- Գլխավոր
- Նորություններ
- «FEBS» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀԱՐԱԼԴ ԶՈՒՐ ՀԱՈՒԶԵՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Փետրվար 11, 2019 | 12:23
Կրթություն
«FEBS» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀԱՐԱԼԴ ԶՈՒՐ ՀԱՈՒԶԵՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) աջակցությամբ Հայաստանում անցկացվելու է «Ախտածինների ուսումնասիրության ժամանակակից ձեռքբերումները» խորագրով «FEBS» դասախոսությունների շարք:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող, Կենսաբանների հայկական միության նախագահ Սարգիս Աղայանը:
Դասախոսությունների շարքն անցկացվելու է մարտի 25-30-ը, որի ընթացքում ելույթ են ունենալու 17 անվանի գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Անգլիայից, Իսրայելից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և Ավստրիայից:
Ծրագրի աջակիցներն են Կենսաբանների հայկական միությունը, Երևանի պետական համալսարանը, «FAST» հիմնադրամը և Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը։
Ս. Աղայանը միջոցառմանը հրավիրված գիտնականներից հատուկ առանձնացրեց երկուսին՝ Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին Գերմանիայից և Եվգենի Կունինին ԱՄՆ-ից, որն ընդգրկված է աշխարհի լավագույն 10 գիտնականների շարքում:
Դասախոսություններին զուգահեռ անցկացվելու է նաև գիտաժողով, որի ժամանակ ՀՀ և արտերկրյա երիտասարդ գիտնականներն ու ուսանողները ներկայացնելու են իրենց հետազոտությունների արդյունքները պաստառային զեկուցումների տեսքով, իսկ լավագույնները հնարավորություն են ստանալու ելույթ ունենալ նաև բանավոր զեկուցմամբ:
Կենսաբանների հայկական միության նախագահի խոսքով, դասախոսությունների շարքը նպատակ ունի ապահովելու այնպիսի գիտական միջավայր, որտեղ երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտի նորամուծություններին, ինչպես նաև կկարողանան անմիջականորեն շփվել և կապեր հաստատել հայտնի գիտնականների հետ:
Դասախոսությունները ներկայացվելու են հետևյալ թեմաներով՝ վիրուսային և բակտերիալ ախտածիններ, էուկարիոտ մակաբույծներ, հակապաթոգեն մեխանիզմների ուսումնասիրություններ:
Այս դասախոսությունների շարքի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Սարգիս Աղայանը, Ամստերդամի համալսարանի ակադեմիական բժշկական կենտրոնի պրոֆեսոր Բեն Բերխուտը և Պաստերի ինստիտուտի պրոֆեսոր Մարկո Վիգնուցին:
Դասախոսությունների մեկնարկի առաջին օրը՝ մարտի 25-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճում Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենը հանդես է գալու «Վարակիչ հիվանդությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու քաղցկեղի ժամանակ» թեմայով դասախոսությամբ։
Նադեժդա Տեր-Աբրահամյան