- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԻՑ, ԱՅԼ ԸՆԴՈՒՆԻ ԴՐԱՆՔ ՈՒ ՓՈՐՁԻ ՇՏԿԵԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՐԻԱՆԱ ԲՈՑԻՆՅԱՆ
Մարտ 28, 2019 | 14:06
Կրթություն
«ՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԻՑ, ԱՅԼ ԸՆԴՈՒՆԻ ԴՐԱՆՔ ՈՒ ՓՈՐՁԻ ՇՏԿԵԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՐԻԱՆԱ ԲՈՑԻՆՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիանա Բոցինյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը:
ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
Մարիանան մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորությունների, հաջողությունների ու նպատակների մասին:
Այս մրցանակն ինձ տրվում էր երկրորդ անգամ, ինչն ինձ համար առավել պարտավորեցնող է։ Ի սկզբանե պետք է նշեմ, որ մասնագիտությունս իմ տարերքն է։
Ինձ համար բանասիրությունն անծայր տիեզերք է, թեև երբեմն խոսում են վերջինիս սահմանափակ լինելու մասին, քանի որ խորությամբ չեն տիրապետում։ Միայն կարող եմ շեշտել, որ ձանձրանալ հնարավոր չէ այն աշխարհում, որը միայն բանասերներին է հասանելի, իսկ այս դարի մարդու համար գերխնդիր է ձանձրույթը հաղթահարելը։
Մասնագիտության ընտրության հարցում սկզբնապես փոքր-ինչ տատանվում էի, սակայն առաջին օրվանից, երբ ոտք դրեցի ԵՊՀ, մասնավորապես՝ Հայ բանասիրության ֆակուլտետ, այլևս երբեք չմտածեցի այդ յուրօրինակ աշխարհից դուրս գալու մասին։
Իմ ֆակուլտետի դասախոսներից միշտ սեր ու ջերմություն են փոխանցվում, իսկ նրանցից ստացած գիտելիքներն ինձ ամեն վայրկյան ուղեկցում են: Տարիների ընթացքում նրանցից հավաքած գույները խտացրել եմ իմ ներսում, և այժմ ինքս դասավանդում եմ ու փորձում գույներ թողնել իմ ուսանողների մեջ։
Էությամբ հետաքրքրասեր և ակտիվ լինելով՝ ուսանողական առաջին իսկ տարվանից անդամակցել եմ ֆակուլտետային ուսանողական կառույցներին՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, ընդհուպ ՈՒՀԱ։ Երբ ինձ հարցնում են, թե իմ կյանքի ո՞ր օրերն են առանձնահատուկ, ես միանգամից հիշում եմ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի կազմակերպած յուրաքանչյուր միջոցառում և ցանկանում անվերջ պատմել դրանց մասին։ Ինձ համար չափազանց հետաքրքիր են եղել բանակումները, գիտաճանաչողական այցերը, օլիմպիադաները, գիտաժողովները և տարաբնույթ այլ միջոցառումներ, որոնց կազմակերպիչ եղել եմ նաև ինքս ՈՒԳԸ նախագահ եղած տարիներին։
Գիտությամբ զբաղվում եմ մեծագույն սիրով, և ինձ համար ձեռքբերումներ են իմ գիտական հոդվածները։ Առաջիկայում ցանկանում եմ տպագրել նաև պատմվածքների ժողովածու։
Ուսումնառության տարիներին հաղթել եմ տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում, սակայն անբացատրելի զգացում ունեցել եմ այն ժամանակ, երբ ճանաչվել եմ ԵՊՀ լավագույն ուսանող։
Համալսարանն ինձ համար անձնավորված է․ այն շնչում է, ծաղկում, գեղեցկանում, հոգ տանում իր յուրաքանչյուր մասնիկի նկատմամբ, իսկ ես հպարտության զգացում ունեմ թեկուզ միայն նրա համար, որ ԵՊՀ-ի մի մասնիկն եմ։
Ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու արժեհամակարգը։ Եթե ես կարողանայի աշխարհի բոլոր մարդկանց հետ մի քանի բառ փոխանակել, ապա նրանց անպայման կասեի, որ իրենք կարող են փոխել աշխարհը, ամեն մեկն իր ձևով, միայն թե չի կարելի դոփել, քանի որ դոփում են ունայնության մեջ, իսկ ունայնությունը չարիք է ծնում։
Կարևոր է նաև այն, որ մարդը չվախենա իր սխալներից, այլ ընդունի դրանք, փորձի շտկել և ամեն անգամ նպատակ ու երազանք պահելիս դուրս գա անձնական սահմաններից ու մտածի, որ ինքը պետք է ներդրում ունենա աշխարհի ընթացքի, ճշմարի՛տ ընթացքի մեջ։ Հակառակ դեպքում աննշան ու չնչին են մնում մարդկային կյանքեր, որոնք ժամանակի մեջ մոռացվող օրեր են դառնում։ Ինքս ունեմ նպատակների ուղի և առայժմ անխոտոր շարժվում եմ այդ ուղով։
Իմ հաջողության գրավականն այն է, որ երբ զգում եմ, որ ինչ-որ բան պակաս է կամ սխալ, փորձում եմ լրացնել կամ շտկել նախ իմ ներսում, ապա՝ շրջապատող աշխարհում։
Ես բնությունը համարում եմ կատարյալ, միշտ ձգտում եմ սովորել նրանից և պահպանել այն, իսկ բարությունն ամենակարևոր արժեքն էինձ համար. երբ բարիք ես գործում, ավելի ապահով ու հանգիստ ես լինում, իսկ բնության մեջ ոչինչ անպատասխան չի մնում։
Երազանքներիցս մեկը լիակատար երջանիկ մարդու հանդիպելն է, նրա ճանապարհը գծելը և տարածելը։
Ուսանողական տարիներիս ինձ համար խնդիր է եղել ծուլությունը, քանի որ նրա վրա ամեն ինչ բարդել հնարավոր է։
Կարծում եմ՝ նպատակասլաց մարդը խնդիրների հետ ճիշտ վարվել գիտի։
Իմ կյանքի կարգախոսն է. «Չխեղդվել կենցաղի մեջ, զգալ արևը և ամեն օր ապրել նոր օր՝ մյուս օրերից տարբերվող»։
Նադեժդա Տեր-Աբրահամյան