- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ԷՐ
Մարտ 18, 2019 | 17:53
Կրթություն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատերազմի դասեր. տեղեկատվական պատերազմ» խորագրով հանդիպում մեդիա փորձագետ, հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ:
ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումը կազմակերպվել էր «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում:
Հանդիպման ընթացքում Կարեն Վրթանեսյանը փաստեց, որ վերջին շրջանում բավականին մեծ տարածում են գտել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տեղեկատվական պատերազմը, քարոզչությունը, հոգեբանական պատերազմը, ռազմավարական հաղորդակցությունները և այլն:
«Ըստ էության՝ թվարկվածները տարբեր եզրեր են, բայց նկարագրում են նույն երևույթը, քանի որ hնարավոր չէ, օրինակ, տեղեկատվական պատերազմը տարանջատել հոգեբանականից: Այսօր բազմաթիվ տարբերակներ կան, բայց բոլորի կողմից ընդունելի սահմանում չկա, թե ինչ է տեղեկատվական պատերազմը»,- ասաց փորձագետը:
Կարեն Վրթանեսյանի հավաստմամբ, այս պահին, օրինակ, ԱՄՆ զինված ուժերի շրջանում տարածված է սահմանումը, թե ինչ ասում է թշնամին, դա քարոզչություն է. «Բացատրում են հիմնավորմամբ, որ եթե թշնամին գումար, էներգիա և այլ ռեսուրսներ է ծախսում իրենց հետ հաղորդակցվելու համար, ուրեմն դա անում են ոչ բարի նպատակով»:
Քարոզչական հարցերի մասնագետն ուսանողներին ներկայացրեց այն միֆերը, որոնք առնչվում են քարոզչությանն ու տեղեկատվական պատերազմներին: Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, թե տեղեկատվական պատերազմները կապված են համացանցի հետ. «Իրականում դրանք ի հայտ են եկել դեռևս շատ հին ժամանակներում, երբ առաջացել են կոնֆլիկտները: Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչ հնարքներ են կիրառվել պատերազմների ժամանակ»:
«Միֆերից մյուսն այն է, թե իբր եթե սուտ է, ուրեմն քարոզչություն է, իսկ եթե սուտ չէ, բացարձակ ճշմարտություն է: Իրականում հմտորեն կազմակերպված քարոզչությունը կամ տեղեկատվական գործողությունը սուտ չի լինում: Շատ պարզ մեխանիզմ է աշխատում այդ դեպքում. տրվում է ոչ թե ամբողջ ճշմարտությունը, այլ դրա մի մասը: Կամ եթե տրվում է ամբողջ ճշմարտությունը, ապա շեշտը դրվում է մի մասի վրա միայն»,- պարզաբանեց մասնագետը:
Կարեն Վրթանեսյանը փաստեց, որ կա տարածված մեկ այլ միֆ, թե տարածված սուտ տեղեկատվությունը վաղ թե ուշ բացահայտվելու է, իսկ տարածողը՝ վարկաբեկվելու. «Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ժամանակին սուտը չի հերքվում, այն ընկալվում է որպես իրականության մի մաս»:
Մեդիա փորձագետն ուսանողներին ասաց, որ լարված և ճգնաժամային պահերին կտրուկ ավելանում է սուտ տեղեկատվության քանակը. «Օրինակ՝ պատերազմների ժամանակ հսկայական տեղեկատվություն է ստացվում, որի մեծ մասը կեղծ է և առաջացնում է խուճապ»:
Նրա հավաստմամբ, համացանցն այսօր պարզապես արագացրել է գործընթացը. «Սուտն անտառային հրդեհի պես է տարածվում: Առաջ եթե կար լսարան և լրատվամիջոց, ապա այսօր յուրաքանչյուր օգտատեր նաև լրատվամիջոց է, որի մի գրառումը կարող է տարածվել կայծակնային արագությամբ: Պարզապես ամեն տեղեկատվություն ստանալիս վերլուծեք և փորձեք ճշտել դրա իսկությունը»:
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը տեղեկատվական պատերազմի համատեքստում՝ պատմելով, թե երբ է այն սկսվել և զարգացման ինչ փուլեր է անցել: Կարեն Վրթանեսյանն ուսանողներին ներկայացրեց նաև, թե ինչ հնարքներ են կիրառվում հակամարտության ժամանակ և պատասխանեց ուսանողների հարցերին:
Քնար Միսակյան