- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիս 01, 2019 | 10:31
ՌՈՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի հետ զրույցում ամփոփել ենք 2018-2019 ուստարին՝ ներկայացնելով տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու միջազգային համագործակցության փորձը:
- Տիկի՛ն Բաղդասարյան, միջազգային համագործակցության ի՞նչ ծրագրեր են այս տարի իրագործվել Ձեր ամբիոնում:
- Այս ուսումնական տարվա ընթացքում ամբիոնն իրագործել է միջազգային համագործակցության բազմաբնույթ ծրագրեր: Վերջերս իրագործված ծրագրերից կարող եմ նշել հետևյալը. մայիսի 19-26-ը Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի «PAREFRAS» գիտահետազոտական խմբի կողմից հրավեր ստացանք և 2 դասախոսություն կարդացինք այդ խմբի կազմակերպած՝ առածաբանության և դարձվածաբանության խնդիրներին նվիրված սեմինարների ընթացքում, որոնց մասնակցում էին ոչ միայն Իսպանիայի, այլև արտասահմանյան տարբեր հեղինակավոր բուհերից հրավիրված մասնագետներ:
Դասախոսությունները նվիրված էին տարբեր լեզուների առած-ասացվածքներում (իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և հայերեն) համընդհանուրի և ազգայինի դրսևորումներին, ինչպես նաև նրանց թարգմանության խնդիրներին: Ապա այդ ամենին հաջորդած կլոր սեղանի ընթացքում ակտիվորեն քննարկվեցին դասախոսությունների ժամանակ արծարծված տարբեր խնդիրներ:
- Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը «PAREFRAS» գիտահետազոտական խմբի հետ:
- Համագործակցությունը սկսվել է դեռևս տարիներ առաջ, երբ մեր ամբիոնի իսպանական բաժնի լավագույն շրջանավարտներից մեկը՝ Աննա Միանսարյանը, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում ընդունվեց դոկտորանտուրա: Քանի որ նրա ատենախոսության թեման առնչվում էր նաև դարձվածքների իսպաներեն-հայերեն համեմատական քննությանը, ես Աննա Միանսարյանի ատենախոսության թեմայի ղեկավար Խուլիա Սևիլյա Մունյոսից այդ թեզի համաղեկավարը լինելու առաջարկ ստացա:
Բնականաբար այդ տարիներին ինձ համար մեծ պատիվ էր համագործակցել միջազգային առածաբանական ուսումնասիրություններում մեծ հեղինակություն ունեցող այնպիսի մասնագետի հետ, ինչպիսին է Խուլիա Սևիլյան, որը նաև միջազգային մեծ համբավ ունեցող «Paremia» ամսագրի հիմնադիրն է:
Բայց ես առավել մեծ հպարտությամբ պիտի խոսեմ մեր շրջանավարտ Աննա Միանսարյանի մասին, որն անցած տարվա սեպտեմբերին փայլուն պաշտպանեց իր ատենախոսությունը, ստացավ միջազգային դոկտորի աստիճան, ընդ որում՝ արժանացավ նաև «Cum laude»-ի, իսկ սա բարձրագույն որակավորում է, որը տրվում է թեզերին:
- Համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում վերոնշյալ խմբի հետ:
- Այս հետազոտական խումբը հսկայածավալ աշխատանք է կատարում խրատական ասույթների՝ ժողովրդական իմաստախոսության գանձերի՝ առած-ասացվածքների պահպանման, ուսումնասիրության գործում, բայց հատկապես կարևորում ենք այս խմբի կողմից ստեղծված, իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Բազմալեզվյան առածանին», որի սկզբնաղբյուր լեզուն իսպաներենն է, իսկ առածային համապատասխանությունները տրվում են մի շարք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, արաբերեն և այլն:
Մեր նպատակն է հայերենը ներգրավել այս առածաբանական եզակի բառարանի մեջ, որն աչքի է ընկնում նաև իր բառարանագրական խիստ մշակված և բազմատեսակ սկզբունքներով: Դա, իհարկե, պահանջում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, սակայն, մյուս կողմից, բազմալեզվյան առածաբանական բառարանների անհրաժեշտությունը (իհարկե, հայերենի ներգրավմամբ) Հայաստանում ակնհայտ է:
Կարծում եմ, որ մեր իրականության մեջ էլ առած-ասացվածքների կամ, ինչպես իսպանական առածանիում է ասվում, այդ «փոքրիկ կտակարանների» («Los refranes de los viejitos, son evangelios chiquitos»), կամ հայտնի առածաբան Գ. Պերմյակովի խոսքով, «գեղարվեստական մանրանկարների» հավաքագրման, պահպանման, հատկապես միջլեզվական քննության տարբեր հայեցակերպերում դրանց ուսումնասիրության մեծ անհրաժեշտություն կա:
- Միջազգային համագործակցության փորձում ի՞նչն եք Ձեզ համար ավելի կարևորում:
- Նախևառաջ կարևորում եմ այս տարվա ապրիլ ամսին տեղի ունեցած՝ Կոմպլուտենսե համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Էուխենիո Լուխանի այցը, որը մեծ իրադարձություն էր մեզ համար, քանի որ խոսքը լեզվաբանության ասպարեզում շատ հայտնի մասնագետի մասին է: Ի դեպ, պիտի նշեմ, որ այդ համալսարանի «Իսպանական բանասիրություն» մասնագիտությունն իր վարկանիշով այսօր առաջինն է աշխարհում:
Կարևորում եմ նաև նույն ամսվա ընթացքում այդ համալսարանի 2 այլ հայտնի մասնագետների՝ Խուլիա Սևիլյայի և Մարիա Թերեզա Բարբադիլյոյի այցը, որոնց անցկացրած դասախոսությունների շնորհիվ կազմակերպվեց մեր ամբիոնի Իսպանական բաժնի դասախոսների մասնագիտական որակավորումը:
Շատ եմ կարևորում, որ մեր ամբիոնի և՛ Իսպանական, և՛ Իտալական բաժնի ուսանողներն այս ուսումնական տարվա ընթացքում «Erasmus+» ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցան մեկ կիսամյակ սովորելու Մադրիդի Կոմպլուտենսե, Վալյադոլիդի, Կադիսի, ինչպես նաև Վենետիկի Կա Ֆոսկարի, Բոլոնիայի, նաև Պորտուգալիայի համալսարաններում:
Ամբիոնի ձեռքբերումներից է նաև այն, որ այս ուսումնական տարվա սկզբից ի վեր Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի մեծ ջանքերով Իտալիայի ԱԳՆ-ի կողմից մեր համալսարան է գործուղվել Աննա Մարիա Սեկան, որն իտալերեն է դասավանդում իտալերենի՝ և՛ որպես առաջին լեզվի, և՛ որպես երկրորդ լեզվի բոլոր խմբերում: Նա մի քանի տարի կաշխատի մեր ամբիոնում, իսկ, ինչպես հայտնի է, ուսումնական գործընթացում լեզվակիր դասախոսի ներգրավվածությունը շատ մեծ խթան է ուսանողների բանավոր խոսքի, նրանց հաղորդակցական հմտությունների զարգացման գործում:
Նշեմ, որ ամբիոնն անցկացրել է նաև իսպաներենի և իտալերենի՝ որպես օտար լեզվի իմացության միջազգային քննություններ:
Ամբիոնի միջազգային համագործակցության մեջ կարևորում եմ ևս մեկ փաստ: Բոլորովին վերջերս Իսպանիայի Նավառայի համալսարանը հրատարակեց մեր ամբիոնի դասախոս Արմինե Մանուկյանի 700 էջանոց լայնածավալ մենագրությունը, որը նվիրված է իսպանական ոսկեդարի գրականության կարևոր ներկայացուցիչներից մեկի՝ Ալոնսո Խերոնիմո դե Սալաս Բարբադիլյոյի 2 ստեղծագործությունների քննությանն ու քննադատական հրատարակությանը:
Այս մենագրությունը, իրավամբ, նոր խոսք է իսպանական գրականագիտական ուսումնասիրություններում, քանի որ մենագրության հեղինակը, կարելի է ասել, մոռացությունից փրկում է ոսկեդարի իսպանացի գրողի 2 կարևոր գործ, ինչպես նաև լույս սփռում այս ստեղծագործությունների դեռևս չմեկնված, խորությամբ չուսումնասիրված շատ մութ կետերի վրա: Ի դեպ, Ա. Մանուկյանն իր ատենախոսությունը տարիներ առաջ պաշտպանել է հենց այդ համալսարանում:
- Իսկ ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպել միջազգային համագործակցության ընթացքում:
Առաջին հերթին պետք է ակտիվացնել մեր համագործակցությունն աշխարհում իսպանագիտական ամենակարևոր կենտրոնի՝ Սերվանտեսի ինստիտուտի հետ: Մեր համալսարանի ղեկավարությունը շատ շահագրգռված է այդ ինստիտուտի հետ գիտակրթական և մշակութային կապերը սերտացնելու հարցում: Վերջերս՝ Մադրիդ կատարած մեր այցելության ժամանակ, հանդիպել ենք Սերվանտեսի ինստիտուտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և հայտնել այդ հարցում մեր համալսարանի դիրքորոշումը:
Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ դեռևս մեր մասնագիտությունների գծով չունենք կրկնակի դիպլոմով ծրագրեր, որը դարձել է ժամանակի հրամայականը: Ի վերջո, այսօր կրթության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են նաև տեխնիկական արդի միջոցներ, որոնք արտասահմանյան տարբեր բուհերի հետ վիդեոկոնֆերանսներ, սեմինարներ կազմակերպելու մեծ հնարավորություն են ընձեռում, սակայն ամբիոնը չունի նման տեխնիկական հնարավորություններ:
Անի Պողոսյան