- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ 76-ԱՄՅԱԿԻՆ
Նոյեմբեր 23, 2018 | 18:01
Հասարակություն
«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ 76-ԱՄՅԱԿԻՆ
Այսօր ԵՊՀ ՈՒԽ-ն կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիր-հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 76-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Լեոնիդ Ազգալդյանի կինը՝ Ժաննա Գասպարյանը, քույրը՝ Նելլի Ազգալդյանը, մարտական ընկերները՝ Վոլոդյա Ավետիսյանը, Հարություն Հակոբյանը, Ֆրեդ Նազարյանը, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Շուլի Հակոբյանը, վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս Գուրգեն Խաժակյանը:
Միջոցառումն ազդարարվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Գարեգինյանի և Քիմիայի ֆակուլտետի ուսանող Էրիկ Հովհաննիսյանի ողջույնի խոսքով, որից հետո ցուցադրվեց հերոսի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Հերոսի կինը՝ Ժաննա Գասպարյանը, ջանում էր ամեն կերպ հասանելի դարձնել հերոսի պատգամը. «Իմ ցավին հպարտություն է միահյուսվել, ուզում եմ շատ բարձր հեկեկալ»:
Ժաննա Գասպարյանի խոսքով, Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում պետք չէ. «Հերոսի կոչում մեզ է պետք՝ հասարակությանը, սերունդներին: Մենք պարտավոր ենք ապրեցնել Լեոնիդ Ազգալդյան մտավորականի, հոգով համեստ ու ազնիվ մարդու հիշատակը»:
Նրա գնահատմամբ, ժամանակակից սերունդն անշեջ է պահում հայ ոգու կրակը. «Նայում ես շուրջդ ու հիանում. մեկը մյուսից քաջ, հպարտ ու անվախ: Մեր երիտասարդների ոգին անկոտրում է»:
Բեմում թնդացին «Ալաշկերտի քոչարի»-ն, «Յարխուշտա»-ն. պարը կերպավորեց հայի անկոտրում ոգին, ուժը, հավատն ու գալիքի հանդեպ հույսը:
Գայանե Ավդալյանի, Վահե Մարգարյանի, Արտյոմ Դադունցի կատարմամբ հնչեցին «Վերադարձ», «Պատիվ ունեմ», «Կյանք ու կռիվ», «Մարտում» երաժշտական կատարումները:
Միջոցառման ավարտը ևս խորհրդանշական էր: Դահլիճով մեկ հնչեց հերոսի՝ սերունդներին ավետած խոսքը՝ «Սա Հայաստան է և վերջ»:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը միջոցառումն ամփոփեց հետևյալ խոսքերով. «Մենք պարտավոր ենք գիշեր-ցերեկ ապրել հանուն հայրենքի»:
Անգին Խաչատրյան