- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵԼ
Ապրիլ 30, 2019 | 13:59
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մարտի 30-ից ապրիլի 6-ը մասնակցել են միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ հեղինակավոր «Jean-Pictet» դատախաղ-մրցույթին և տպավորիչ արդյունքներ գրանցել:
«Jean-Pictet» դատախաղ-մրցույթը միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ամենահեղինակավոր դատախաղ-մրցույթն է, որը կազմակերպվում է ավելի քան 30 տարի անընդմեջ, սակայն ԵՊՀ-ն մասնակցում էր առաջին անգամ:
Դատախաղ-մրցույթն անց է կացվել Ֆրանսիայի Օբեռնե քաղաքում: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից բաղկացած թիմի կազմում հանդես են եկել բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ Իգոր Միրզախանյանը, Լեյլի Թադևոսյանը և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Սողոյանը:
«Jean-Pictet» 32-րդ դատախաղ-մրցույթին մասնակցում էր աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր համալսարաններից 48 թիմ: ԵՊՀ թիմը մրցել է Քենիայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Բելառուսի, Պակիստանի, Էկվադորի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, ինչպես նաև դատավորներից կազմված թիմերի հետ:
Մասնակիցների հավաստմամբ, «Jean-Pictet» դատախաղ-մրցույթն իր ձևաչափով տարբերվում է դասական դատախաղ-մրցույթներից. «Մրցափուլերը մշտապես իրավիճակային են, և թիմերն առաջադրանքները կատարում են մի դեպքում՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներ, մյուս դեպքում՝ որպես իրավական խորհրդատուներ, մեկ այլ դեպքում՝ որպես պետության ներկայացուցիչներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում և այլն: Հետևաբար միայն իրավական գիտելիքները բավարար չեն դատախաղ-մրցույթում հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է տիրապետել հռետորական արվեստին, լեզվին, կատարել թիմային աշխատանք, գրագետ ելույթ ունենալ, հարգել մրցակցին, կարողանալ հմտորեն բանակցել և այլն»:
Նրանց տեղեկացմամբ, դատախաղը տարբերվում է նաև նրանով, որ այստեղ չկան վարկանիշային տեղեր, այսինքն՝ միայն մեկ թիմ ճանաչվում է հաղթող և վերջ: Չնայած ԵՊՀ թիմը չի հաղթել դատախաղ-մրցույթում, բայց թիմի վերաբերյալ տրված անհատական հաշվետվությունը փաստում է, որ այն լավ ու տպավորիչ ելույթ է ունեցել:
Դատախաղ-մրցույթի դատավոր Դալիլա Սիոնը, որը Բուենոս Այրեսի համալսարանում միջազգային քրեական և մարդասիրական իրավունք է դասավանդում, իր զեկուցման մեջ նշել է, որ ԵՊՀ թիմն առանձնացել է հավասարակշռված խաղով, շատ լավ իմացել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային նորմերը, եղել է չափազանց հարգալից հակառակորդ թիմերի հետ՝ գրանցելով զգալի աճ մրցակցության ընթացքում: Տիկին Սիոնը նշել է, որ ԵՊՀ թիմը տպավորիչ ելույթ է ունեցել միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ մրցափուլում՝ ընդհանուր հաշվարկով հայտնվելով առաջատար 3 թիմերի մեջ:
ԵՊՀ թիմին կցված մարզիչ Սթիվեն Բրենդթը, որը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, թիմի վերաբերյալ զեկուցման մեջ նշել է, որ հայաստանյան թիմն ամենահիշվող և ստեղծարար թիմերից է եղել: Նրա խոսքով, թիմի յուրաքանչյուր անդամ հրաշալի ներկայացրել է Հայաստանը ոչ միայն իրավական գիտելիքների իմացությամբ, այլև Հայաստանի մասին մշտապես հետաքրքիր պատմություններ պատմելով: Նա նշել է, որ ԵՊՀ թիմը կարողացել է լավ տպավորություն գործել թե՛ դատավորների, թե՛ մարզիչների, թե՛ մյուս մասնակիցների վրա՝ դրսևորելով միջմշակութային շփման հրաշալի տեխնիկա:
Թիմի վերաբերյալ հաշվետվության մեջ թե՛ կազմակերպիչները և թե՛ դատավորները հույս են հայտնել, որ Հայաստանը, ի դեմս ԵՊՀ թիմի, այսուհետ մշտապես ներկայացված է լինելու «Jean-Pictet» միջազգային հեղինակավոր դատախաղին՝ դառնալով դրա անբաժանելի մասնիկը:
Հիշեցնենք, որ այս կազմով թիմը դեռևս 2018 թվականին հաղթանակ էր տարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դատախաղ-մրցույթում՝ ստանալով «Jean-Pictet» դատախաղ-մրցույթում հանդես գալու հնարավորություն:
Պատրաստեց Քնար Միսակյանը