- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Հունիս 18, 2019 | 17:47
Գիտություն
ԵՊՀ-Ն ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի աշխատասենյակում այսօր կազմակերպվել էր հանդիպում Իտալիայի Լուիսս համալսարանի պրոֆեսոր, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտիի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ֆակուլտետների և Լուիսս համալսարանի միջև համագործակցության հեռանկարները, միջբուհական համագործակցության հնարավոր ուղիները, ուսումնական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:
Ալեքսանդր Մարգարովը, ողջունելով հյուրերին, նրանց ներկայացրեց ԵՊՀ-ի պատմությունը, ֆակուլտետների կրթական և գիտական ծրագրերը, ինչպես նաև նրանց հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների կրթական և գիտական ծրագրերն ու ներուժը:
Ալեքսանդր Մարգարովը պատմեց նաև ԵՊՀ-ի և Իտալիայի տարբեր համալսարանների համագործակցության ուղղությունների մասին, անդրադարձավ Իտալիայի բուհերի և ԵՊՀ-ի ուսանողների փոխանակման ծրագրերին: «ԵՊՀ-ն միշտ բաց է և պատրաստ համագործակցելու տարբեր բուհերի հետ»,- հավելեց Ալեքսանդր Մարգարովը:
Ռաֆայել Մարկետտին նշեց, որ Լուիսս համալսարանը ցանկություն ունի համագործակցելու «Միջազգային հարաբերություններ», «Տնտեսագիտություն» և «Իրավագիտություն» մասնագիտություններով: Նա նաև առաջարկեց Իտալիայի կողմից տրամադրվող կրթաթոշակով իրականացնել վերոնշյալ մասնագիտություններով սովորող ուսանողների փոխանակման ծրագրեր:
Ռաֆայել Մարկետտին ներկայացրեց Լուիսս համալսարանի կրթական, աշխարհի տարբեր բուհերի հետ ուսանողների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև պատմեց իրենց համալսարանի գիտական ներուժի մասին:
Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ երկու բուհերի համագործակցության արդյունքում կիրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր: Նոր համագործակցությունը կնպաստի համատեղ հետազոտական և գիտական գործունեության իրականացմանն ու զարգացմանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան