- Գլխավոր
- Նորություններ
- «ԽԵԼԱՑԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» ՄՈՒՏՔԸ ԵՊՀ
Փետրվար 27, 2019 | 17:45
Գիտություն
«ԽԵԼԱՑԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» ՄՈՒՏՔԸ ԵՊՀ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ «Blocklab» ծրագրի շրջանակում այսօր անցկացրին հանդիպում-վեբինար:
«Blocklab» ծրագիրը բլոքչեյն տեխնոլոգիաների ստարտափների ինկուբատոր է, որի առաջին փուլի ժամանակ «Բլոքչեյն» տեխնոլոգիաների մասնագետ Փիթեր Միկկելսենը պատմեց բլոքչեյն տեխնոլոգիաների և խելացի պայմանագրերի մասին։
«Եթե մենք փորձենք միմյանց հետ համեմատել խելացի պայմանագրերն ու արհեստական ինտելեկտը, ապա պետք է փաստենք, որ խելացի պայմանագրերի դեպքում համապատասխան ալգորիթմներ ստեղծելու հնարավորություններն ավելի մեծ են, բացի դրանից՝ տվյալների պահպանման անվտանգությունը նույնպես բարձր մակարդակի վրա է»,- ասաց Փիթեր Միկկելսենը:
Անդրադառնալով տվյալների կուտակման առավել անվտանգ մեթոդներին՝ Փիթեր Միկկելսենը նշեց, որ վերջիններս միջնորդի գործառույթ ունեցող համակարգեր են:
Երբ այդ անվտանգ մեթոդների և խելացի պայմանագրերի միացման գործընթացը ճիշտ է իրականացվում, այն հնարավորություն է տալիս նաև գումար վաստակել:
Վեբինարի երկրորդ մասում մասնակիցները թիմերի բաժանվեցին և քննարկում ծավալեցին: Այնուհետև ընտրվեցին լավագույն թիմերը, որոնք հետագայում հնարավորություն են ունենալու «Blocklab»-ի անդամ դառնալ:
Հաղթող թիմերի անդամները հնարավորություն կստանան երեք ամիս շարունակ աշխատելու լավագույն մասնագետների հետ, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և իրականացնելու իրենց թե՛բիզնես, թե՛ տեխնոլոգիական նպատակները։
Հաջողակ ստարտափերը մասնակցելու են «Մայքրոսոֆթ ինովացիոն» կենտրոնի կողմից իրականացվող «Դեմո Օր» ծրագրին:
Հանդիպում-վեբինարի վերջում կապ հաստատվեց նաև ընկերության նյույորքյան մասնաճյուղի ներկայացուցիչների հետ, որոնք փոխանցեցին խելացի պայմանագրերի մասին ունեցած իրենց տեղեկատվությունը և փորձը:
Անի Պողոսյան