- Գլխավոր
- Նորություններ
- ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբեր 04, 2019 | 16:38
Քաղաքականություն
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը «MINERVA» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-25-ն այցելել են Բելգիայի Լիեժի համալսարան՝ ծանոթանալու հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) լավագույն փորձին:
«MINERVA» (Strengthening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) (Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Erasmus+» ծրագրի շրջանակում:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի և Մոլդովայի բուհերում զարգացնել բաց գիտության (open science) իրականացմանն անհրաժեշտ պայմանները և հիմնական սկզբունքները: Այն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակում և բաց աղբյուրների հետ տարվող աշխատանք:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ «MINERVA» նախագծի արդյունքով պլանավորվում է մշակել կամ վերամշակել հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը, ինչը թույլ կտա պատրաստել գիտնականներ աշխատաշուկայի և հասարակության համար՝ դյուրացնելով նրանց կարիերայի առաջխաղացումը, հետագայում էլ գործնական դասընթացների միջոցով բարձրացնել նրանց կարողությունների մակարդակը:
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը փաստեց, որ յուրաքանչյուր կառույցում, հատկապես բուհերում մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը շատ կարևոր է. «Որպես վերջնարդյունք ակնկալվում է, որ ծրագրի ավարտին մենք նույնպես կարող ենք մշակել եվրոպական առաջատար բուհերին բնորոշ ռազմավարություն»:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը պարզաբանեց, որ հետազոտողների համար մարդկային ռեսուրսների համապատասխան ռազմավարության (HRS4R) մշակումը հնարավորություն կտա «Եվրաքսես» (Euraxess) հարթակում ճանաչելի և ըստ այդմ՝ հասանելի ու գրավիչ դառնալու տարբեր ինստիտուտների հետազոտողների համար:
«Ինչպես մեր այցելության ժամանակ ասաց Բելգիայի Լիեժի համալսարանի պրոֆեսորը, հետազոտողները կարող են գալ մեզ մոտ ոչ միայն բուն հետազոտական նպատակով, այլև նրա համար, որ, օրինակ, հավանում են այստեղի կլիման կամ մարդկային շփումները և այլն: Այսինքն՝ սա հետագայում խթանելու է հետազոտողների շարժունակության բարձրացումը»,- ասաց Իշխան Վարդանյանը:
Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ այցելության ժամանակ Լիեժի համալսարանի պրոֆեսոր Իզաբել Հալլոն (Isabelle Halleux) ներկայացրել է, թե ինչ գործընթաց պետք է իրականացվի «HRS4R» նշանը ստանալու համար, ինչպես նաև ծանոթացրել է այլ երկրների փորձին, որոնք ստացել են այդ նշանը. «Գործընթացը բավականին երկարատև է, որը ներառում է մի շարք բաղադրիչներ, այդ թվում՝ ինքնավերլուծություն: Այն նպատակները, որոնք մենք մեր առջև դրել ենք նախագծի շրջանակում, լիովին համապատասխանում են համալսարանի զարգացման տրամաբանությանը, որն ուղղված է նաև զարգացման ռազմավարական նոր ծրագրի մշակմանը»:
Անդրադառնալով բաց գիտության (open science) գաղափարին՝ Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ այն ենթադրում է գիտական աշխատանքների հասանելիություն և ըստ այդմ՝ մեծ պատասխանատվություն: Նրա փոխանցմամբ, գիտության հասանելիությունը նպաստելու է նաև բուհի միջազգայնացմանը, ինչպես նաև հետազոտողների հեղինակության բարձրացմանը և ստացված գիտական արդյունքների տարածմանը:
ԵՊՀ պրոռեկտորի խոսքով, բաց գիտության գաղափարը ձեռնտու է նաև գիտական հանրությանը. «Նախկինում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները տարածված չէին, և այս գաղափարը ներդրված չէր, հետազոտողները գրում էին գիտական աշխատանք, այն ուղարկում ամսագրերի խմբագրություն: Այնուհետև խմբագրական խորհուրդն աշխատում էր դրա վրա, հետո տպագրում: Ամսագրի հրապարակումից հետո այն դրվում էր վաճառքի, որի գնորդները կրկին գիտական տվյալ ոլորտի ներկայացուցիչներն էին, ինչի արդյունքում շահում էր միայն տպագրատունը: Իսկ այս դեպքում հնարավորություն է տրվում ավելի խելամիտ տնօրինելու ֆինանսական միջոցները»:
Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ նախագծի շրջանակում վաղը ԵՊՀ պատվիրակությունը մեկնելու է Վալենսիա՝ մանրամասն ծանոթանալու բաց գիտության (open science) հարթակի ստեղծման առանձնահատկություններին:
Քնար Միսակյան