- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Նոյեմբեր 15, 2018 | 16:29
Հասարակություն
ԵՊՀ ՀՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և նույն ինստիտուտի Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, Պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը նոյեմբերի 4-11-ը հրավիրվել էին մասնակցելու Մոսկվայի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ սփյուռքի ձևավորման առանձնահատկությունները Ռուսաստանում և Մոսկվայում» խորագրով գիտագործնական կլոր սեղան-քննարկմանը։
ysu.am-ին տված հարցազրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Մոսկվա մեկնելու հրավերը պատահական չէր, քանի որ վերոնշյալ լաբորատորիայի և Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքի գործադիր խորհրդի հետ 2016 թ. գործակցության մեկնարկ էր տրվել, իսկ 2017 թվականից ՀՀԻ ներկայացուցիչներն ընդգրկված են հայ-ռուսական հետազոտական միջազգային ծրագրերում։
Լաբորատորիայի կողմից կազմակերպված քննարկմանը ԵՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել մեկական զեկույցով, իսկ հաջորդիվ՝ նաև դասախոսություններով։ Հավելենք, որ հայ-ռուսական հետազոտական միջազգային ծրագրերից մեկի համաղեկավարներ են Արման Եղիազարյանն ու մոսկովյան լաբորատորիայի ղեկավար Օկսանա Սոլոպովան։
«Մեր զեկուցումները նվիրված էին, անշուշտ, համայնքային խնդիրներին։ Ընդգրկված լինելով Դոնի Ռոստովի հայ համայնքի ժամանակակից զարգացումները հետազոտող հայ-ռուսական հետազոտական միջազգային խմբի կազմում՝ զեկույցում ներկայացրել եմ Դոնի Ռոստովի ու Լիբանանի հայկական համայնքների ինքնության և ինստիտուտների համեմատական վերլուծությունը: Շատ եմ կարևորում ոչ միայն Մոսկվայի հայկական համայնքային կառույցների, այդ թվում՝ նաև տեղի գիտակրթական կառույցների, նաև Մոսկվայի պետական համալսարանի հետ մեր համագործակցությունը։ Սկսած 2016 թվականից՝ նմանօրինակ համատեղ ծրագրեր ենք իրականացնում և աշխատում դրանք ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ»,− ասաց Մ. Հովհաննիսյանը։
Արմեն Եղիազարյանը նույն քննարկման ժամանակ հանդես է եկել «Հայ սփյուռքի պատմության պարբերացման հարցերի շուրջ» զեկուցմամբ:
Հարցազրույցի ընթացքում ՀՀԻ փոխտնօրենը տեղեկացրեց, որ ՄՊՀ-ում անցկացրել են նաև բաց դասախոսություններ, որոնք նվիրված են եղել Հայաստանում պատմագիտության ժամանակակից փուլում տեղ գտած զարգացումներին ու հայոց պատմության միջնադարն ընդգրկող պատմական իրողություններին:
Մ. Հովհաննիսյանը Ռուսական պետական հումանիտար համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանությունների պատմության կենտրոնի վերլուծաբան Արմինե Անտոնյանի հրավերով հանդես է եկել տեղի ուսանողության համար «Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ» խորագիրը կրող դասախոսությամբ:
«Արդեն երկրորդ անգամ է, որ Մոսկվայի Հայորդյաց տան շրջանակում հանդիպում եմ տեղի սաների մի խումբ ծնողների հետ և քննարկում հայեցի դաստիարակության, հայապահպանության տարաբնույթ հարցեր: Այս ձևաչափին ինձ ծանոթացրեց իմ լավ բարեկամ, համալսարանական, այժմ մոսկվայաբնակ Աշոտ Ավետիսյանը, ով կրկին նման հնարավորություն ստեղծեց, որին արդեն մասնակցեցինք Արման Եղիազարյանի հետ:
Մոսկվա կատարած այցի շրջանակում հյուրընկալվեցինք նաև «Դեպի Արարատ» կազմակերպության գրասենյակում։ Տեղի երիտասարդական միավորման ներկայացուցիչների համար հայոց պատմության թեմատիկ հարցերի շուրջ դասախոսություններ կարդացինք»,− ավելացրեց Մ. Հովհաննիսյանը:
Դասախոսությունների շարքն ամփոփվեց «Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի» կազմակերպած «Աշխարհի հայկական սփյուռքը. տեսականից դեպի գործնական» խորագիրը կրող գիտագործնական բաց քննարկում-հանդիպմամբ: «Հանդիպումը կարևոր էր այնքանով, որ այն ծավալվեց ոչ թե տեսական, գիտական հարցերի շուրջ, այլ՝ գործնական, որոնք ամեն օր լուծում են պահանջում»,− ընդգծեց Մհեր Հովհաննիսյանը:
Դասախոսությունների շարքը ամփոփվեց «Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի» կազմակերպած «Աշխարհի հայկական սփյուռքը. տեսականից դեպի գործնական» խորագիրը կրող գիտագործնական բաց քննարկում-հանդիպմամբ, որն իրականացվեց արդեն նշված ՌՀՄ Մոսկվայի լոֆթի հարկաբաժնում։ «Այս հանդիպման ժամանակ մեր հայրենակիցների հետ փորձեցինք հարցուպատասխանի ձևաչափով քննարկել հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա փուլում արձանագրված խնդիրները: Կարծում եմ՝ հանդիպումը երկուստեք օգտակար էր և հետաքրքիր»,− ընդգծեց Մհեր Հովհաննիսյանը:
ՀՀԻ փոխտնօրենը նաև Մոսկվայի համայնքային տարբեր կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ ունեցել է հանդիպումներ, որոնց ընթացքում ձևավորվել են համագործակցության նոր տեսլականներ։
«Անշուշտ, կարևորում ենք գործակցությունը Մոսկվայի համայնքային բոլոր կառույցների հետ, որոնք, սակայն, պետք է հաստատուն լինեն՝ հենված փոխգործակցության սկզբունքների հիման վրա: «Ռուսաստանի հայերի միության» Մոսկվայի քաղաքային բաժանմունքի գործադիր խորհուրդը նման կառույցներից մեկն է: Շահեն Պետրոսյանի ղեկավարած կառույցի հետ երկու տարի է, ինչ համագործակցում ենք, և կարծում եմ փոխգործակցությունը մեր հարաբերությունների հիմքում տեսականից գործնական բնույթ է ստացել: Այս այցելության ժամանակ Շ. Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում նոր ծրագրերի շուրջ ենք զրուցել»: Ուրախությամբ արձանագրեցի, որ կառույցի ենթակայության տակ գտնվող շինության տարածքում մեծ վերաձևումներ են իրականացվել հօգուտ տեղի հայ և օտարազգի երիտասարդության միջմշակութային կապերի ամրապնդման:
Այնտեղ լոֆտի ձևաչափով ժամանակակից կենտրոն է բացվել, որի տնօրեն Արմինա Մամիկոնյանի հետ դիտարկել ենք հնարավոր համագործակցության հարցեր: Հուսամ, որ այս հարթակում մեր համալսարանը կունենա իր մասնագիտական-ներկայացուցչական անկյունը, որը արտահայտված կլինի մեր հրատարակություններից և ներկայացուցչական հրապարակումներից բաղկացած հավաքածուի մեկտեղման տեսքով», − հավելեց պարոն Հովհաննիսյանը։
Մ. Հովհաննիսյանը հանդիպել է նաև Մոսկվայի հայկական թանգարանի տնօրեն Արսեն Ալեքսանյանի հետ։ Քննարկվել են ինչպես ԵՊՀ ՀՀԻ մասնագետների՝ թանգարանի վիրտուալ հարթակում հոդվածներ տպագրելու հեռանկարները, այնպես էլ տեղում հայապահպանությանը նպաստող ծրագրերի համատեղ իրականացման հարցերը։
«Կարևոր և փոխճանաչելի էին այցելության վերջին օրը «Տպարան» ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանի, «Ժամ» պարբերականի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի, խմբագրի տեղակալ Վլադիմիր Պետունցի հետ հանդիպումները: Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները»,− ամփոփելով մոսկովյան այցի բանակցային մասը՝ նշեց Մ. Հովհաննիսյանը:
«Հույս ունենք, որ նմանօրինակ հանդիպումների շնորհիվ Մոսկվայի հայ համայնքի և գիտակրթական կառույցների հետ հարաբերություններն ավելի են խորանալու և ընդլայնվելու՝ թղթային, տեսական մակարդակից անցնելով գործնական քայլերի: Մոսկվայի հայկական համայնքը շատ մեծ է, և հայապահպանության ուղղությամբ այստեղ շատ աշխատանք կա անելու»,− հարցազրույցի վերջում ասաց ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը։
Մարինա Առաքելյան