- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ ՖՐԱՆՍԱԽՈՍ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայիս 21, 2019 | 13:22
Կրթություն
«ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ ՖՐԱՆՍԱԽՈՍ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը «ERASMUS+» ծրագրի շրջանակում այսօր հյուրընկալել էր Էքս-Մարսել համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի տնօրեն, դասախոս Մարկո Կապելինին:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի հրավերով ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնում Մարկո Կապելինին «Առցանց ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու նույն ամբիոնի և ԵՊՀ ֆրանսախոս դասախոսների համար:
Մարկո Կապելինին մեզ հետ զրույցում նշեց, որ դասընթացներն անցկացվելու են ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում փորձելու է դասախոսներին փոխանցել մանկավարժական նոր մոտեցումներ:
«Վերապատրաստման ընթացքում ես կխոսեմ սովորողի ինքնավարության մասին, ինչպես նաև կանդրադառնամ կրթության ոլորտում տարբեր ռեսուրսների օգտագործման կարևորությանը, կներկայացնեմ ինչպես ճիշտ օգտագործել համացանցում առկա ուսուցողական տարբեր կրթական ծրագրերը: Ես նաև դասախոսներին փորձելու եմ սովորեցնել, թե ինչպես նախապատրաստել այն ուսանողներին, որոնք ցանկանում են մեկնել Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու համար»,- ասաց նա:
Ըստ մասնագետի՝ կրթության ոլորտում մանկավարժները պետք է միշտ ընդլայնեն օգտագործվող ռեսուրսները, հատկապես նոր տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում:
Անդրադառնալով Ֆրանսիայի կրթական համակարգին՝ նա նշեց, որ միշտ էլ նորարարության և բարեփոխումների կարիք կա:
Խոսելով իր մասնագիտության ընտրության մասին՝ Մարկո Կապելինին ասաց, որ պաշտում է իր մասնագիտությունը, և հրաշալի է, որ նա վճարվում է երիտասարդներին կրթելու և հետազոտություններ իրականացնելու համար, ինչն անում է մեծ սիրով. «Այս ամենն ինձ շատ է գոհացնում»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան