- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ
Նոյեմբեր 28, 2022 | 13:51
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեկնարկել է «Learning by Doing» ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է «Հայցադիմումների ու միջնորդությունների կազմման հմտություններ» խորագրով դասախոսություն:
Երկու փուլից բաղկացած «Learning by Doing» ծրագրի հիմնական նպատակն ուսանողներին մասնագիտական-գործնական գիտելիք հաղորդելն է և նոր հմտություններ սովորեցնելը՝ համապատասխան վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացումների, որոնք ուսանողները կօգտագործեն երկրորդ կիսամյակում կազմակերպվող դատախաղերի ժամանակ:
Ծրագրի առաջին փուլում անցկացվում են քաղաքացիական և վարչական մասնագիտացումներում անցկացվող դասընթացներ: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Գոհար Գևորգյանն ուսանողների՝ նախօրոք կազմած հայցադիմումների քննարկման միջոցով ներկայացրել է հայցադիմում կազմելու պահանջները, հայցադիմումը վարույթ ընդունելու համար նախատեսված պայմանները, պատասխանողի և հայցվորի հիմնական իրավունքները, ինչպես նաև քննարկվել են բազմաթիվ օրինակներ պրակտիկայից:
Հատկանշական է, որ ծրագրի երկրորդ փուլում համապատասխան մասնագիտացումներով ուսանողների համար կկազմակերպվեն ուսումնական դատախաղեր, որոնց ընթացքում մասնակիցները նախօրոք ձևավորված թիմերի կազմում կիրացնեն իրենց ստացած պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները:
Նշենք, որ ծրագրում ընդգրկված մասնակիցները երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ են: Հատկանշական է, որ դասընթացների 80 տոկոսին մասնակցած և հաջողությամբ հաջորդ փուլ անցած ուսանողները միայն հնարավորություն կունենան մասնակցելու ուսումնական հաջորդ կիսամյակում մեկնարկող դատախաղերին: