- Գլխավոր
- Նորություններ
- «ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՓՐԿԻՉ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԴԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Փետրվար 20, 2019 | 17:36
Մշակույթ
«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՓՐԿԻՉ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԴԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում այսօր կազմակերպել էր «Թումանյանի ազգափրկիչ առաքելությունը՝ արդի փիլիսոփայության լույսի ներքո» թեմայով դասախոսություն՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Բանախոսը թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն էր:
Միջոցառմանը ներկա էին Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կենտրոնի սաները և ուսանողները:
Թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը դասախոսությունը սկսեց Թումանյանի՝ մահվանից երկու ամիս առաջ գրած խոսքերով. «Ես գիտեմ, մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…»։
«Կարելի է վստահաբար փաստել, որ «մի օր»-ն արդեն եկել է, եկել է «ուրիշ բան»-ը տեսնելու և հասկանալու ժամանակը»,- նշեց Ուլուբաբյանը և հավելեց, որ Թումանյանին հասկանալն այդքան էլ դյուրին չէ,- «բանաստեղծին հասկանալու համար հարկավոր է մտնել նրա աշխարհը, իսկ Թումանյանի աշխարհը խորը և փիլիսոփայական էր՝ կապված յոգայի, բուդդայականության, գաղտնագիտության և կրոնագիտության հետ»:
Ուլուբաբյանի հավաստմամբ, թումանյանական հանճարին հասկանալու համար իրեն օգնել են երկու գործոններ. «Լավագույն թումանյանագետը Թումանյանն է, որը տվել է իր ապարանքի դռները բացելու բանալիները, իսկ երկրորդ գործոնը փիլիսոփայությունն է, որը հնարավորություն է տվել հասկանալու թե՛ Թումանյանին, թե՛ Գարեգին Նժդեհին, թե՛ ժամանակի այլ մեծություններին»:
Բանախոսի հաղորդմամբ, Թումանյանի գրական իդեալը Շեքսպիրն էր, որին պետք է գրողը ձգտեր նմանվել. «Նրա գործերում ներդաշնակված են կրոնը, փիլիսոփայությունը և բանաստեղծությունը»,- մեջբերում է Ուլուբաբյանը և նկատում, որ մեր հասարակության մեջ իշխող քաոսի միակ պատճառը փիլիսոփայության բացակայությունն է»:
Ներկայացնելով Թումանյանի ազգափրկիչ առաքելությունը՝ Ուլուբաբյանը նշում է. «Մեր ժողովուրդը մի կողմից երջանիկ է, որ 20-րդ դարում ունեցավ մտքի ու ոգու երկու հսկաներ՝ Թումանյան ու Նժդեհ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրեցին ժողովրդի փրկության գործին, որոնց փրկարար գաղափարներն ու խորհուրդներն այժմ էլ շատ արդիական են։ Մյուս կողմից դժբախտ է, որովհետև նյութապաշտ ու անաստված զանգվածների համար նրանց գաղափարներն ու խորհուրդները մնացին անհասկանալի և խորթ։ Հիշենք Թումանյանի խոսքը՝ «Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին»»:
Բանախոսի հավաստմամբ, ազգի փրկության հիմքը գիտական և փիլիսոփայական գաղափարախոսությունն է, որի առհավատչյան եղել է Հ. Թումանյանը: «Մեր երկրում փակուղի են մտել գիտությունը, կրոնը և փիլիսոփայությունը. դրանք են աշխարհաճանաչողության հենքերը: Ազգի փրկության հիմքը գիտական և փիլիսոփայական գաղափարախոսությունն է, որի առկայության դեպքում հնարավոր է մշակել զարգացման ծրագիր»,- նշեց Հ. Ուլուբաբյանը:
Բանախոսը խոսեց նաև թումանյանական պատկերացումների, ոգու վերամարմնավորման և հարատևության մասին:
Դասախոսության վերջում Մշակույթի կենտրոնի բեմում հնչեցին Թումանյանի քառյակներն ու բանաստեղծությունները:
Անգին Խաչատրյան