- Գլխավոր
- Նորություններ
- ԱՊԱԳԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 09, 2019 | 16:32
Հասարակություն
ԱՊԱԳԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր դասախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի շրջանավարտ, ներկայումս «Samsung» ընկերության աշխատակից Հայկ Խաչատրյանը՝ ներկայացնելով հաջորդ սերնդի տեխնոլոգիական արտադրանքները, որոնք կկիրառվեն կրթության ոլորտում:
Քիմիայի ֆակուլտետի ղեկավարության և ՈՒԳԸ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսության ընթացքում Հայկ Խաչատրյանը գործընկերներին պատմեց «Samsung» ընկերության գործունեության մասին՝ փաստելով, որ այն մեծ ներդրումներ է իրականացնում տարբեր ոլորտներում:
«Ընկերությունը, բացի լայն տարածում գտած տեխնոլոգիաներից, ստեղծում է նաև բժշկական, ռազմարդյունաբերական սարքավորումներ, ինչպես նաև ավտոմեքենաներ: Ապագայում նախատեսվում է, որ կստեղծվեն ինքնակառավարվող մեքենաներ»,- ասաց Հայկ Խաչատրյանը:
Նա ներկայացրեց նաև, թե ապագայում տեխնոլոգիական ինչ նորամուծություններ են սպասվում, որոնք կկիրառվեն կյանքի բոլոր ոլորտներում. «Հատկանշական են հատկապես կրթության ոլորտի համար նախանշվող տեխնոլոգիաները, որոնք մեծապես կբարձրացնեն ուսման արդյունավետությունը: Հուսով եմ՝ ԵՊՀ-ում նույնպես դրանք կկիրառվեն»:
Հայկ Խաչատրյանը փաստեց, որ Հայաստանում գիտության տեսական մակարդակը շատ բարձր է. «Այստեղ պարզապես պակասում են նորագույն տեխնոլոգիաները: Կազմակերպությունում, որտեղ աշխատում եմ, շատ միջոցներ ծախսում են փորձերի վրա՝ հասնելու որևէ արդյունքի, իսկ Հայաստանում տեսական հիմքը շատ լավ է, կարող ենք մեծ հաջողություններ գրանցել»:
Ֆակուլտետի նախկին դոցենտն ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և Կորեայում ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այստեղ՝ փորձելով օգուտ տալ երկրին:
Քնար Միսակյան