օգտակար չէ իրենց:
- Փիլիսոփայական ի՞նչ նախասիրություններ ունեք:
- Ավելի շատ կարդում եմ արևելյան փիլիսոփայություն, բայց ուսումնասիրում եմ նաև փիլիսոփայական այլ ուղղություններ, քանի որ ես հավատում եմ, որ ամեն ինչի մեջ էլ կարելի է արժեքավոր մի բան գտնել:
Կարծում եմ, որ ինտելեկտուալ առումով առողջարար է մտածել այնպիսի գաղափարների մասին, որոնց հետ հնարավոր է, որ դու համաձայն չես:
Այժմ շատերն են ուզում լսել միայն այն, ինչին արդեն հավատում են, իրենց այնպիսի մարդկանցով են շրջապատում, որոնք իրենց սեփական արձագանքն են, քանի որ նրանք ուզում են միշտ իրավացի լինել:
Կարծում եմ՝ մենք այդպես մեր աճելու գործընթացին վնասում ենք՝ մնալով մտավոր վանդակում:
Երբ խոսքը վերաբերում է սոցիալական փոխազդեցություններին, ապա իրավացի լինելն ինձ համար կարևոր չէ:
Ինձ համար ավելի կարևոր է զարգացնել և ընդլայնել իմ մտահորիզոնը:
Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ սովորել քեզնից: Ես չեմ ուզում քեզ ուղղորդել, ստիպել, որ դու հավատաս նրան, ինչին ես եմ հավատում:
Ինձ համար տարբերություն չկա՝ համաձա՞յն ես ինձ հետ, թե ոչ:
Գիտելիքը փոխվում է նոր բացահայտումների հետ, իսկ սա նշանակում է, որ դու այսօր կարող ես ճիշտ լինել, իսկ վաղը՝ սխալ:
Ավելի լավ է ժամանակի մեծ մասն օգտագործել սեփական միտքը հարստացնելով, քան թե այն ծախսել դիմացինի սխալն ապացուցելու վրա:
Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնվել, դրանով իմ աշխարհը չի ավարտվի:
- Ձեր փիլիսոփայության մեծ մասը հույզերի էներգիայի մասին է, Դուք նույնիսկ այդ վերնագրով գիրք ունեք: Թեմային վերաբերող ի՞նչ կարևոր խորհուրդ կարող եք մեզ տալ:
- Հույզերի մասին շատ բան կա, որ ես Ձեզ կարող եմ պատմել: Կարող եմ պատմել, թե ինչպես են հույզերն ազդում մեր կյանքի վրա, բայց դրանց շարքում ամենապարզը, թերևս, այն է, որ մեր զգացմունքները համընդհանուր են: Իսկ դա նշանակում է, որ բոլորն էլ ապրում են նույն հույզերը:
Դու միակ մարդը չես, որը բարկանում է, տխուր է, հիասթափված կամ էլ վախեցած է: Մենք բոլորս էլ ունենում ենք պահերը, երբ մեր զգացմունքները մեզ ցավ են պատճառում: Դու մենակ չես քո վշտի, զայրույթի կամ վախի հետ: Ամենաառողջարար բանը, որ կարող ես անել՝ զգալն է:
Մենք էակներ ենք, որոնք ունակ են զգալու, մենք չպետք է արհամարհենք կամ անուշադրության մատնենք մեր զգացմունքները, քանի որ դա մեզ կթուլացնի:
Գոյություն չունի թույլ զգացմունք: Ինչքան շատ ենք դրանց դեմ պայքարում, այդքան ավելի շատ ենք տառապում:
Զգացմունքները շարժվում են մեր մարմնում այնպես, ինչպես էներգիան: Եթե նրանք բնականորեն չեն հոսում, քանի որ մենք դիմադրում ենք հույզերին, այդ դեպքում նրանք կարող են մեզ հիվանդացնել:
Եթե մեղքն ու ամոթն առողջ ճանապարհով ազատ արձակված չեն, ապա նրանք կարող են ցամաքեցնել մեր էներգիան:
Այսպիսով՝ ամենաօգտակար խորհուրդը, որ կարող եմ տալ այն է, որ երբևէ չպետք է զգացմունքներին դիմադրել: Չպետք է ամաչել նրանից, ինչ զգում ես:
Եթե դու ամաչում ես զգացածիցդ, այդ դեպքում դու այն կերկարացնես, ավելի վատը կդարձնես: Զգալը նորմալ և բնական երևույթ է, անկախ նրանից, թե ինչ ես զգում:
Միակ բանը, որ այն անառողջ և անհամապատասխան է դարձնում, այն է, թե ինչպես ես պատասխանում քո հույզերին և ինչ ես անում հետո:
Հույզերն ինքնին բնական են: Դու պետք է օրվա ընթացքում տարբեր հույզեր ունենաս, ինչը նշանակում է, որ դու ապրում ես:
- Որոշ փիլիսոփաներ գտնում են, որ վատատես լինելն ունի նաև իր օգտակար կողմերը, ի՞նչ կարծիք ունեք «պաշտպանողական» վատատեսության մասին:
- Իմ «Հույզերի էներգիան» գրքում ես մի ամբողջ գլուխ նվիրել եմ վատատեսությանը: Կփորձեմ այն մի պարբերությամբ ամփոփել: Վատատեսը վախենում է խաղից:
Նա մտածում է՝ միևնույն է պարտվելու եմ՝ ինչ իմաստ ունի խաղալը: Այսպես մտածելով՝ նա բաց է թողնում այն փորձառությունը, որը կարող էր ձեռք բերել խաղալիս:
Նա չի հասկանում, որ չի կարելի հաղթել բոլոր խաղերում: Դու պետք է պարզապես ներկայանաս, դրսևորվես լավագույնս և հաղթանակի հույս ունենաս: Երբեմն կհաղթես, իսկ երբեմն էլ՝ ոչ:
Հաջողակ մարդիկ ինչպես պարտվում են, այնպես էլ հաղթում են: Երբեմն նրանք նույնիսկ ավելի հաճած պարտվում են, քան հաղթում, բայց փորձում են:
Վատատեսները դադարում են փորձելը: Պարտվելուց հետո իրենք չեն շարունակում: Երբեմն նրանք նույնիսկ չեն սպասում պարտվելուն, կանգ են առնում նույնիսկ նախքան փորձելը: Նրանք ուզում են խուսափել վատ փորձառությունից, ինչի հետևանքով դադարում են ռիսկի գնալ։
Նրանք պարզապես չեն հասկանում փորձառության արժեքը: Ձախողումը կյանքի ուսուցիչներից մեկն է: Եթե դու դրանից դասեր քաղես, ապա կկարողանաս բարձրացնել քո հաջողության հնարավորությունները հաջորդ անգամվա համար:
Եթե ես վատատես լինեի, երբեք իմ ընկերությունը չէի ունենա: Մարդիկ ինձ շարունակ ասում էին, որ գրողները փող չեն աշխատում: Փիլիսոփայությունը մեռած առարկա է: Ես աղքատ եմ մեռնելու: Եթե ես նրանց լսեի, կդադարեցնեի առանց փորձելու:
Բայց գումար աշխատելն ինձ համար այնքան կարևոր չէր, որքան գիրք գրելը: Այսպիսով՝ ես հրատարակեցի իմ առաջին գիրքը, որը վատ էր վաճառվում: Ես մեկ ուրիշն էլ հրատարակեցի: Այն նույնպես լավ չէր վաճառվում:
Ինձնից չորս գիրք պահանջվեց հրատարակել մինչև, որ ես ունեցա իմ առաջին լավ վաճառվող գիրքը: Եթե վատատես լինեի, ապա առաջին գրքից հետո ոչ մի գիրք չէի հրատարակի։
Հիմա իմ բոլոր գրքերը վաճառվում են, քանի որ ես չհանձնվեցի, ես գիտեի, որ հաստատակամությունը միշտ հաղթում է: Վատատեսությունը քեզ ոչ մի տեղ չի տանում: Այն քեզ նույն տեղում է պահում: Եթե դու այնտեղ երջանիկ ես զգում, մնա այնտեղ: Բայց եթե ուզում ես, որ քեզ համար ավելի լավ լինի, ապա դու պետք է համբերատար լինես:
- Տեխնոլոգիական սերունդը մարտահրավե՞ր է, թե՞ հնարավորություն:
- Երկուսն էլ: Ինչպես յուրաքանչյուր փոփոխություն, այն նույնպես ունի իր լավ ու վատ կողմերը: Մեր օրերում տեխնոլոգիան մեր կյանքն առավել հեշտ է դարձրել: Բայց այն նաև մեզ ծույլ է դարձրել:
Այն մեզ օգնում է կապ հաստատել մեզանից միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդկանց հետ, բայց նաև այն մեզ հեռացրել է մարդկանցից, որոնք հենց մեր կողքին են նստած:
Այն հաջողության համար բազմաթիվ նոր պողոտաներ է ստեղծել․ համակարգչային ծրագրերը, հավելվածները, խաղերը և օնլայն բիզնեսները, բայց նաև այն ուրիշի աշխատանքն է հնացած դարձրել:
Իմ ամբողջ բիզնեսը գոյություն ունի օնլայն տարբերակով: Ինձ պետք միայն մեկ՝ համացանց մուտք ունեցող համակարգիչ, որպեսզի ես աշխատեմ: «Amazon»-ի շնորհիվ իմ գրքերի տպագրումը, առաքումը և տարածումն ամբողջովին օնլայն են։
Ամբողջ աշխարհում մարդիկ կարող են պատվիրել իմ գրքերը, և «Amazon»-ի տպագրման սարքավորումները կտպեն, կփաթեթավորեն և կառաքեն այն ձեզ համար: Մենք նույնիսկ տարածք վարձելու կամ գրքեր առաքելու կարիք չունենք:
Ես ավելի շատ ժամանակ ունեմ ստեղծագործելու համար: Այսպես նվազում են նաև ծախսերը: Շնորհիվ «Տպել՝ ըստ պահանջի» տեխնոլոգիայի՝ թվային տարածման և սոցիալական մեդիայի հնարավորության մենք գրասենյակի կարիք չունենք: Ես կարող եմ ինձ հետ վերցնել իմ նոթբուքն աշխարհի ցանկացած անկյուն և այնտեղից անել այն
աշխատանքը, որն հիմա անում եմ: Առանց այս տեսակ սարքավորումների ես չէի ունենա իմ ընկերությունը և չէի ունենա այն ազատությունը, որն ունեմ հիմա:
- Ի՞նչ գրականություն եք հաճախ կարդում:
- Ես կարդում եմ փիլիսոփայություն, պոեզիա, հոգեբանություն, գրքեր բիզնեսի մասին, և որևէ հետաքրքիր ոչ գեղարվեստական գիրք: Ես շատ եմ սիրում կարդալ ուրիշների մտքերի, հավատի և փորձառության մասին: Ինձ համար մարդիկ շատ գրավիչ են, ինձ միշտ հետաքրքրել են մարդկանց մտածելակերպն ու վարվելակերպը:
Աշխատում եմ տարվա ընթացքում 30-50 գիրք կարդալ: Ինձ համար գրքերը կախարդական են: Նրանք քեզ կարող են տեղափոխել բոլորովին այլ երկիր, այլ ժամանակներ, ուրիշ մարդու մտքի մեջ: Ես կարող եմ մտքեր կարդալ, որոնց հեղինակները հազարամյակներ առաջ արդեն մահացել են: Դա պարզապես անհավատալի է:
Կարծում եմ՝ մենք դեռևս չեն կարողանում գիրքը ըստ արժանվույն գնահատել:
- Պատմեք մեզ «Maroutian Entertainment»-ի մասին:
- Ես իմ ընկերությունը հիմնել եմ 2009 թվականին: Այս տարի լրանում է ընկերության հիմնադրման տասնամյակը: Մինչև այժմ ես միայն գրքեր եմ հրատարակել, բայց այս տարվա ընթացքում մեր մատուցած ծառայությունների ցանկում ավելացել են նաև օնլայն դասընթացներ:
Ես մի քանի կուրսեր ստեղծելու գործընթացի միջնամասում եմ և հույս ունեմ, որ մինչև ամառ կկարողանամ բացել իմ առցանց դպրոցը բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ավելի շատ բան իմանալ այս առարկաների մասին: Հերթական անգամ ժամանակակից տեխնոլոգիաներն ինձ տալիս են հնարավորություն ստեղծելու առցանց թվային դպրոց և հասանելի լինելու ամբողջ աշխարհի ուսանողների համար:
Ես նաև գրել եմ սցենարներ, որոնք կցանկանայի, որ նկարահանվեն: Իմ վերջին սցենարը 2018 թ. Լոս Անջելեսի միջազգային սցենարական մրցանակաբաշխության ժամանակ եզրափակիչ փուլում է հայտնվել: Հույս ունեմ, որ այդ աշխատանքը շուտով կգտնի իր պրոդյուսերին: Իմ նպատակն է հաջորդ տասը տարիների ընթացքում մեծացնել իմ ընկերության դասընթացների և ֆիլմերի թիվը:
- Կարդու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները, ունե՞ք հայ սիրելի հեղինակ:
- Ես հայ գրականությանն այնքան էլ ծանոթ չեմ: Շատ բան եմ լսել Հովհաննես Թումանյանի մասին, բայց իր գործերը ցավոք չեմ կարդացել: Երբ երեխա էի, հաճախ էի կարդում մանկական պատմություններ, բայց 7 տարեկանից դադարեցի հայերեն կարդալը և գրելը, չկարողացա պահպանել այդ ունակությունները:
Ես կարդացել եմ Պիտեր Բալակյանի «Back Dog of Fate » գիրքը, բայց նա հայ-ամերիկացի հեղինակ է, որը ծնվել է Միացյալ Նահանգներում:
- Ինչպիսի՞ զգացողություններ ունի այն հեղինակը, որի գրքերը ճանաչում ունեն:
- Ես շատ ուրախ եմ, որ գնալով ավելի շատ մարդիկ են բացահայտում իմ աշխատանքները: Ես դարձա բեսթսելերի հեղինակ, քանի որ իմ ընթերցողները խորհուրդ էին տալիս իրենց շրջապատի մարդկանց կարդալ իմ գրքերը: Նրանք գնում էին իմ գրքերն ընկերների ու ընտանիքի անդամների համար, քանի որ այդ գրքերն արժեքավոր են համարում: Երբեմն նրանք իմ գրքերից 10-15 օրինակ են ձեռք բերում և որպես նվեր տալիս ուրիշներին:
Այս ամենը հեղինակի համար իսկական հաճոյախոսություն է, երբ ինչ-որ մեկը քո աշխատանքն այնքան շատ է սիրում, որ ուզում է՝ ուրիշներն էլ այդ աշխատանքը սիրեն:
Ես նաև սիրում եմ կարդալ այն բոլոր հաղորդագրությունները, որոնք առցանց եմ ստանում: Այդ հաղորդագրություններում մարդիկ պատմում են, թե ինչքան է իմ աշխատանքն իրենց կյանքը փոխել: Ես հաղորդագրություններ եմ ստացել մարդկանցից, որոնք հոգեբանական տրավմաների, դեպրեսիայի կամ ինքնասպանության միջով են անցել: Նրանք ինձ պատմում էին, որ իմ գրքերը կարևոր դեր են ունեցել իրենց առողջացման համար:
Ես իմ գրքերի համար 4 մրցանակ եմ ստացել, բայց ինձ համար այս հաղորդագրությունները շատ ավելի մեծ արժեք ունեն: Հուսով եմ, որ իմ ապագա գրքերը և դասընթացները նույնպես կունենան իրենց դրական ազդեցությունը:
Անի Պողոսյան
Եթե Դուք ցանկանում եք ծանոթանալ Էմիլիի ստեղծագործություններին, ապա կարող եք այցելել նրա կայքը կամ էլ գտնել նրան «Instagram»-ում:
Կայքի հասցեն՝ www.maroutian.com
Instagram`@emaroutian