- Գլխավոր
- Նորություններ
- «ԷԼԻՖ ՇԱՖԱՔԸ, ԵՐԲ ԻՄԱՑԱՎ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՓԱԹԱԹՎԵՑ ԻՆՁ ԵՎ ԳԻՐՔՍ ՄԱԿԱԳՐԵՑ՝ ՍԻՐՈՎ՝ ԼԱՈՒՐԱՅԻՆ «SISTERHOOD»». ԼԱՈՒՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Հունվար 15, 2019 | 17:33
«ԷԼԻՖ ՇԱՖԱՔԸ, ԵՐԲ ԻՄԱՑԱՎ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՓԱԹԱԹՎԵՑ ԻՆՁ ԵՎ ԳԻՐՔՍ ՄԱԿԱԳՐԵՑ՝ ՍԻՐՈՎ՝ ԼԱՈՒՐԱՅԻՆ «SISTERHOOD»». ԼԱՈՒՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Լոնդոնի արքունական քոլեջում մագիստրոսական կրթություն ստացած Լաուրա Սիմոնյանը պատմում է Լոնդոնում սովորելու փորձառության, կրթական համակարգի, քննադատական մտածողության և Էլիֆ Շաֆաքի հետ հանդիպման մասին:
Համեմատել մեր և արևմտյան կրթական համակարգերը միգուցե այդքան էլ ճիշտ չի լինի: Դրանք շատ տարբեր են, և այդ տարբերությունն ունի բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Միայն կարող եմ ասել, որ երբ ես Մեծ Բրիտանիա ժամանեցի, իմ ակնկալիքներն ավելի շատ էին, քան այն, ինչ տեսա իրականում:
Ես այնտեղ հասկացա, որ կրթությունը բիզնես է դարձել ամբողջ աշխարհում: Եվ այս խնդիրը միայն մեզ չէ, որ վերաբերում է: Բայց այն կրթությունը, որը դու ստանում ես այնտեղ, քեզ տալիս է ինքնադրսևորվելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաև զարգացնում է քո ակադեմիական փորձառությունը:
Այն ռեսուրսներն ու նյութերը, որ քեզ տրամադրում է համալսարանը, քեզ ստիպում են լիարժեք ուսանող զգալ: Գրադարանները 24 ժամ հասանելի են: Չկա մի գիրք կամ մի նյութ, որ չկարողանայիր գտնել: Կարելի է ասել, որ ես քնել եմ գրադարաններում: Անգամ համակարգիչ վերցնելու կարիք չկար: Սրանք, թերևս, յուրաքանչյուր ուսանողի համար կարևոր գործոններ էին:
Բուհն ու աշխատաշուկան քայլում են միևնույն ուղղությամբ բրիտանական կրթական համակարգում:Դա ինձ օգնել է ուսումնական գործընթացին ավելի մեծ հաճույքով վերաբերել: Ուսանողը հնարավորություն ունի ինչպես գիտելիքներ ձեռք բերելու, այնպես էլ այդ գիտելիքները գործնականում կիրառելու:
Հետաքրքրական էր, որ ամեն դասաժամին մենք ունենում էինք հատուկ հյուրեր, որոնք պետական ատյաններում կարևոր գործառույթներ են իրականացրել կամ իրականացնում են: Նրանք մեզ փոխանցում էին իրենց գիտելիքները և փորձը: Այդ քննարկումների միջոցով ինձ համար հստակ դարձավ, որ պետական կառավարումը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ մասնագետներն ունենան նաև ակադեմիական հիմք: Այդպես ուսանողը հնարավորություն ունի քննարկելու, թե ինչպես են արդեն հայտնի տեսություններն աշխատում գործնականում, ինչպիսի առավելություններ, թերություններ ունեն:
Մեզ մոտ, կարծես թե, այդ կապը խաթարված է և հստակ չի աշխատում:
Ուսանողների քննադատական մտածողությունը քաջալերվում էր: Ես իմ ուսումնասիրությունների շրջանակում անդրադարձել եմ նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի 1325 բանաձևին և պետք է նշեմ, որ բարձր գնահատականով խրախուսվում էին այն ուսանողները, որոնք կարողանում էին իրենց ուսումնասիրության թեման համակողմանի ներկայացնել, վերլուծել նրա ուժեղ և թույլ կողմերը:
Բազմաթիվ և բազմատեսակ քննարկումների առկայությունն ինձ համար նույնպես նոր մշակույթ էր: Այդ քննարկումների նախաձեռնողները հիմնականում դասախոսներն էին, որոնց ժամանակ հրավիրվում էին փորձագետներ՝ խոսելու տվյալ ոլորտում առկա արդիական մարտահրավերների ու հիմնահարցերի մասին:
Հայաստանում դասախոսն է պահանջատեր, այնտեղ՝ ուսանողը: Ոչ մեկը քեզնից չէր պահանջում դասի նստել, չբացակայել, պատասխանել: Մյուս կողմից պատասխանատու ուսանողն ամենալավ բանն է, որ կարող է ունենալ յուրաքանչյուր բուհ: Ուսանողն ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր ուսումնական գործընթացը որակյալ և արդյունավետ կազմակերպվի: Սա արդեն ոչ թե կրթական համակարգի, այլ մտածողության խնդիր է:
Երբ աշխարհահռչակ պրոֆեսոր Ամարտյա Սենի հետ հանդիպման ժամանակ պատմեցի, որ մենք Հայաստանում՝ մասնավորապես ԵՊՀ-ում, իր հայտնի՝ «Զարգացումը`որպես ազատություն» գիրքն ենք ուսումնասիրել, վերջինս զարմացել էր ու չէր հավատում, որ գիրքն ակադեմիական մոտեցմամբ ուսումնասիրվում է նաև Հայաստանում: Իր այն տեսությունը, որ ցանկացած ոլորտում զարգացման և առաջընթացի համար ազատություն է հարկավոր, իսկական հեղաշրջում էր գիտության մեջ:
Չեմ կարող ասել, որ Էլիֆ Շաֆաքի ստեղծագործություններին շատ լավ ծանոթ էի: Փոխարենն ունեի մի ընկերուհի, որը Լոնդոնի գրախանութներում փնտրում էր «Ստամբուլի բիճը» գիրքը: Հետո, երբ ես սկսեցի ուսումնասիրել գրքի պատմությունը, իմացա, որ այն եզակի «դեպքերից» է, քանի որ Թուրքիայում դատական գործընթացների միջով է անցել: Գրքում խոսվում է Թուրքիայում արգելված թեմաներից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին: Ինքը՝ հեղինակը, հանդիպման ժամանակ նշում էր, որ ոչ թե իրեն, այլ գիրքն են դատել:
Աննկարագրելի տպավորված էի, երբ Էլիֆ Շաֆաքի հետ հանդիպման վերջում նա իմացավ, որ հայ եմ, փաթաթվեց ինձ և գիրքս մակագրեց՝ սիրով՝ Լաուրային «sisterhood»:
Անի Պողոսյան