- Գլխավոր
- Նորություններ
- «ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Փետրվար 21, 2019 | 18:20
«ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Եկեք հասկանանք» հեռուստանախագծի հեղինակ-վարողներ Աելիտա Չիլինգարյանի և Սոնա Աբրահամյանի հետ:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ն:
Աելիտա Չիլինգարյանը և Սոնա Աբրահամյանը մեծ սիրով կիսվեցին ապագա լրագրողների հետ իրենց մասնագիտական փորձով և պատասխանեցին վերջիններիս հուզող հարցերին:
Հանրայինի հեռուստատեսության եթերում «Եկեք հասկանանք» հեռուստանախագիծը ցուցադրվում է արդեն երեք եթերաշրջան՝ այս ընթացքում հասցնելով բանավեճ-շոուից վերածվել սոցիալական հաղորդման:
Հանդիպման սկզբում հյուրերն ամենայն մանրամասնությամբ ներկայացրին Հայաստանում թոքշոուներ պատրաստելու առանձնահատկությունները, խնդիրներն ու մարտահրավերները:
«Թոքշոուներ պատրաստելիս պետք է հաշվի առնել, որ քչերը տաղավար կգան, իսկ տաղավարում շատերն ուզում են միայն իրենց կարծիքն արտահայտել և չբանավիճել, մյուսները գերադասում են ամբողջ ընթացքում պարզապես լռել»,- նշեց Աելիտա Չիլինգարյանը:
Ըստ Աելիտա Չիլինգարյանի՝ այս դեպքում շատ կարևոր է հաղորդավարի գործառույթը, որը պետք է կարողանա ժամանակին հյուրին խոսք տրամադրել, կամ ընդհատել հյուրի խոսքը, որի համար հաղորդավարը շատ հաճախ կարող է նաև քննադատության ենթարկվել:
Ժամանակակից հեռուստատեսության համար թոքշոու պատրաստելիս պետք է հաշվի առնել նաև այն, որ հեռուստադիտողները պահանջկոտ են, և միայն մասնագիտական զրույցները կարող են երկար և ձանձրալի լինել:
Սոնա Աբրահամյանի խոսքով, այստեղ շատ կարևոր է ոսկե միջինը գտնելու սկզբունքը:
«Լավ բանավեճ ունենալու բանաձևը շատ պարզ է. պետք է կանչել ոչ միայն մասնագետների, այլև այդ խնդիրն ունեցած մարդկանց, որոնք զգացմունքային կապ կստեղծեն հանդիսատեսի և հաղորդման միջև»,- փաստեց Սոնա Աբրահամյանը:
Անդրադառնալով թեմաների ընտրության խնդրին՝ լրագրող-հաղորդավարները նշեցին, որ այդ հարցում կարևոր պայման է սոցցանցային, մասնավորապես՝ ֆեյսբուքյան իրականությունից դուրս գալը, քանի որ այն մարդիկ, որոնք սոցցանցային ակտիվ կյանք են վարում, որպես կանոն, հեռուստատեսություն չեն դիտում:
«Թեմաների ընտրության հարցում երբեմն մեզ օգնում է մեր լրագրողական հոտառությունը, որի շնորհիվ հաջողվում է ճիշտ կանխագուշակել նաև հաղորդումը եթեր տալու ամենահարմար ժամանակը»,- ասացին հյուրերը:
Քննարկելով սոցցանցերում տարածված ատելության խոսքը, որը չի շրջանցել նաև լրագրող-հաղորդավարներին՝ վերջիններս նշեցին, որ այս դեպքում պետք է վարվել հետևյալ կերպ՝ ուշադրություն չդարձնել անձնական վիրավորանք պարունակող մեկնաբանություններին, կառուցողական քննադատությունն ընդունել որպես ի գիտություն և առաջ շարժվել:
Ներկայացնելով լավ լրագրող դառնալու ուղին՝ հյուրերը մատնանշեցին, որ լավ մասնագետի դառնալու համար միայն մի գաղտնիք կա. մարդ պետք է անմնացորդ սիրի իր մասնագիտությունը և պատրաստ լինի անշահախնդրորեն նվիրվել դրան:
«Լավ վաստակելը, իհարկե, կարևոր գործոն է, բայց ամեն ինչը հենց գումարից սկսելը սխալ մոտեցում է,- նկատեց Աելիտա Չիլինգարյանը,-հավատացեք, զբաղվելով ձեր սիրելի մասնագիտությամբ, դուք վաղ, թե ուշ լավ վաստակելու շատ հնարավորություններ կունենաք»:
Ըստ հյուրերի՝ այսօր աշխատաշուկան առավել, քան երբևէ որակյալ լրագրողների կարիք ունի:
Միջոցառմանը ներկա ուսանողները, ակտիվորեն մասնակցելով հանդիպում-քննարկմանը, լրագրող-հաղորդավարներին ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան պատասխաններ:
Վերջում հյուրերն ուսանողներին Հանրային հեռուստատեսությունում լրագրողի աշխատանք առաջարկեցին՝ պայմանով, որ ապագա լրագրողները պետք է մասնակացեն «Լրագրողական մարտեր» մրցույթին, ներկայացնեն ստեղծարար աշխատանք և հաղթեն:
Անի Պողոսյան