- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
Հոկտեմբեր 29, 2019 | 18:19
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը:
Տոնական միջոցառման մեկնարկից առաջ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր աշխատասենյակում ընդունեց Կորեայից ժամանած պատվիրակությանը՝ ի դեմս ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեի (Lee Sok-bae):
Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, ԵՊՀ-ում կորեերենի համակարգող Արթուր Իսրայելյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, Գեղամ Գևորգյանը փաստեց, որ ԵՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է Կորեայի Հանրապետության հետ, հատկապես գիտակրթական ոլորտում:
ԵՊՀ-ի պատմությանը և գործունեությանը ծանոթանալու համար ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դեսպանին և պատվիրակության մյուս անդամներին գրքեր նվիրեց: Նա նշեց, որ ԵՊՀ-ում կորեերենի դասավանդումը և կորեական մշակույթի տարածումն իրականացվել են Արթուր Իսրայելյանի շնորհիվ: Գեղամ Գևորգյանը հույս հայտնեց, որ նրա նոր պաշտոնը կնպաստի համագործակցության ամրապնդմանը, և ասաց՝ պատրաստակամ է աջակցելու համատեղ բոլոր նախաձեռնություններին:
Լի Սոկ-Բեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ բազմիցս եղել է Հայաստանում, ունեցել պաշտոնական շատ հանդիպումներ, բայց այստեղ է, որ խոսում է իր մայրենի լեզվով. «Կորեերենի թարգմանության առկայությունը շատ տպավորիչ է»:
Շնորհավորելով ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ՝ դեսպանն ասաց, որ ԵՊՀ-ի մասին շատ է լսել. «Ձեր համալսարանը մեծ հռչակ է վայելում: Գիտեմ, որ ձեր շրջանավարտները մեծ դեր ունեն երկրի զարգացման գործում: Կորեայի կառավարությունն անում է հնարավորինս՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ՝ առաջիկայում երկու երկրների համալսարանների միջև ևս ակտիվ համագործակցություն կհաստատվի»: Լի Սոկ-Բեն տեղեկացրեց, որ դեսպանությունը պատրաստ է աջակցելու այդ գործընթացի կազմակերպմանը:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ-ն պատրաստ է ուրախությամբ համագործակցելու կորեական բուհերի հետ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և գաղտնիք չէ, որ Կորեան այդ ուղղությամբ այսօր աշխարհում առաջատարներից մեկն է. «ՏՏ-ն շատ կարևոր ոլորտ է Հայաստանում, որի զարգացումը կնպաստի երկրի առաջընթացին»:
Արթուր Իսրայելյանը հյուրերին պատմեց, որ ԵՊՀ-ում կորեերենի դասավանդումը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ից. «Այսօր արդեն 60 ուսանող ուսումնասիրում է կորեերենը՝ որպես երկրորդ լեզու»:
Պրոռեկտորի փոխանցմամբ, ԵՊՀ-ում կորեերենի կենտրոն-լսարանը տեղակայված է Արևելագիտության ֆակուլտետում. «Լեզուն դասավանդվում է ինչպես Արևելագիտության, այնպես էլ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում»: Արթուր Իսրայելյանը տեղեկացրեց, որ այս տարի դիմել են «Կորեա հիմնադրամ»-ին՝ աջակցություն ստանալու Կորեայից դասախոսի գործուղմանը դեպի ԵՊՀ, և հույս հայտնեց, որ այդ հարցը ևս դեսպանի ուշադրության կենտրոնում կլինի:
Բացի դրանից՝ Արթուր Իսրայելյանը ցանկություն հայտնեց, որ Սեջոնգի ինստիտուտը ԵՊՀ-ում մասնաճյուղ ունենա, քանի որ պլանավորվում է համալսարանում ոչ միայն կորեերենի ուսուցում իրականացնել, այլև զարգացնել կորեագիտությունը: Ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ դեսպանությունն ամեն կերպ կաջակցի բոլոր նախաձեռնությունների իրականացման համար:
Այսօր տեղի ունեցած հանդիպմանը Կորեայի պատվիրակության կազմում էին նաև «Սամսունգ» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք նույնպես հետաքրքրված են Հայաստանում ՏՏ ոլորտի առանձնահատկություններով: Գեղամ Գևորգյանը նշեց, որ կազմակերպության հետ համագործակցությունը շահավետ և պատվաբեր կլինի համատեսարանի համար:
ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բեն շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը ոչ միայն այսօրվա միջոցառման կազմակերպմանն աջակցելու, այլև կորեերենի և կորեական մշակույթի տարածմանը նպաստելու համար:
«Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոնի բացման արարողության ժամանակ Արթուր Իսրայելյանը նշեց, որ համագործակցությունը «Կորեա հիմնադրամի» և Հայաստանի կորեական համայնքի հետ հաստատվել է գրեթե տասը տարի առաջ: Նա փաստեց, որ ԵՊՀ-ում կազմակերպվել են կորեերենի ուսուցմանն ուղղված կրթական և մշակութային բազմաթիվ միջոցառումներ, ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի կորեական համայնքի ղեկավարին և ԵՊՀ-ում կորեերենի դասախոս Հասմիկ Ճաղարյանին՝ աջակցության և նվիրվածության համար:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, որի հետ, Արթուր Իսրայելյանի փոխանցմամբ, ձեռք է բերվել համաձայնություն՝ համալսարանում կազմակերպել թաեքվոնդոյի անվճար պարապմունքներ դասախոսների և ուսանողների համար:
ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բեն, ողջունելով փառատոնի մասնակիցներին, ասաց, որ բոլոր օտար լեզուները բարդ են, և դրանք լավ սովորելու համար պետք է ջանասիրաբար ու տքնաջան աշխատել: Նա հույս հայտնեց, որ ուսանողները լավ կսովորեն կորեերենը և հետագայում իրենց ներդրումը կունենան երկու երկրների արդյունավետ համագործակցության գործընթացին:
Միջոցառման ընթացքում կորեերեն ուսումնասիրող ուսանողները, ինչպես նաև Հայաստանի կորեական համայնքի ներկայացուցիչներն ու կորեական մշակույթով հետաքրքրվածները հանդես եկան կորեական ժամանակակից երգերի ու պարերի կատարումներով: Բացի դրանից՝ միջոցառմանը տեղի ունեցավ «Վագրը և ճանապարհորդը» կորեական հայտնի հեքիաթի ներկայացումը:
Փառատոնի ավարտին միջոցառման բոլոր մասնակիցներին տրվեցին պատվոգրեր և նվերներ:
Քնար Միսակյան