- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 14, 2019 | 13:58
Գիտություն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր անցկացվեց դասախոսություն «ՌԴ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները արդի շրջանում» թեմայով։
Դասախոսության համար «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական հասարակական կազմակերպության կողմից համալսարան էր հրավիրվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտում բրիտանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ելենա Անանիևան։
Բանախոսը նախ ծանոթացավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որոնք ողջունեցին նրան Երևանի պետական համալսարանում և շնորհակալություն հայտնեցին հրավերն ընդունելու համար։
Նախքան դասախոսությանն անցնելը մեզ հետ զրույցում Ելենա Անանիևան ասաց, որ Ռուսաստանի Դաշնության և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները միշտ շատ հետաքրքիր բնույթ են ունեցել և արժանի են դիտարկման ու ուսումնասիրության։
«Սա արդիական թեմա է։ Այն շատ հարցերի պատասխաններ է տալիս, երբ խոսքը Բրիտանիայի՝ Եվրոպական միությունից դուրս գալու փուլում գտնվելու մասին է»,- ասաց նա։
Արդեն լսարանում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական ՀԿ-ի նախագահ,Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ողջունեց ուսանողներին և ծանոթացրեց նրանց այսօրվա բանախոսի հետ։ Նա ասաց, որ հրավիրված հյուրն այժմ բրիտանական քաղաքականության պահանջված փորձագետ և գիտնական է։
«Մենք խնդրել ենք նրան գալ ԵՊՀ և ձեզ համար դասախոսություն կարդալ Ռուսաստանի Դաշնության և Մեծ Բրիտանիայի փոխհարաբերությունների մասին»,- ասաց Ար․ Սաֆարյանը և խոսքը փոխանցեց բանախոսին։
«Ես շատ ուրախ եմ ձեզ համար ելույթ ունենալու կապակցությամբ և կփորձեմ այս կարճ ժամանակամիջոցում ձեզ հիմնական պատկերացում տալ այս տերությունների միջև քաղաքական իրավիճակի մասին»,- ասաց Ելենա Անանիևան։
Նա նախ ներկաներին տեղեկացրեց այն ինստիտուտի մասին, որն ինքը ներկայացնում է, պատմեց, թե ինչ գործունեությամբ է վերջինս զբաղվում, ցույց տվեց նրա կողմից հրատարակված գրքերը։
Հասկանալու համար, թե ինչ քաղաքական հարաբերություններ ունեն վերոնշյալ երկրները, բանախոսն առաջարկեց մի փոքր հետ գնալ ժամանակի մեջ և դասախոսությունը սկսել 18-րդ դարում Բրիտանիայի արտաքին քաղաքականությունից։
Նա մեջբերեց անգլիական քաղաքական գործիչ լորդ Փալմերսթոնի(1784 -1865) խոսքերը. «Անգլիան չունի մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, Անգլիան ունի մշտական շահեր»։ Արտաքին քաղաքական հարաբերությունները բնութագրելու համար բանախոսն ասաց, որ այս գործելաոճը միշտ ուղեկցել է Բրիտանիային, որը շարունակում է ամեն ինչ անել՝ տարածաշրջանում որևէ պետության գերակայությունը թույլ չտալու համար։
Դասախոսության ընթացքում Ելենա Անանիևան անդրադարձավ այս երկու տերությունների միջև տարբեր ժամանակաշրջաններում թե՛ թշնամական, թե՛ բարեկամական հարաբերություններին ու մատնանշեց այդ ընթացքում երկուսի ունեցած կորուստներն ու ձեռքբերումները։ Նա խոսեց 2008 թվականին Վրաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ Բրիտանիայի ելույթների մասին և հիշեցրեց, որ այդ շրջանում վերջինս առաջարկում էր սանկցիաներ կիրառել այս գերտերության նկատմամբ։
Սակայն մի քանի ամիս անց սկսվեց Մեծ Բրիտանիայի 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը, որից դուրս գալու համար վերջինս դիմեց Ռուսաստանի օգնությանը։
Այսպիսով՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները տեղեկացան այս երկու երկրների միջև եղած կոնֆլիկտներին ու փոխշահավետ գործարքներին։ Նրանք դասախոսության վերջում իրենց հարցերը հղեցին բանախոսին ու շնորհակալություն հայտնեցին նրան հրավերն ընդունելու համար։
Մարինա Առաքելյան