- Գլխավոր
- Նորություններ
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հունիս 04, 2019 | 14:35
Գիտություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Շաքարյանն ապրիլի 29-ից մայիսի 3-ը «Erasmus+» ծրագրով դասախոսություններ է կարդացել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում:
Այս առիթով ysu.am-ը զրուցել է նրա հետ:
- Տիկի՛ն Շաքարյան, ի՞նչ տվեց Ձեզ այս համագործակցությունը:
- Մադրիդում գտնվելու ընթացքում գենդերային հետազոտությունների ոլորտում ունեցած իմ փորձն ու գիտելիքները կիսեցի Քաղաքական գիտությունների և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ: Ես ոլորտում իմ գիտելիքներն ընդլայնելու, նոր ուսումնական նյութեր և ռեսուրսներ հավաքելու հնարավորություն ունեցա, ձեռք բերեցի նոր գրականություն: Նշեմ, որ հաջողվեց նաև ձևավորել միջազգային ակադեմիական ցանց:
Ես կարևորում եմ ակադեմիական, մասնագիտական և միջմշակութային շփումները, որոնց արդյունքում բացահայտվում են հաղորդակցման արվեստը, մշակութային ներկայացուցչության առանձնահատկությունները և սոցիալական ինքնությունը:
Նշեմ, որ պրոֆեսոր Էմմանուա Լոմբարդոյի հետ համագործակցելու, գենդերային հետազոտությունների ոլորտում նրա գիտական աշխատանքներին ծանոթանալու և նրա հետ դասեր անցկացնելու հնարավորություն ունեցա:
Կարևոր փորձ էր տարբեր մշակույթներ կրող ուսանողների հետ աշխատելն ու նրանց կարծիքները լսելը:
- Ի՞նչ թեմաներով էին Ձեր դասախոսությունները:
- Դասախոսություններ եմ անցկացրել «Քաղաքագիտություն» բակալավրիատի ծրագրի ուսանողների համար «Գենդերային դիսկուրսը լրատվամիջոցներում. ինչպես է գենդերը իմաստներ ձևավորում» թեմայով: Դասախոսությունները հիմնված էին գենդերային հետազոտությունների ոլորտում հայտնի տեսաբան Ջուլիա Վուդի հայեցակարգի և հայաստանյան մեդիադաշտում անցկացրած իմ հետազոտությունների արդյունքների վրա:
Հետազոտելով հայկական և իսպանական իրականությունները՝ ես հնարավորություն ունեցա այդ հետազոտությունների հիման վրա համեմատելու ու քննարկելու նշված երկու հասարակությունները:
- Ի՞նչն եք կարևորում գենդերային հետազոտությունների մեջ:
- Մեծ դերակատարում և կարևորություն ունեն ժամանակակից աշխարհում գենդերային խնդիրների, մարտահրավերների վերաբերյալ մասնագետների քննարկումներն ու մեկնաբանությունները:
Գենդերային խնդիրը կարելի է բնորոշել որպես սոցիալական երևույթ: Այն հետաքրքրություն է ներկայացնում տարբեր գիտությունների համար, ուստի կարելի է ուսումնասիրել տարբեր դիտանկյուններից: Ես ուսումնասիրել եմ սոցիոլոգիական կողմից՝ ներկայացնելով գենդերը՝ որպես իրականության սոցիալական կոնստրուկտ: Ինձ համար հետաքրքիր էր դիտարկել գենդերը նաև քաղաքական տեսանկյունից:
- Համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:
- Պատրաստվում ենք պրոֆեսոր Մար Մաիրայի հետ համեմատական վերլուծություններ կատարել, նա արդեն մի շարք հետազոտություններ ունի այս ոլորտում: Մենք շարունակում ենք աշխատել երկու պրոֆեսորների հետ:
Շնորհակալություն եմ հայտնում պրոֆեսորներ Էմմանուա Լոմբարդոյին, Մար Մաիրային և Ինմաքուլադա Լուիսին՝ ինձ աջակցելու համար:
«Erasmus +» ծրագիրը երիտասարդ դասախոսներին հնարավորություն է տալիս մշակելու միջազգային ակադեմիական համագործակցություն, մասնակցելու ուսումնական ծրագրերի մշակմանը և ուսումնասիրելու այլընտրանքային ուսուցման մեթոդաբանությունները:
Կարծում եմ, որ սա Հայաստանի համար արժեքավոր ակադեմիական համագործակցության և գենդերային հետազոտությունների զարգացման սկիզբ է:
Մարի Ռաֆյան