- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԲ ԲԱՐՁՐԱՑՐԻ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԱՄԱՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ԱՐԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՄՈ ԵՂՈՅԱՆ
Նոյեմբեր 27, 2018 | 16:26
Ուսանողական
«ԵՐԲ ԲԱՐՁՐԱՑՐԻ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԱՄԱՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ԱՐԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՄՈ ԵՂՈՅԱՆ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 16-18-ն անցկացված փաուերլիֆտինգի՝ ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Կամո Եղոյանը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը:
Մեզ հետ զրույցում մեդալակիրը պատմեց իր հաղթանակի, թիմային համախմբվածության և սպորտի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին:
Ծնունդով ջավախքցի մարզիկին սպորտը գրավել է դեռ մանկուց, սակայն մարզումները սկսել է վերջերս: «Երեք տարի է արդեն, ինչ զբաղվում եմ պրոֆեսիոնալ սպորտով,- պատմեց նա ու տեղեկացրեց,- սպորտաձևի նպատակն է բացահայտել մարդու մաքսիմալ ուժային հնարավորությունները բազային վարժություններում»:
Կարևորելով սպորտի դերն ու նշանակությունը՝ Կամոն նշեց, որ սպորտը ճիշտ դաստիարակություն է. «Սպորտը սովորեցնում է դիմակայել ամեն տեսակ թվացյալ դժվարություններին»:
Կամոյի հավաստմամբ, իր հաղթանակի գրավականը սկզբունքայնությունն ու աշխատասիրությունն էր: «Սկզբունքայնությունը հավասար է ուժի»,- պնդեց նա ու հավելեց, որ հաղթանակի համար կարևոր էր նաև այն, որ առաջնությունն անցկացվել էր ծննդավայրում. «Ես անմիջապես զգացի՝ երբ ոտքերս դիպան հայրենի հողին. մի ուրիշ զգացողություն էր դա. ծննդավայրիս հողն ինձ ուժ տվեց»:
«Երբ բարձրացրի մեր եռագույնը, հասկացա, որ ժողովրդիս համար մի լավ բան եմ արել»,- անկեղծացավ մարզիկը:
Կամոն մի բացահայտում արեց. ուժային եռամարտը, ի տարբերություն այլ սպորտաձևերի, ունի հստակ տարաբաժանում. «Առաջին մրցասպարեզում մրցում են այն մարզիկները, որոնք չեն օգտագործել կողմնակի խթանիչներ, իսկ երկրորդում՝ այն մարզիկները, որոնք օգտագործել են վերոնշյալ խթանիչները»:
ԵՊՀ-ն հաղթանակած մարզիկին դիմավորել է մեծ ոգևորությամբ. «Ես հպարտ եմ, որ այստեղ կարևորվում են ինչպես գիտական ասպարեզում ունեցած ձեռքբերումները, այնպես էլ սպորտում»:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Կամոն փոքր-ինչ բացեց փակագծերը. «Որոշ ժամանակ զբաղվելու եմ սպորտով, բայց ընտանիքս պահելու եմ ընտրածս մասնագիտությամբ»:
Կամոն նպատակ ունի Գինեսի նոր ռեկորդ սահմանելու:
Անգին Խաչատրյան