- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Մայիս 14, 2019 | 20:24
Քաղաքականություն
ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվեց համալսարանի կառուցվածքային փոփոխությունների իրականացման առաջարկությունը: Հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, այդ փոփոխությունների նպատակը վարչական գործընթացի արդյունավետության բարձրացումն է, որն առաջին հերթին կնպաստի ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնող ստորաբաժանումների ինքնուրույնության բարձրացմանը:
Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ոչ թե հաստիքների կրճատում, այլ գործընթացի օպտիմալացում, որի արդյունքում ճշգրտվելու և հարկ եղած դեպքում փոփոխման են ենթարկվելու գործառութային տարանջատումները:
Փոփոխությունների իրականացումը նախատեսվում է սկսել հենց վերին օղակներից՝ սկզբում ճշգրտելով պրոռեկտորների գործառութային տարանջատումները, որից հետո էլ հստակորեն խոսել կառուցվածքային փոփոխությունների մասին:
Այս համատեքստում մասնավորապես առաջարկվում է տարանջատել հումանիտար և հասարակական գիտությունների գծով պրոռեկտոր, ճշգրիտ և բնական գիտությունների գծով պրոռեկտոր, միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր և ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: Տարանջատման հիմքում այն հիմնավորումն է, որ հումանիտար և հասարակական, ինչպես նաև ճշգրիտ և բնական գիտությունների ուղղությամբ իրականացվող կրթությունը չի կարող լինել նույնական:
«Օրինակ՝ գիտեք, որ այժմ միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը պատասխանատու է նաև գիտական քաղաքականության համար: Սակայն, մեր համոզմամբ, պետք է տարանջատել այդ գործառույթները, քանի որ միջազգային համագործակցությունը ներառում է և՛ կրթական, և՛ գիտական ծրագրերի իրականացման բաղադրիչներ, այդ թվում նաև՝ առանձին դրամաշնորհներ: Իսկ դա նշանակում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն առավել արագ ու արդյունավետ պետք է իրականացվեն: Հետևաբար գործառույթների տարանջատումը կարող է լավ լուծում դառնալ»,- պարզաբանեց Վահե Հովհաննիսյանը:
Առաջարկվում է ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորի գործառույթների մեջ ներառել ինչպես տնտեսության հետ կապված հարցերի կարգավորումները, այնպես էլ վարչական աշխատանքների կազմակերպման հարցերը, որոնք վերաբերում են գնումների իրականացմանը, իրավական սպասարկմանը, կադրերի հետ աշխատանքներին և այլն:
Այս համատեքստում նախատեսվում է նաև գործառութային առումով տարանջատել ֆինանսներն ու հաշվապահությունը, քանի որ նշվածներն առանձին գործառույթներ են, բայց ԵՊՀ-ում դրանք մեկտեղված են, ինչը, մասնագետների հավաստմամբ, կորպորատիվ կառավարման տեսանկյունից ճիշտ չէ, դրանք նույնիսկ պետք է հակադրվեն իրար:
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներին առաջիկայում առավել մանրամասնորեն կներկայացվի այն մոդելը, որը կլինի փոփոխությունների մասին առաջարկների և քննարկումների վերջնարդյունքը: Նա հիշեցրեց, որ կառուցվածքային փոփոխությունը վերջնականորեն պետք է հաստատվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրաձայնեցին այն մտահոգությունը, թե կարող է արդյոք հումանիտար և հասարակական գիտությունների գծով ու ճշգրիտ և բնական գիտությունների գծով պրոռեկտորների տարանջատումն առաջացնել երկակի ենթակայության տակ գտնվող վարչություններ և բաժիններ, ինչին ի պատասխան՝ պարզաբանվեց, որ փոփոխության արդյունքում ավելանալու է դրանց ինքնուրույնության աստիճանը, իսկ կառավարման մոդելն ավելի ճկուն է դառնալու:
Այս հարցի վերաբերյալ հնչեց դիտարկում, թե տարանջատումը գուցե հասարակության շրջանում ձևավորի որոշակի դիրքորոշում, թե ԵՊՀ-ն իրականացնում է երկու տեսակի կրթության տրամադրում, մասնավորապես կարծիք ձևավորվի, թե համալսարանում առավել զարգացած է հումանիտար կամ բնագիտական ուղղությունը: Այս հարցի վերաբերյալ էլ պարզաբանվեց, որ տարանջատման դեպքում ոչ թե այդ ուղղությունները պետք է մրցեն միմյանց հետ, այլ մյուս բուհերի տվյալ ուղղությունների հետ:
Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախատեսվում է նաև իրականացնել որոշակի բաժինների միասնականացում: Այս պահին քննարկվում է մասնավորապես Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միասնականացման հարցը, բայց դա չի նշանակում, թե քննարկման հիմքում հաստիքների կրճատման հարցն է:
Նիստի ընթացքում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց կրթական ծրագրի կառուցվածքի, բովանդակության և ուսումնական գործընթացի կազմակերպման վերափոխումների վերաբերյալ առաջարկություններ, որոնք, նրա փաստմամբ, դեռևս գաղափարներ են և առաջիկայում քննարկվելու են բոլոր ֆակուլտետներում:
Մասնավորապես նա նշեց, որ առաջարկվում է թեթևացնել ուսանողի լսարանային բեռնվածությունը՝ բակալավրիատի բոլոր կուրսերի համար առավելագույն լսարանային շաբաթական բեռնվածություն սահմանելով 16 ժամը, մագիստրատուրայի համար՝ 10 ժամը, ինչպես նաև մոդուլավորելով ծրագրերի կառուցվածքը: Ըստ նրա՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովելու հետազոտահեն կրթություն:
Մենուա Սողոմոնյանի տեղեկացմամբ, առաջարկվում է մասնագիտական կառուցամասի դասընթացները մոդուլավորել՝ ըստ մասնագիտացումների. «Մենք կարող ենք վերասահմանել բազային մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլների բաղադրիչները՝ կազմելով նոր մոդել, որը կներառի մեկ ընդհանուր ընդգրկմամբ դասախոսություն և թեմատիկայի վերաբերյալ մի քանի ուղղություններով գործնական պարապմունքներ»:
Պրոռեկտորն առաջարկում է նաև բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքում որպես պարտադիր կառուցամասեր սահմանել ընդհանուր կառուցամասը, մասնագիտական կառուցամասը, հետազոտական կառուցամասը և հարակից մասնագիտական կառուցամասը, որը կլինի ընդհանուր կրեդիտատարության 20 տոկոսի չափով. «Մենք պետք է ուսանողներին սովորեցնենք ինչպես հետազոտել՝ ծանոթացնելով համապատասխան մեթոդներին ու զարգացնելով անհրաժեշտ հմտությունները: Իսկ ինչ վերաբերում է հարակից մասնագիտական կառուցամասին, կարծում եմ, որ մենք պետք է ուսանողին հնարավորություն տանք, որ նա ինքնուրույն ընտրի, թե հարակից ինչ դասընթացների է ցանկանում մասնակցել»:
Նիստի ընթացքում քննարկվեց նաև այն առաջարկությունը, որի համաձայն՝ նախատեսվում է օտար լեզուները կենտրոնացված ձևով դասավանդելու փոխարեն՝ դրանք դուրս թողնել կրթական ծրագրերի ընդհանուր կառուցամասից և կազմակերպել լեզվի իմացության տարբեր մակարդակների համար նախատեսված դասընթացներ. «Ուսանողը կանցնի թեստավորում, որի արդյունքում կորոշվի նրա իմացության մակարդակը, ու ըստ այդմ՝ նա կմասնակցի համապատասխան դասընթացին»:
Հնչած բոլոր առաջարկությունների վերաբերյալ հանձնաժողովի անդամները հայտնեցին իրենց տեսակետները, դիրքորոշումներն ու մտահոգությունները, քննարկեցին հնարավոր վտանգները և հանդես եկան նոր առաջարկություններով:
Քնար Միսակյան