- Գլխավոր
- Նորություններ
- ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ՝ «ԺԱՆ ՄՈՆԵ» ՄՈԴՈՒԼԻՆ ԴԻՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Փետրվար 19, 2019 | 17:31
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ՝ «ԺԱՆ ՄՈՆԵ» ՄՈԴՈՒԼԻՆ ԴԻՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ժան Մոնե» մոդուլի գործողությունների մասին խորհրդատվական հանդիպում:
Հանդիպումն անցկացրեց «Ժան Մոնե» մոդուլի համակարգող, «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը, որի ընթացքում մասնակիցները տվեցին իրենց հուզող ամփոփիչ հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես ծրագրի անցկացման ժամկետներին, այնպես էլ ծրագրի բյուջեին, բովանդակությանը և այլ տեխնիկական հարցերին:
««Ժան Մոնե» մոդուլին կարող են դիմել բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ասոցիացիաներ, որոնք նույնպես կարող են աջակցություն ստանալ»,- նշեց Քրիստինե Գևորգյանը:
«Ժան Մոնե» մոդուլն ունի 6 ծրագիր: Բացի ուսուցման և հետազոտության ծրագրերից՝ այն իր մեջ ներառում է համալսարանների միջև կապերի ձևավորման և զարգացման գործընթաց:
««Network»-ի պարագայում նախատեսվում է ծրագրերի իրականացման մեջ ներառել առնվազն երեք համալսարան՝ բանավեճային քաղաքականություն կամ ամառային դպրոցներ կազմակերպելու համար»,- ասաց Քրիստինե Գևորգյանը՝ ներկայացնելով ծրագրին մասնակցելու սեփական փորձը:
«Եթե ձեր ընտրած ծրագիրը «Teaching»-ն է, ապա նախընտրելի է, որ այն ուղեկցվի սեմինարներով, ամառային դպրոցների և միջոցառումների կազմակերպմամբ,-պարզաբանեց Քրիստինե Գևորգյանը:
Հնչեցին նաև առարկաների բովանդակությանը և ժամաքանակին վերաբերող հարցեր:
«Իհարկե, այս դեպքում պետք է ընդգծեմ, որ այն առարկան, որը ստացել է ֆինանսավորում և արդեն դասավանդվում է՝ կախված ուսանողների կարծիքներից կամ իրադարձությունների զարգացումից, ժամանակ առ ժամանակ կարող է թարմացվել»:
Անդրադառնալով մոդուլներին՝ փորձագետը նշեց, որ մեր երկրի մոդուլները տարբերվում են մյուս երկրների նույն քանակությամբ մոդուլներից:
Ծրագրին մասնակցելիս պարտադիր չէ նշել առարկաների կրեդիտների քանակը:
Հիշեցնենք, որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 22-ը:
Անի Պողոսյան